Հայերեն   English   Русский  

​Գերմանական ծագումով հայեր.ՀՀ ամենափոքրաթիվ ազգային փոքրամասնությունը


  
դիտումներ: 3487

«Ազգային փոքրամասնություններ` ծանոթ և ոչ այնքան» շարքի մեր հերթական հանդիպումը գերմանացիների «Տևտոնիա»(Գերմանիայի լատիներեն անվանումը) մշակութային հասարակական կազմակերպության ղեկավար Վիկտոր Վուխրերի հետ է:

Գերմանացիները ՀՀ-ում ամենափոքրաթիվ ազգային փոքրամասնությունն են: Ըստ վերջին՝ 2011 թ. մարդահամարի տվյալների՝ Հայաստանում 67 գերմանացի կա, բայց պարոն Վուխրերը դեմ է այդ թվին, քանի որ միայն «Տևտոնիայում» գրանցված մարդկանց թիվը հասնում է 67-ի: Նա բացատրեց, որ մարդահամարից առաջ կատարված հարցումների ժամանակ շատ գերմանացիներ պարզապես ներկայացել են որպես հայ: Այդ ամենի մեջ զրուցակիցս համայնքի մեղքն է տեսնում, որ կազմակերպված աշխատանք չի տարել գերմանական մշակույթի, կրոնի պահպանման ու փոխանցման ուղղությամբ:

Պարոն Վուխրերը նաև նկատեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ երկրից արտաքսվեցին գերմանացիները, հիմնականում տղամարդիկ էին, իսկ կանայք, որ ամուսնացած էին հայերի հետ, փրկվեցին: Փաստորեն, ծնվեցին գերմանահայկական արմատներով սերունդներ, որոնք իրենց հայ են համարում:

Զրուցակիցս պատմեց, որ գերմանացիներն առաջին անգամ Կովկաս են եկել 1817-ին, հիմնականում վերաբնակվելով Վրաստանում՝ Քուռ գետի ափին: Նրանք մեծ ցանկություն են ունեցել հաստատվելու Հայաստանում՝ Արարատի ստորոտին, որտեղից մի անգամ մարդկությունը փրկվել է: Բայց քանի որ այդ ժամանակ Արևելյան Հայաստանի տարածքը Պարսկաստանի տիրապետության տակ էր, գերմանացիները հաստատվում են Քռի ափին՝ հետագա տարիներին կատարելով տարբեր տեղաշարժեր, բայց կրկին վերադառնալով Արարատին մոտիկ՝ հավատարիմ Կովկասում հաստատվելու իրենց հիմնական ոգեղեն նպատակին: Անցած տարի լրացավ գերմանացիների Կովկասում վերաբնակեցման 200 տարին:

Վուխրերն ասում է, որ իր հայրենքը Կատարինենֆելդն է, որը կառուցել են գերմանացիները Ռուսական կայսրության օրոք, Կովկաս տեղափոխվելուց հետո: Իսկ 1941-ին արդեն վերաբնակեցվել են Ստալինի հրամանով: Բայց Կատարինենֆելդում մինչև հիմա կա Վուխրերի պապական տունը, որտեղ մեծացել է նրա հայրը, որտեղ մի տարի ապրել է նաև ինքը, որտեղ ամեն ինչ պապի հետ է կապված: «Իսկ օդն ու բնությունն ուղղակի հրաշալի են,- ասում է նա,-և հիմա մենք զբաղվում ենք Կատարինենֆելդի պատմությամբ. ի՞նչ ընտանիքներ են ապրել, քանի՞ գերմանացի է եղել և այլն: Կովկասում գերմանացիները հիմնականում զբաղվել են գինեգործությամբ, խոզաբուծությամբ, պատրաստել են հրաշալի խոզապուխտ: Ի դեպ ասեմ, որ գերմանացիները խաղողը հավաքում են շատ ուշ, որ լավ հասած լինի և քաղցրացած: Այդ պատճառով գերմանական գինին միշտ էլ ուրիշ համ է ունեցել՝ տարբերվելով վրացական կամ հայկական գինուց»:

Վուխրերն անդրադարձավ նաև Կովկասում ապրած գերմանական ընտանիքների առանձնահատկություններին. «Գերմանացիների կյանքը Կովկասում մի փոքր այլ էր, ոչ այնպես, ինչպես ուրիշ ազգերինը: Հիմնական «կրոնը» աշխատանքն էր, չգողանալը, չխաբելը: Արթնանում էին վաղ առավոտյան՝ ժամը 6-ին, աշխատում մինչև ուշ գիշեր: Գալիս էին տուն, ուտում էին, քնում, և այդպես հինգ օր, իսկ շաբաթ օրը կանայք աշխատում էին կես օր և վերադառնում տուն, կարգի բերում այն, այգին ջրում և այլն: Հաջորդ օրը բոլորն այցելում էին եկեղեցի, որից հետո ընտանիքներով գնում էին դաշտ, ուր հանդիպում էին կա՛մ ընկերներով, կա՛մ հարազատներով, կա՛մ հարևաններով, իրենց ունեցածով սեղան էին բացում և ուտում-խմում՝ չմոռանալով երգ-երաժշտության մասին: Նրանք ունեցել են մի կարևոր ցանկություն, որ երեխաներն առողջ լինեն և շարունակեն հայրերի գործը»:

Հայրենական պատերազմից հետո, երբ կովկասաբնակ գերմանացիները վտարվեցին Վրաստանից, հաստատվեցին Բագրատաշենում, որ տարանցիկ կետ էր կարծես: Այստեղ շատ լավ ռուս-հայկական դպրոց կար՝ Թբիլիսիից եկած բարձրակարգ մանկավարժներով: Զրուցակիցս այդ դպրոցում է սովորել երկրորդ դասարանից, հետո ընդունվել է պոլիտեխնիկական ինստիտուտ՝ տեղափոխվելով Երևան:

Պատերազմի ավարտից հետո գերմանացիների թիվը կտրուկ նվազել է Խորհրդային Միությունում, ինչն արդեն այլ՝ սոցիալ-տնտեսական պատճառներով տեղի ունեցավ նաև անկախ Հայաստանում: Ներկայումս Գերմանիան Հայաստանից գերմանացիներ տանելու որևէ միտում չունի, բայց կա որոշակի ծրագիր: Յուրաքանչյուր ոք, եթե կարող է ապացուցել իր գերմանական ծագումը և հանձնել համապատասխան քննություններ, կարող է հաստատվել Գերմանիայում: Ներգաղթին վերաբերող գերմանական օրենքները շատ խիստ են: Եթե մարդիկ անօրինական կամ օրենքին դեմ քայլեր են անում՝ անպայման վտարվում են:

«Հիմա մենք մեր պետության դեսպանության համար գերմանացիներ չենք, այլ հայ՝ գերմանական ծագումով: Գերմանացիներ՝ որպես այդպիսին, ապրում են միայն Գերմանիայում: Գերմանիան ընդհանրապես սփյուռք չունի. մենք Գերմանիայում ընդունվում ենք որպես այն պետության ներկայացուցիչ, որտեղ ապրում ենք, որի քաղաքացիներն ենք ,- բացատրում է Վիկտոր Վուխրերը:- Խորհրդային տարիներին, երբ այցելում էինք Գերմանիա, չէին ասում՝ գերմանացիներ եկան, այլ՝ ռուսներ: Եվ միշտ մեզնից դժգոհելու պատճառ կար: Օրինակ՝ եթե Գերմանիայում քայլում ես փողոցով կնոջ հետ և որևէ մեկը վիրավորում է նրան, իրավունք չունես ինքդ լուծել քո հարցը, պետք է սպասել, որ ոստիկանը գա, հասկանա՝ ով է մեղավորը և նոր պատժի: Բայց այդ, ընթացքում կնոջդ կարող են ոչ միայն վիրավորել, այլև սպանել: Այնտեղ ողջ հույսը ոստիկանության, պետության և իշխանության վրա է: Գերմանիայում գերմանացիներն իրենց կենսակերպն ունեն, և եթե գնում ես Գերմանիա՝ պետք է նրանց ճիշտ հասկանալ և չառանձնանալ: Պետք է հագնվել նրանց պես, խոսել նրանց պես, սպասքից օգտվել նրանց պես և այլն, որովհետև գերմանացիների մոտ ամեն ինչ կարգավորված է: Եվ ամենակարևորը՝ պետք է շատ լավ տիրապետել գերմաներենին»:

Վուխրերը մեզ ներկայացրեց նաև «Տևտոնիայի» ներկայիս բնութագիրը: Համայնքում կան շատ զառամյալ մարդիկ, որոնք անգամ տնից դուրս չեն գալիս, բայց կապ է պահպանվում նրանց երեխաների, թոռների հետ, որոնք արդեն հայեր են: Համայնքում հիմնականում կանայք են գերակշռում: Թվաքանակի քչության պատճառով ամեն ինչ անում են, որ տարաձայնություններ չլինեն: «Թերևս դժվար է այն դեպքում, երբ պետք է հավաքվենք, օրինակ, ժամը 12-ին, ու բոլորը, ըստ հայկական սովորության, գալիս են 12-ից ուշ՝ բերելով հազար ու մի պատճառ»,- նկատում է զրուցակիցս և ավելացնում, որ երախտապարտ է այն մարդկանց, որոնք ոչ միայն չեն խանգարում աշխատել, այլև հնարավորության սահմաններում փորձում են օգտակար լինել:

Նա հիշում է, թե ինչպես 2007-ին ստեղծվեց «Տևտոնիան», որին նախորդող կազմակերպությունը կազմալուծվել էր անդամների հեռանալու պատճառով: «2006 թե 2007 թվականն էր, ինձ բարկացրեց այն, որ մարդիկ կարծում էին՝ Հայաստանում այլևս գերմանացիներ չկան: Բայց չէ՞ որ ես դեռ այստեղ եմ, ինչու՞ են ինձ անտեսում, և ես «Տևտոնիայի» միջոցով որոշեցի ցույց տալ, որ Հայաստանում դեռ կան գերմանացիներ և գերմանացի են ոչ միայն նրանք, որոնք անձնագրով են գերմանացի: Շատ կան, որ մայրը գերմանացի է, հայրը՝ հայ: Օրինակ՝ ՀՀ ազգային հերոս Յուրի Պողոսյանի մայրը ևս գերմանուհի է, բայց դրա մասին գրեթե ոչ ոք չգիտի»,- ասում է Վուխրերը և հավելում, որ այս իրավիճակում իրենց ամենագլխավոր ծրագիրը կրթությունն է, չէ՞ որ 1945-ից գերմաներենն արգելված էր, եթե անգամ հետագայում ուսումնասիրում էին դպրոցում, ապա որպես օտար լեզու: Այսօր նրանք շաբաթական մեկ օր կազմակերպում են գերմաներենի ուսուցման դաս:

«Բայց նրանք, ովքեր ուզում են Գերմանիա գնալ, լինեն հայ թե գերմանացի, մասնավոր դասախոսի մոտ են պարապում, որովհետև այդպես ավելի արագ է ստացվում: Իսկ ընդհանրապես կարող եմ փաստել, որ բոլորն էլ ձգտում են լեզուն սովորել, հաղորդակցվել, ինչը մենք համայնքում մեր ուժերով կարողանում ենք կազմակերպել: Անում ենք ամեն ինչ, որ ձուլում չլինի: Չնայած համոզված եմ, որ լեզուն չի մոռացվում, եթե մարդը ցանկանում է պահպանել այն: Ուստի ես վտանգ չեմ տեսնում նաև ազգամիջյան ամուսնությունների մեջ, քանի որ սիրահարվելիս չես կարող նայել ազգությանը: Լեզու սովորելուն զուգահեռ ուսումնասիրում ենք նաև կրոն, ֆոլկլոր, երգում ենք գերմանական երգեր: Մենք ընդհանրապես շատ ակտիվ համայնք ենք, մասնակցում ենք քաղաքում կազմակերպվող տարբեր միջոցառումների»,-պատմում է Վուխրերը:

Նա խոսեց նաև գերմանական խառնվածքի առանձնահատկությունների մասին. «Ես չեմ հիշում մի դեպք, որ ուշացած լինեմ, բայց մարդիկ հաճախ ուշանում են և պատճառաբանում, թե տրանսպորտը լավ չի աշխատել, եղանակը լավը չէր, բայց այդ ամենը պետք է նախօրոք հաշվի առնել և երբեք չխաբել: Ավելի լավ է՝ ճիշտն ասել կամ ոչինչ չասել: Ամեն ոք պետք է գործ ունենա, արդար ճանապարհով գումար վաստակի: Եթե գերմանացին տեսնում է մի բան, որ իրենը չէ, նա երբեք չի վերցնի, մինչև տերը գա»:

Խոսք եղավ նաև Գերմանիայում ապրող հայերի մասին. «Եթե հայ մարդը գնում է Գերմանիա և աշխատում է ազնիվ, կարողանում է լավ ապրել, բայց այն հայերը, որոնք անազնիվ ճանապարհներով են փորձում գումար վաստակել, վատ կարծիք են ստեղծում: Փաստորեն փոխվում է վերաբերմունքը ողջ ազգի նկատմամբ: Եթե մեկը գնում է Գերմանիա, թող մտածի, որ ինքը ՀՀ քաղաքացի է և իրենով պետք է կարծիք կազմեն հայ ազգի մասին: Անհրաժեշտ է ազգային հպարտության զգացում ունենալ: Ցավում եմ, որ այսօր Հայաստանն ունի բազում խնդիրներ, որոնց պատճառով մարդիկ հաճախ ստիպված հեռանում են երկրից, որը վաղուց արդեն արդյունաբերական չէ, գյուղատնտեսության զարգացման համար չկան պայմաններ, և այսպես շարունակ: Իրականում պետք է այս ժողովրդին ընդամենը տալ հող, ջուր, որ կարողանա բերք ստանալ, որից էլ պետությանը հետ կվերադարձնի հարկերը: Երկուսն էլ կշահեն: Եվ այսպիսի բազում ծրագրեր կարելի է իրականացնել ՀՀ քաղաքացուն իր երկրում պահելու և արժանապատիվ կյանքով ապահովելու համար»:

Եվ զրույցի ավարտին Վիկտոր Վուխրերն անկեղծանում է՝ իր տարիքում մարդիկ արդեն ոչնչի չեն ձգտում, պարզապես իրենց աշխատանքն են անում և ապրում այնքան, ինչքան Աստված կկամենա...





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: