Դեղագործություն սովորող ուսանողներն արդեն դեղեր են պատրաստում ոչ թե գրատախտակին, այլ իրականում
Երևանի պետական համալսարանում հիմնադրված Ֆարմացիայի ինստիտուտն այս մոդելի առաջին օրինակն է, և ստեղծվելու հիմքն այն էր, որ ընդլայնված համագործակցություն կար տեղական ու արտերկրյա դեղագործական ընկերությունների հետ, ինչպես նաև արտադրական բազա՝ ի դեմս ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի, որտեղ ստեղծված են դեղապատրաստուկների արտադրության մի քանի փոքրածավալ արտադրական գծեր: Այսինքն՝ նորաստեղծ Ֆարմացիայի ինստիտուտն ունի ինչպես գիտակրթական ու արտադրական, այնպես էլ ինովացիոն ու ներդրումային գործառույթներ: Այս մոդելով ինստիտուտի համար մասնավոր հատվածի հետ համագործակցության լայն հորիզոններ են բացվում:
Ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանը «Անկախին» ներկայացրեց իրենց հիմնական աշխատանքները, նորությունները, մանրամասն բացատրեց այս մոդելի մեխանիզմները, առավելություններն ու թերությունները: Ըստ այդմ՝ ինստիտուտի կրթական բաղադրիչն իրականացվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթական ծրագրերով: Ընդ որում, այս ինստիտուտում փորձարկել են նաև մի հետաքրքիր ծրագիր, որի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության երկու համալսարանների հետ համատեղ մշակված կրթական ծրագրերով ուսուցում է իրականացվում, և ցանկացողներն առաջին կուրսից սովորում են այդ կրթական ծրագրով և վերջում ստանում երկու համալսարանի դիպլոմ՝ ԵՊՀ-ի և Ռուսաստանի Բելգորոդի պետական հետազոտական համալսարանի, կամ ԵՊՀ-ի ու Ժողովուրդների բարեկամության համալսարանի դիպլոմներ: Սա, ինչպես նշում է Ֆարմացիա ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանը, լուրջ հնարավորություն է, որը, օրինակ, իր սերնդակիցները չեն ունեցել: Ուսանողը, որը ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտ է ընդունվում այս ծրագրով, սովորում է 10 կիսամյակ՝ 5 տարի, որից երկու կիսամյակը սովորում է ռուսական համապատասխան համալսարանում, հետո վերադառնում ու ԵՊՀ-ում պաշտպանում է իր թեզն ու ստանում երկու դիպլոմ:
Այս ինտիտուտում շատ առարկաներ արդեն դասավանդվում են նաև օնլայն համակարգով. ուսանողները համակարգչային լսարանում, որտեղ առկա են համապատասխան սարքավորումներն ու կոմունիկացիաները, կարողանում են ԵՊՀ-ից օնլայն եղանակով մասնակցել գործընկեր ռուսական բուհերի դասերին: Իսկ լավագույն ուսանողներին Ֆարմացիայի ինստիտուտը գործուղում է Գերմանիա, Ռուսաստան և այլն:
Մասնավոր հատվածն էլ իր հերթին է ընդլայնում հնարավորությունները: Բացի մայր բուհի ներդրումներից, այս ինստիտուտի հետ ակտիվ համագործակցում են նաև մասնավոր հատվածի գործընկերները՝ տեղական ու արտերկրա դեղարտադրող ընկերություններ, դեղատների ցանցեր: Նրանք մասնակցում են այս ինտիտուտի կյանքին. ստեղծում են լաբորատորիաներ, կահավորում են լսարաններ, ինստիտուտին են տրամադրում իրենց ռեսուրսները, կազմակերպում են ուսանողների գիտա-արտադրական պրակտիկան, փոխանցում են իրենց փորձը: Օրինակ՝ ինստիտուտի հարկաբաժնի պատերին կարելի է տեսնել այդ ընկերությունների արտադրանքի ցուցափեղկերը: Այս պահին Ֆարմացիա ինստիտուտի հետ համագործակցող ընկերություններից են հայկական «Արփիմեդ», «Լիկվոր», «Ալֆա ֆարմ», «Նատալի ֆարմ», «Արդա» ընկերությունները:
«Դա շատ լավ է, քանի որ ուսանողը դեռ ուսանող ժամանակ տեսնում ու իմանում է, որ կան այդպիսի ֆիրմաներ, բացի դրանից, այդ ընկերությունների լավագույն մասնագետները դասավանդում են այստեղ, և դրան էլ գումարած՝ ուսանողների արտադրական պրակտիկաները, լաբորատոր աշխատանքներն անց են կացվում այդ ընկերություններում: Իսկ կոնկրետ Ֆարմացիայի ինստիտուտում այսօր ստեղծված են ֆարմացիայի գրեթե բոլոր ուղղություններով ու ենթաուղղություններով մասնագիտական լաբորատորիաներ»,- նշեց Աշոտ Սաղյանը:
Ինստիտուտում գործում են 10 ուսումնական և 4 գիտահետազոտական լաբորատորիաներ, որոնց կահույքն ու սարքավորումները եվրոպական ճանաչված ընկերությունների արտադրանքն են, և այսօր ուսանողները հնարավորություն ունեն այն բոլոր հիմնարար գիտելիքները, որոնք ստանում են դասախոսությունների ժամանակ, կիրառելու անմիջապես պրակտիկայում՝ հենց ինստիտուտում: Նրանք իրենց ձեռքով կարող են դեղահաբ կամ դեղապատիճ պատրաստել, ստանալ ստերիլ լուծույթներ, դրանք լցնել ամպուլաների մեջ, ամպուլաները զոդել և այլն: Այսինքն՝ այն, ինչ սովորաբար կատարում են դեղարտադրող գործարանները:
Դա այնքանով է լավ, որ նախկինում այդ ամենը չկար, ու դասախոսներն ընդամենը գրատախտակին նկարում էին, թե ինչպես են, օրինակ, պատրաստում դեղահաբերը:
«Երբ ուսանողներին ուղարկում ենք պրակտիկայի գործարաններ կամ դեղատներ, որոնք մասնավոր են, բնական է՝ այնտեղ հնարավորություն չեն տալիս ազատ փորձելու, փորձարկելու ուսանողների տեսական գիտելիքներն ու իսկական պրակտիկա անցնել: Իսկ ինստիտուտի լաբորատորիաներում նրանք կարող են աշխատել առանց սահմանափակումների, թափել, նորից պատրաստել, նորից ու նորից փորձել, մի խոսքով, սովորել»,- նշում է ինստիտուտի տնօրենը:
2017-ի մայիսին, օրինակ, Ֆարմացիա ինստիտուտի վարչական շենքում՝ պետհամալսարանի 1-ին մասնաշենքի տարածքում բուհի և «Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցի համատեղ ջանքերով բացվել ու գործում է «Ալֆա ֆարմ» դեղատունը: Սա նույնպես աննախադեպ է, քանի որ Հայաստանում առաջին անգամ ուսանողների համար փորձարարական և պրակտիկ կրթական բազա հանդիսացող դեղատուն է բացվել: Այդ դեղատան բացումը բիզնես նպատակ չունի, այլ ԵՊՀ Ֆարմացիայի ինտիտուտի ուսանողների համար ծառայում է որպես ուսումնական բազա՝ հնարավորություն տալով ոչ միայն կողքից հետևելու դեղերի վաճառքի, գնագոյացման, շուկայական գործընթացների և ընդհանրապես այս ոլորտի խնդիրներին, այլև անձամբ մասնակցելու դրանց: Այսինքն՝ ուսանողները ֆարմացիայի էկոնոմիկա և կառավարում առարկայի լաբորատոր աշխատանքները, պրակտիկ աշխատանքները անցնում են հենց այդտեղ: Ամեն օր 2-ական ուսանող ամբողջ օրն աշխատում է այդ դեղատանն ու անհրաժեշտ փորձ ձեռք բերում:
Հիմա ինստիտուտը մինչև 600 ուսանող ունի, և ամենակարևորը՝ արտասահմանից են արդեն ցանկություն հայտնում ուսանելու ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտում: Աշոտ Սաղյանը տեղեկացրեց, որ այս տարի ԵՊՀ-ի պատմության մեջ առաջին անգամ արտասահմանցի ուսանողների համար առաջին 10 -հոգանոց խումբն է բացվել անգլերեն դասավանդմամբ: Ուսանողներն Իրաքից են, իսկ հաջորդ տարիներին այս փորձը ևս ընդլայնելու նպատակ ունեն, քանի որ այստեղ ուսանելու ցանկություն ունեն ոչ միայն իրաքցի ուսանողները, այլև Չինաստանից, Հնդկաստանից:
«Ինստիտուտում ստեղծված են բոլոր հնարավորությունները, որպեսզի ուսանողը կարողանա նորմալ ու լիարժեք սովորել իր մասնագիտությունը: իսկ եթե ուսանողը նման ցանկություն չունի, ինչ ուզում ես՝ արա, նրա համար մեկ է»,- նշում է Աշոտ Սաղյանը:
Ի դեպ, Ֆարմացիայի ինստիտուտում դասավանդում են հանրապետության դեղագործական ընկերությունների ու դեղատնային ցանցերի լավագույն մասնագետները, իսկ կրթական բոլոր ծրագրերը համապատասխանեցված են միջազգային չափորոշիչներին:
«Աստված տա՝ ստանանք լավ արդյունքներ, հետո գիտենք, թե որտեղ պետք է դրանք ներդնենք»,- հանդիպման ավարտին ժպտալով ասում է ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանը: