Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2014 թվականի ամփոփիչ նիստը
Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Օրակարգի համաձայն՝ քաղաքապետարանի պատասխանատու վարչությունների և բաժինների պետերը զեկուցել են 2014 թվականին հատուկ կարիքներով մարդկանց համար իրականացված ծրագրերի մասին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սոցիալական,կրթական, առողջապահական և այլ ուղղվածության բոլոր ծրագրերում առաջնահերթության կարգով ներառվել են հատուկ կարիքներով անձինք և նրանց ընտանիքները, ցուցաբերվել է նյութական, պարենային և այլ տեսակի աջակցություն:
Կարևորագույն բաղադրիչներից է մայրաքաղաքի փողոցներն ու հասարակական նշանակության վայրերը թեքահարթակներով կահավորելու ծրագիրը: Այս տարի համայնքային բյուջեից կրկնապատկվել է գլխավոր ու երկրորդական փողոցներում թեքահարթակների կառուցման համար հատկացված գումարը`կազմելով 40 միլիոն դրամ: Ըստ այդմ, կառուցվել է 671 թեքահարթակ, որոնց գրեթե կեսը` հիմնանորոգված 25 փողոցներում: Շուրջ 300 թեքահարթակ էլ քաղաքապետարանի նախագծերով տեղադրել են մասնավոր ընկերությունները: Տարվա ընթացքում բազմաթիվ նախաձեռնություններ ու ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրեր են կյանքի կոչվել ներառական կրթություն իրականացնող քաղաքապետարանի ենթակայության թվով 44 դպրոցներում:
Կազմակերպվել են նաև մշակութային տարաբնույթ միջոցառումներ: Հաշմանդամներին ուղղված սոցիալական կարևորոգույն նախաձեռնություններից էր Երևանի ավագանու որոշմամբ հաշմանդամների ու նրանց հավասարեցված անձանց ավտոկայանատեղիների տեղական տուրքերի վճարումից ազատելը: Դրան զուգահեռ, ավտոկայանատեղիներում տարածքներ են առանձնացվել հաշմանդամների տրանսպորտային միջոցների կայանման համար: Բացի այդ, մինչև տարեվերջ հատուկ վերելակներ կտեղադրվեն տարբեր երթուղիների թվով 10 ավտոբուսներում, ևս 10-ը`հաջորդ տարի: Թվով 37 ավտոբուսներում էլ կտեղադրվեն կանգառների ազդարարման GPS համակարգեր:
ՀՀ ոստիկանության կողմից հետիոտնային բազմաթիվ անցումներ համալրվել են լուսացուցային անցումների ազդանշանային սարքավորումներով: Հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները նշել են, որ վերջին տարիներին համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ շատ արդյունավետ է, ինչի վկայությունը կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերն են: ՀԿ-ների ղեկավարները հանդես են եկել նաև նոր առաջարկներով, որոնք հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից ընդունվել են ի գիտություն: Հիմք ընդունելով հաշվետվություն-զեկույցները՝ հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշել է, որ տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները կատարվել են 100 տոկոսով:
Կամո Արեյանը Երևանի քաղաքապետի անունից վստահեցրել է, որ 2015 թվականին ևս կշարունակվեն և կընդլայնվեն վերը նշված բոլոր ծրագրերը: Հիշեցնենք նաև, որ քաղաքաշինական նոր ծրագրերը հաստատվում են միայն այն դեպքում, երբ դրանցում պահպանված է լինում հաշմանդամների ազատ տեղաշարժի ապահովման սահմանված նորմերը: