Հայերեն   English   Русский  

Ղրիմը «ռուսաֆիկացվեց»


  
դիտումներ: 1640

Ռուսների ազգային արժանապատվությունն ու ինքնագիտակցությունը բորբոքող միջոցներն այնքան էլ շատ չեն: Ու այդ քիչ միջոցներից մեկն էլ «նացիզմ» բառն է, որ հունից հանում է նրանց:

Նացիզմը ռուսներն ընկալում են որպես իրենց գոյությանը սպառնացող երևույթ: Ու եթե մի պահ մի կողմ դնենք տարբեր պայծառատեսների դեռևս 5 տարի արած գուշակությունները, թե Ուկրաինան պետք է բաժանվի երեք մասի, մի կողմ դնենք անգամ ռուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, թե Ուկրաինայի մասնատման ծրագիրը Ռուսաստանում մշակվել է դեռևս 6 տարի առաջ, միայն այն հանգամանքը, որ Կիևում փաստացի իշխանությունը նեոնացիստներին` բենդերներին անցավ, այն էլ սուր հակառուսական դրսևորումներով, ապա միանգամայն սպասելի էին այն գործընթացները, որ սկսվեցին ու դեռ կընթանան Ուկրաինայում ու նրան առնչվող երկրներում:

Ղրիմի հանրաքվեն ռուսների համար լեգիտիմ է, Արևմուտքի համար` անընդունելի

Բայց Ուկրաինայում, բացի ռուսների համար ազգային դեպրեսիա առաջացնող նեոնացիստներից, այլ մարտահրավեր-վտանգներ էլ էին ստեղծվել: Արևմուտքն ու նրա ռազմական կցորդը` ՆԱՏՕ-ն, Ռուսաստանի սահմաններին օրըստօրե մոտենալու փորձեր էին անում: Այս մասին բաց տեքստով մարտի 18-ին հայտարարեց նաև Վլադիմիր Պուտինը` նշելով, թե Արևմուտքը միշտ որդեգրել է այն գործելաոճը, որ Ռուսաստանին կանգնեցրել է արդեն իսկ կատարված փաստի առջև` ՆԱՏՕ-ի հենակետերը մոտեցնելով ռուսական սահմաններին ու հայտարարելով, թե դրանք Ռուսաստանի դեմ չեն: Եվ այդ խորապատկերում Ռուսաստանին պետք էր աշխարհաքաղաքական հենակետեր գրավելու և պահպանելու նկատառումներով ամրապնդել իր դիրքերը Ղրիմում:

Եվ ահա մարտի 16-ին Ղրիմում ու Սևաստոպոլում անցկացվեց հանրաքվե, որով Ղրիմի ու Սևաստոպոլի ազգաբնակչությունը վճռեց մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ: Ղրիմում հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 96,77%-ը, իսկ Սևաստոպոլում` 95,6%-ը քվեարկեց Ռուսաստանին միանալու օգտին: Միջազգային դիտորդներն էլ որևէ լուրջ խախտում չարձանագրեցին: Հաջորդ օրն էլ` մարտի 17-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ղրիմի Հանրապետության ճանաչման մասին» հրաման ստորագրեց, որով այն ճանաչվեց անկախ պետություն:

«Հաշվի առնելով Ղրիմի ժողովրդի կամքը համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որը տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 16-ին, Ղրիմի Հանրապետությունը ճանաչել որպես անկախ և ինքնիշխան պետություն»,- նշված է հրամանագրում. Հրամանն ուժի մեջ մտավ դրա ստորագրման պահից:
Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունեցավ այս կապակցությամբ, որից հետո Ռուսաստանը և Ղրիմը ստորագրեցին Ղրիմն ու Աևաստոպոլը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին պայմանագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի Պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը, Ղրիմի Հանրապետության վարչապետ Սերգեյ Աքսեոնովը և Սևաստոպոլի քաղաքապետ Ալեքսեյ Չալին:

«Ղրիմի Ռուսաստանի կազմ մտնելու պահից Ուկրաինայի քաղաքացիներն ու առանց քաղաքացիության անձինք, որոնք այսօրվա դրությամբ Ղրիմի Հանրապետությունում մշտական բնակություն ունեն, հայտարարվում են ՌԴ քաղաքացիներ»,- այս խոսքերով էր սկսվում ստորագրված պայմանագիրը:

Ամերիկյան ԶԼՄ-ները` CNN-ը, BBC-ն, թեկուզ մերժողական կեցվածքով, անվանեցին այն «դարի ստորագրություն»:

Պուտինը դիմեց Ռուսաստանի Դաշնային խորհրդին Ղրիմը և Սևաստոպոլը ՌԴ կազմում ընդգրկելու խնդրանքով: Նա նշեց, որ այսօր խորհրդարանին է ներկայացնում Ղրիմը և Սևաստոպոլը ՌԴ կազմում ընդգրկելու մասին օրինագիծը և կդիմի Ռուսաստանի սահմանադրական դատարան` այդ պայմանագրի սահմանադրականությանը գնահատական տալու համար:

Աշխարհաքաղաքական հարթակներում Ռուսաստանի նկատմամբ «վհուկների որսն», ամեն դեպքում, սկսված է: Ղրիմում կայացած հանրաքվեին առաջինը, ինչպես և սպասելի էր, արձագանքեց Սպիտակ տունը` հրաժարվելով ընդունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները և կրկին պատժամիջոցներով սպառնաց ՌԴ-ին` Ղրիմ զորք մտցնելու դեպքում: «Անցել են այն օրերը, երբ միջազգային հանրությունը հետևում է` ինչպես է մեկ կողմը բռնությամբ գրավում մեկ այլ կողմի տարածքը»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին: Ու հենց նույն օրը նախագահ Բարաք Օբաման ստորագրեց մի շարք ռուս բարձրաստիճան պաշտոնյաների սեփականությունն արգելափակելու մասին հրամանագիր: Ըստ հրամանագրի` կարգելափակվի դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի, Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի սեփականությունը:

Հանրաքվեի հաջորդ օրը պարզ դարձավ, որ ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան նույնպես չեն ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյունքները: «Ղրիմում կայացած հանրաքվեն անօրինական է, և ԵՄ-ն չի ճանաչում դրա արդյունքները»,- նշված է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզոի և Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի համատեղ հայտարարությունում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նույնպես անդրադարձել է հանրաքվեին՝ հայտարարելով, որ Բրիտանիան չի ընդունում հանրաքվեն և դրա արդյունքները: «Մենք կոչ ենք անում ՌԴ-ին երկխոսություն սկսել Ուկրաինայի հետ և լուծել խնդիրը միջազգային օրենսդրության շրջանակներում»,- ասել է նա: Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը նույնպես հրաժարվել է ընդունել հանրաքվեի արդյունքները: Կանադան համարում է այն ոչ լեգիտիմ և իրավական ուժ չունեցող: Ճապոնիան էլ, չճանաչելով հանրաքվեի արդյունքները, կոչ արեց Ռուսաստանին «ուկրաինական շրջանի անեքսիա» չիրականացնել:

Իսկ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը հայտարարեց արևմտյան երկրների մեծ ութնյակին Ռուսաստանի անդամակցության դադարեցման վերաբերյալ որոշման մասին: «Այսօր երեկոյան բոլոր 7 խոշոր պետությունները կհավաքվեն միասին, սակայն առանց Ռուսաստանի»,- հավելել է նա: Միաժամանակ, ըստ նախարարի, ՌԴ նախագահ Պուտինին արված հունիսի 6-ին Ֆրանսիա այցելելու հրավերը մնում է ուժի մեջ:

Ռուսական արջը զարթնեց

Արևմուտքի պատժամիջոցներին, սակայն, հումորով են վերաբերվում Ռուսաստանում: Պետդումայի պատգամավորները համատեղ հայտարարություն են ընդունել, որում խնդրում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և ԵՄ-ին մարտի 17-ին ընդունած պատժամիջոցներն իրենց բոլորի վրա տարածել: Փաստաթղթի օգտին քվեարկել է 353 պատգամավոր: «Մարտի 17-ին հերթական անգամ ԱՄՆ պետդեպարտամենտը, Օբաման ու ԵՄ-ն ոզնի վախեցնելու անհեթեթ քայլ են ձեռնարկել …»,- ասել է Պետդումայի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների գործերով հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Մարկելովը:

Ակնհայտ էր, որ ուկրաինական կողմը, ավելի ճիշտ` Կիևի նորընծա ղեկավարները չէին համակերպվելու Ղրիմը կորցնելու մտքի հետ: Եվ, բնականաբար, քննարկել են նաև Ղրիմը զենքի ուժով Ուկրաինայի կազմում պահելու հարցը: Մարտի 14-ին լրատվամիջոցները, վկայակոչելով The Wall Street Journal-ը, նշեցին, որ Կիևը վերջերս Վաշինգտոնին խնդրել էր օգնություն ցույց տալ ուկրաինական զինված ուժերին, մասնավորապես՝ տրամադրել զենք-զինամթերք, ինչպես նաև կապի միջոցներ, ավիացիոն վառելիք: Բացի այդ, Ուկրաինան ցանկանում էր, որ ԱՄՆ-ն նաև հետախուզական տեղեկություններ տրամադրեր: Սակայն ԱՄՆ իշխանությունները մերժել են Ուկրաինայի նոր իշխանությունների՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքը:

Ատամ ցույց տալու մի քայլ էլ Ուկրաինայի կողմից տանկերն ու զրահամեքենաները ռուսական սահմանին մոտեցնելն ու Ուկրաինայում զորահավաք անցկացնելն էր: Հանրաքվեից մեկ օր անց Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հրաման ստորագրեց, որով Ուկրաինայում ռազմական դրություն ու երկրի ողջ տարածքում մասնակի զորահավաք հայտարարվեց:

Բայց դե ատամ ցույց տալը մի բան է, կծելը` այլ բան: Ու արդեն մարտի 18-ին Տուրչինովը, դիմելով ուկրաինացիներին, նշեց, որ Ուկրաինայի իշխանությունները կանեն հնարավորը Ռուսաստանի հետ կոնֆլիկտը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, սակայն ուկրաինական պետության համար պատերազմի վտանգն իրական է: Նա ընդգծել է, որ Կիևը պատրաստ է Ղրիմի ապագայի վերաբերյալ բանակցություններին, սակայն երբեք չի հաշտվի Ղրիմի անեքսիայի հետ:
Ռազմական ամբիցիաների խաղաղմանը զուգահեռ, իրավիճակն ու իրերի իրական դասավորությունը վերլուծելով` արդեն մարտի 18-ին Ուկրաինան հանդես եկավ, մեղմ ասած, զառանցանքի ժանրի նախաձեռնությամբ. Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանից պահանջել ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները՝ 80 մլրդ դոլար: Այդ մասին հայտարարեց երկրի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:

Պուտինն իր ուղերձում հայտարարեց, որ Ղրիմը մարդկանց սրտերում եղել և մնում է Ռուսաստանի անբաժան մաս, ո՛չ ժամանակը, ո՛չ էլ հանգամանքները չեն կարող պայքարել այդ համոզմունքի դեմ: ՌԴ նախագահը հայտարարեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ղրիմն Ուկրաինայի կազմում թողնելը հավասարազոր էր թալանի: «Դեռ այն ժամանակ Ռուսաստանը զգաց, որ իրեն ոչ միայն վիրավորել են, այլև թալանել»,- ասել է նա:

ՌԴ նախագահն ընդգծեց, որ Ղրիմը կարող է լինել բոլորի տունը` և՛ ուկրաինացիների, և՛ թաթարների, և՛ ռուսների, բայց երբեք չի կարող լինել բենդերականներինը, և այդ ճակատագրից այսօր Ղրիմին կարող է փրկել միայն Ռուսաստանը:

«Արևմտյան ինչ-որ գործիչներ ինձ հորդորում էին մինչև Ղրիմի մասին վերջնական որոշում ընդունելը բանակցել ուկրաինական նոր իշխանությունների հետ: Ուզում եմ նրանց տեղեկացնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սովոր է բանակցել միայն լեգիտիմ` ոչ ինքնահռչակ ուժերի հետ: Ո՞ւմ հետ բանակցեմ, ինչ-որ տղաների՞, որոնք օրեր առաջ փողոցային կյանքով էին ապրում ու հոթ-դոգ ուտում, մի տղայի՞, որ Անգելա Մերկելի հետ հանդիպելիս չգիտեր, որ արարողակարգային ձեռքսեղմումը պարտադիր բան է: Արևմտյան ինչ-որ քաղաքական գործիչներ սպառնում են մեզ ոչ միայն ինչ-որ էժան սանկցիաներով, այլև ներքին խնդիրների սրումով: Կուզեի իմանալ` ի՞նչ նկատի ունեն նրանք, ինչ-որ 5-րդ գաղութի գործողություննե՞ր, ազգայնական դավաճանների՞, թե՞ հույսը դնում են այն բանի վրա, որ կարող են վատացնել Ռուսաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ու դրանով սադրել մարդկանց դժգոհությունները»,- իր ելույթում հայտարարեց ՌԴ նախագահը:
Այնուհետև, ռուսական կողմն էլ պատասխանեց Արևմուտքի սանկցիաներ կիրառելու ջանքերին, ընդ որում դա արեց ռուսական արջին բնորոշ ձևով. Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանի դեմ կիրառվող ու կիրառվելիք սանկցիաները անպատասխան չեն մնա, չնայած Ռուսաստանը չի ձգտում Արևմուտքի ու միջազգային հանրության հետ կոնֆլիկտի: Թե ինչ հետևություններ կանեն արևմտյան երկրները, դեռ կերևա: Մի բան ակնհայտ է` Ղրիմի անկախության հռչակմամբ, ապա Ռուսաստանին միանալու որոշումով, իհարկե, գործընթացները չեն ավարտվում, այլ սկսվում են: Արևմուտքը թերևս հեշտ չի հանձնվի, իսկ Ռուսաստանն էլ Ղրիմով չի սահմանափակվի: Ըստ ամենայնի` Արևելյան Ուկրաինան էլ ՌԴ-ի տեսադաշտում է: Ու այս խմորը դեռ շատ ջուր կքաշի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: