Հայերեն   English   Русский  

​Հալեպում զենքի գործարանների բոլոր վարպետները հայեր են. Սերգեյ Բադյուկը՝ ԻՊ-ի դեմ պայքարում հայերի դերի մասին. Տեսանյութ


  
դիտումներ: 1096

Ռուս մարզիկ և հասարակական գործիչ Սերգեյ Բադյուկը, որը Սիրիայում Anna News թերթում աշխատել է որպես ռազմական թղթակից, ԳԱԼԱ հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում պատմել է սիրիահայերի հետ ծանոթության մասին ՝ նշելով, որ Հալեպում զենքի գործարանների գրեթե բոլոր վարպետները հայեր են: Գրում է Armenia.im-ը:

«Հանասերի մոտակայքում մարտ էր ընթանում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների դեմ, և մենք մեկնեցինք այնտեղ: Մարտի ավարտից հետո սկսեցինք շփվել մարտիկների հետ: Զենիթային ЗУ-23 համակարգի օպերատորի մոտ խաչ տեսա, ինչը զարմացրեց ինձ: Ես հարցրեցի նրա անունը: Եվ եթե չեմ սխալվում, նա Ռաֆայել ասաց: Ես ծիծաղեցի և հարցրեցի, թե արդյոք հայ է: Նա պատասխանեց՝ այո, և պատմեց, որ արդեն 2 տարի է կռվում է ստորաբաժանման կազմում»,- ասել է Սերգեյ Բադյուկը:

Նրա խոսքերով՝ տեխնիկական հմտություններ ունեցող բոլոր մասնագետները, ինչպես, օրինակ, հակատանկային հրթիռների կամ զենիթային համակարգերի նշանառու-օպերատորները, որպես կանոն, հայեր են:

«Նրանք տեխնիկապես շատ պատրաստված են: Ես ֆիլմ եմ նկարահանել Հալեպի գործարանների մասին, որտեղ զենք էին պատրաստում աշխարհազորայինների համար: Մենք ուղևորվեցինք այդ գործարաններից մեկը, և պարզվեց, որ ավագ վարպետը հայ էր: Այնուհետև պարզվեց, որ այդ գործարանների գրեթե բոլոր վարպետները հայեր են: Բացի այդ, Հալեպի արդյունաբերական շրջանի վարպետների 60-70%-ը հայկական սփյուռքի ներկայացուցիչներ են»,- պատմել է ռազմական թղթակիցը:

Սերգեյ Բադյուկն ընդգծել է նաև, որ Հալեպի հայկական շրջանը քաղաքի ամենամաքուր և թանկ շրջանն է:

«Մտնում ես և անմիջապես հասկանում, թե որ շրջանում ես գտնվում: Դա աչք է զարնում: Հալեպում ամենահայտնի ռեստորանը հայկական է: Եվ մահմեդականները, և քրիստոնյաները ծննդյան օրերը կամ հարսանիքները տոնում են հայկական ռեստորանում: Դա որակի նշան է: Այնտեղ ամբողջ անձնակազմը տղամարդկանցից է կազմված, և նրանք շատ լավ խոսում են անգլերեն, ինչը շատ հազվադեպ երևույթ է: Հալեպի բոլոր արհեստավորները հիմնականում հայեր են»,- ընդգծել է Բադյուկը:

Բադյուկը նաև պատմել է մի դեպքի մասին, որը խորապես զարմացրել է իրեն:

«Ինձ հատկապես մի իրավիճակ զարմացրեց: Դեռևս ուժեղ մարտեր էին ընթանում, մենք նստած էինք հայկական ռեստորանում: Մեզանից 15 կմ հեռավորության վրա կամուրջ կար: Դրա վրայով «Գրադ» համակարգ է արձակվել, մարդկանց հրել են, իսկ հրթիռները թռել են: Իսկ հարևանությամբ մարդիկ կանգնած պաղպաղակ էին ուտում և ծափահարում», - պատմել է Բադյուկը:

Բադյուկի խոսքերով՝ քրիստոնեական շրջաններում, որտեղ ԻՊ-ը եղել է, ցեղասպանություն է տեղի ունեցել, քանի որ բոլորին սրի են քաշել:

Հայաստանի Սփյուռքի նախարարության տվյալներով՝ մինչև քաղաքացիական պատերազմը Սիրիայում բնակվում էր շուրջ 100 հազար հայ: Նրանց մեծամասնությունը լքել է Սիրիան: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերով՝ Հայաստան է տեղափոխվել գրեթե 17 հազար սիրիահայ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: