Հայերեն   English   Русский  

​Ներդրումների պատճառով էլետրաէներգիան չի թանկանա


  
դիտումներ: 3166

Հարցազրույց «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, «Տաշիր» խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանի հետ:

- Պարո՛ն Դարբինյան, «Տաշիր» խումբը 2015 թ. «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ից ՀԷՑ-ն ընդունել է 13.3% կորստի մակարդակով, սակայն 3 ամսվա ընթացքում կորուստները դարձել են 11.3%: Դուք հայտարարեցիք, որ 2016 թվականը փակել եք 9.9% կորստով, իսկ 2017 թ. ունենք 8.7% էլեկտրաէներգիայի կորուստ: Որքա՞ն կնվազեն կորուստներն առաջիկա տարիներին:

- Բոլորին հայտնի է, թե ինչ վիճակում ենք ընդունել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը 2015 թ. վերջին: Սնանկացման եզրին հայտնված ընկերություն, հասարակության ընդվզում՝ «Էլեկտրիկ Երևան» շարժում սակագների չհիմնավորված բարձրացման դեմ, 2012 թ. գրանցած 21,2 մլն դոլարի վնաս, 2013 թ.՝ 20,6 մլն դոլարի և 2014 թ.՝ 22,2 մլն դոլարի վնաս: Այսպիսի ցուցանիշներ էր գրանցել ընկերությունը վերջին տարիներին: Բանկային համակարգի արձագանքն էլ համապատասխան էր. չափազանց բարձր՝ միջինը 12% տոկոսադրույքներով ներգրավված վարկեր, որոնց սպասարկումն արդեն բավական բարդ էր դարձել:

«Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկվելուց հետո ՀԷՑ-ը լիովին նոր մոտեցումների ու ռազմավարական քայլերի կարիք ուներ: Առաջին հերթին վերակառուցեցինք ընկերության վարկային պորտֆելը: Այսօր վարկերի սպասարկման միջին տոկոսադրույքը 4,6% է:

- ՀԵՑ-ը գնելուց հետո ինչքանո՞վ են բացահայտ դարձել էլեկտրաէներգիայի կորուստները:

- 2015 թ. մինչ օրս էլեկտրաէներգիայի կորուստները նվազել են ավելի քան 4%-ով, ինչը տարեկան կտրվածքով մոտ 17,9 մլն դոլարի տնտեսում է ապահովում: Սա կոռուպցիոն ռիսկերի նվազման ամենացայտուն ցուցանիշն է: Եթե 2013 թ. դրանք կազմում էին 13,3 %, ապա 2017 թ. առաջին կիսամյակի արդյունքներով՝ արդեն 8,7 %: Այս թվի մեջ մեծ բաժին ունի զուտ աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը: Սկսեցինք կիրառել պատժիչ միջոցներ, փոխվեց աշխատանքի խրախուսման մեխանիզմը: Նոր կանոնակարգի համաձայն՝ մասնաճյուղին հատկացվում է որոշակի բյուջե, և մասնաճյուղն իր հայեցողությամբ է որոշում իրացման բլոկի աշխատակիցների խրախուսման (կամ հակառակը) հարցը:

Ձերբազատվել ենք ժամկետանց բոլոր պարտավորություններից թե՛ էլեկտրաէներգիայի արտադրության, թե՛ այլ ծառայությունների մասով:

- Տարեվերջյան ասուլիսում հայտարարեցիք, որ ՀԷՑ-ը պատրաստվում է առաջիկա տարիներին լուրջ ներդրումներ կատարել էներգետիկ ոլորտում: Խոսքը շուրջ 1 մլրդ դոլարի մասին էր: Ո՞ր ուղղություններով են կատարվելու ներդրումները և ի՞նչ փուլերով:

- Ներդրումային ծրագիրը ներառում է երեք ուղղություն՝ ներդրումներ բաշխիչ ցանցերում, այլընտրանքային էներգետիկայի, ինչպես նաև հիդրոէներգետիկայի բնագավառներում: Մշակել և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն ենք ներկայացրել առաջիկա 10 տարիների համար ավելի քան 700 մլն դոլար արժողության ներդրումային ծրագիր: Այն ուղղված է ընկերության ֆիզիկապես ու բարոյապես մաշված ենթակառուցվածքների արդիականացմանը, ընկերության հաշվեկշռում գտնվող ենթակայանների, օդային ցանցի վերակառուցմանը, էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման ԱՍԿՈՒԷ համակարգի ընդլայնմանը։ Վերջին ուղղությունը ծրագրի հսկայական մասն է կազմում. համակարգի ներդրումից հետո պարտավորություն ենք ստանձնել 2028 թ. ունենալ եվրոպական ամենազարգացած երկրների պայմաններին բնորոշ ոչ ավելի, քան 6,4% կորուստների մակարդակ: Կկրճատվեն հոսանքազրկումների հաճախականությունը, լարման շեղումները, կլուծվեն էլեկտրամատակարարման որակի հետ կապված մի շարք հարցեր: Արդյունքում կունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան ժամանակակից սարքավորումներով համալրված բաշխիչ ցանց:

- Ո՞ր ուղղություններն են դիտարկվելու առաջնահերթ:

- Մշակել ենք ընկերության ռազմավարական զարգացման պլան, որում նշված են այն հիմնական ուղղությունները, որոնց վրա աշխատելու ենք առաջիկա տարիներին: Դրանով նախատեսվում է կորպորատիվ կառավարման համակարգի բարելավում, տեղեկատվական համակարգի ավտոմատացում, բաժանորդների բավարարվածության մակարդակի բարձրացում, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության իրականացում և այլն:

Ինտենսիվորեն զբաղվում ենք նաև կառավարման միջազգային ստանդարտների ներդրման աշխատանքներով։ 2017 թվականին ներդրվել է ISO 9001 ստանդարտը։ Եվս 4 կարևոր ISO ստանդարտ կներդրվի 2018 թվականի ընթացքում:

- Պարո՛ն Դարբինյան, սպառողների շրջանում անհանգստություն է առաջանում, արդյոք կատարվելիք ներդրումները չե՞ն հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնային փոփոխության, չե՞ն լինի թանկացումներ:

- Ներդրումային ծրագրերը կազմելիս առաջնորդվել ենք հետևյալ սկզբունքով. ներդրումներ կատարել առանց սակագնային բեռի ավելացման: Այս պարտադիր պահանջը դրել է պրն. Կարապետյանը, որին հետևել ենք մեր նախաձեռնությունների ընթացքում. ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում առաջատար միջազգային ընկերությունների հետ համագործակցությամբ, երկարաժամկետ վարկերի ներգրավում՝ առանց պետական երաշխիքի, էկոլոգիական և սոցիալական խնդիրների լուծումներ, նոր աշխատատեղերի ստեղծում, իսկ դա ենթադրում է, որ «Տաշիր» ընկերության արտադրության մոտ 80%-ը կազմակերպվելու է հենց Հայաստանի տարածքում: Մոտ 2500 նոր աշխատատեղերի ստեղծման մասին է խոսքը:

- Ինչքան գիտեմ, Շնողի հիդրոէլեկտրակայանի կառուցումը ևս առաջիկա պլանների մեջ է, ի՞նչ էներգետիկ էֆեկտ է ունենալու:

- Հիդրոէներգետիկայի ոլորտում կարևորագույն ներդրումը Շնողի հիդրոէլեկտրակայանի կառուցումն է:

Դեռևս 1970 թ. մշակված և 1998 թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարական նշանակության այս ծրագիրը ներդրումների բացակայության պատճառով մինչ օրս չի իրականացվել: «Տաշիր» ընկերությունների խումբն այսօր լիովին նոր մոտեցումներ ու տեխնոլոգիական լուծումներ է առաջարկել: Նախատեսվում է կառուցել հիդրոէլեկտրակայան Դեբեդ գետի (Հայաստանի Լոռու մարզ) հյուսիսային մասում: Այն հնարավորություն կտա նախկինում պլանավորված 76 ՄՎտ-ի փոխարեն ստանալու մոտ 120 ՄՎտ հզորությամբ կայան՝ էլեկտրաէներգիայի տարեկան մինչև 460 մլն կՎտ/ժ արտադրողականությամբ՝ ապահովելով Հայաստանում ընդհանուր սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 5-6%-ը: Նախագծի ընդհանուր բյուջեն կկազմի մինչև 200 մլն ԱՄՆ դոլար:

Ծրագրում մասնակցություն կունենան նաև ամերիկյան «Ռոբբինս» ընկերությունը և Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիան։

Նախապատրաստական աշխատանքների ամփոփումից հետո Շնողի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները կավարտվեն 4 տարվա ընթացքում:

Մեր հաջորդ ծրագիրն ուղղված է կենցաղային թափոններից էլեկտրաէներգիայի ստացմանը: Կայանը կունենա 10 ՄՎտ հզորություն և տարեկան կարտադրի շուրջ 80 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա և կհամապատասխանի բնապահպանական ժամանակակից միջազգային ստանդարտներին, կառուցման ժամանակ կկիրառվեն արդիական տեխնոլոգիաներ:

Կայանի շինարարությունը (մեկնարկից հետո) կտևի մեկ տարի։ Անհրաժեշտ ներդրումների ծավալը կկազմի շուրջ 65 մլն ԱՄՆ դոլար։

Առաջիկա տարիներին շուրջ 900 մլն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանի բաշխիչ ցանցերում էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի վերակառուցման և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման համակարգի ներդրմանը: Չնայած առկա ֆինանսատնտեսական էական հաջողություններին՝ ընկերության հիմնական միջոցները 85% և ավելի մաշվածություն ունեն, դրա հետևանքով էլեկտրամատակարարման որակական ցուցանիշները ծայրահեղ շեղված են և բարելավման կարիք ունեն: Ծրագրի իրագործումից հետո ցանցերը կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին:

Լ.Ն.





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: