Հրեական համայնքը՝ իր առանձնահատկություններով ու մոտեցումներով
Ուկրաինայում ծնված, այնուհետև Հայաստան տեղափոխված տիկ. Ռիմման ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ամուսնացել հայի հետ, ունեցել երկու որդի: Նա պատմում է, որ 1988-ի երկրաշարժից հետո երկար ժամանակով որպես ինժեներ-մեխանիկ գնացել է աղետի գոտի, այնտեղ էլ հանդիպել է Հայաստան ժամանած հրեա բժիշկների: Հենց այդ ժամանակ հասկացել է, որ Հայաստանում ապրող հրեաները ևս պետք է պաշտոնապես ներկայանան որպես ազգային փոքրամասնություն: Եվ ահա 1991-ին հրեական համայնքի նախագահն է դառնում կոմպոզիտոր Վիլլի Վայները, իսկ Ռիմմա Վարժապետյանը՝ փոխնախագահ: Անկախությանը հաջորդող դժվարին տարիներին, երբ Վայները մեկնում է Իսրայել, նրա գործը շարունակում է զրուցակիցս:
Այսօր համայնքն ունի մոտ 800 անդամ, ինչը հակասում է 2011-ի ՀՀ վերջին մարդահամարի տվյալին՝ 127: Տիկ. Ռիմման նկատում է, որ մարդահամարի ժամանակ հաճախ կողմնորոշվել են հայկական ազգանուններով, ինչն էլ նման սխալի պատճառ է դարձել: Նա նաև բացատրում է, որ եթե անգամ միայն մայրն է հրեա, ապա, ըստ հրեական օրենքների, երեխաները ևս հրեա են մինչև չորրորդ սերունդ, իսկ ընտանիքի մյուս անդամներն ունեն ոչ միայն համայնքի անդամ լինելու, այլև հայրենադարձվելու իրավունք, այսինքն՝ կարող են հաստատվել Իսրայելում: Անհրաժեշտ են միայն համապատասխան փաստաթղթեր: Նախորդ դարի 90-ականներին, երբ համայնքի անդամներից շատերը դարձան գործազուրկ, հիմնականում օգտվեցին այդ հնարավորությունից՝ իրենց երեխաներին Իսրայելում ապահովելով անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ համապատասխան կրթությունից մինչև անվճար բժշկական օգնություն: Այդ մարդիկ հիմնականում խորհրդային տարիներին Հայաստան հրավիրված մտավորականներ էին:
Այսօր էլ հրեաների շրջանում արտագաղթը շարունակվում է. այդ պատճառով Վանաձորում, Գյումրիում, Դիլիջանում և այլուր մնացել են հաշված թվով հրեական ընտանիքներ, որոնց անդամների մեծ մասը նաև Իսրայելի քաղաքացի է և միշտ չէ, որ բնակվում է Հայաստանում: Ռիմմա Վարժապետյանը պատմում է, որ տարիներ առաջ արտագաղթած ընտանիքների տղա երեխաներն արդեն ծառայել են հրեական բանակում և անգամ ձգտում են այդ բնագավառում առաջ գնալ, քանի որ այնտեղ ծառայելը պատվաբեր է և հեռանկարային: Բայց նաև երազում են Հայաստան վերադարձի մասին: «Այդ երիտասարդները չեն փախել, այլ ընտանիքներն են գնացել: Սակայն այսօր, լինելով Իսրայելի օրինավոր քաղաքացի, ունենալով իսրայելական զինվորական պատրաստվածություն, երբ ուզում են հյուր գալ Հայաստան, ոմանք՝ գուցեև ընդմիշտ, չունեն անհրաժեշտ գումար, որ պետք է վճարվի ՀՀ-ում չծառայելու դիմաց: Հայաստանն իրեն զրկում է այդ երիտասարդներից»,- հարց է բարձրացնում զրուցակիցս:
Այս ամենով հանդերձ՝ համայնքն ունի ամեն տարիքի ներկայացուցիչներ: Հիմնականում ակտիվ են հրեա կանայք և նրանց երեխաները: Կան նաև համայնքում չընդգրկված հրեաներ, որոնք, սակայն, չեն թաքցնում ազգային պատկանելությունը. «Պարզապես համայնքային կյանքին չմասնակցելով՝ զրկվում են շփումից, երկրորդ՝ բաց են թողնում արմատները ճանաչելու հնարավորությունը: Խոսքը հատկապես երիտասարդների մասին է: Ճիշտ է, այսօր կա համացանց, կարելի է ամեն ինչ կարդալ, բայց համայնքում նաև փորձում ենք կենդանի պահել հրեական սովորույթները, ինչը շատ երիտասարդներ ուղղակի չգիտեն,- պարզաբանում է համայնքի նախագահը և շարունակում:- Ընդհանրապես դժվարացել է մարդկանց ներգրավումը համայնքային կյանք: Առաջ ավելի հեշտ էր, քանի որ ազատ ժամանակ կար, տեղեկատվական հնարավորությունները քիչ էին, իսկ այսօր հիմնականում աշխատում են, շատ զբաղված են: Անգամ երեխաներին դպրոցներում այնքան են ծանրաբեռնում, որ երբեմն խղճում ես, չես ուզում ստիպել, որ հաճախեն կիրակնօրյա դպրոց: Գոնե այդ մեկ օրը պետք է տանը մնան, հանգստանան ծնողների հետ: Սրանք լուրջ խնդիրներ են, որ որոշակիորեն բխում են նաև խառնամուսնություններից»,- անհանգստանում է տիկ. Ռիմման և անցում կատարում համայնքի մյուս խնդիրներին:
Նա կարծում է, որ համայնքը պետք է ունենա իրեն արժանի, հրեական շնչով լեցուն տարածք, որտեղ կկարողանան հանգիստ խղճով ընդունել աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան հյուրերին: Բայց դրա համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ: Նա կարևոր է համարում նաև Վայոց ձորի Եղեգիս գյուղում տարիներ առաջ հայտնաբերված հրեական գերեզմանոցի պահպանության հարցը: Գերեզմանոցը ցանկապատվել է, բայց կան շատ գտածոներ, որոնք պետք է ցուցադրել: «Շատ եմ ուզում ստեղծել հրեական թանգարան: Իհարկե, ցանկալի կլիներ, որ այն կառուցվեր Երևանում, ավելի շատ այցելություններ կլինեին, բայց այնտեղ՝ գեղեցիկ բնության գրկում, հնարավոր է ստեղծել փոքրիկ ճանաչողական թանգարան, որի համար դարձյալ հովանավորներ ենք փնտրում: Նաև երազանքս է Հայաստանում ստեղծել հրեական մանկապարտեզ երեխաների և ծերերի համար, ինչպես ընդունված է ողջ աշխարհում»,- անկեղծանում է Ռիմմա Վարժապետյանը և հավելում, որ ընդհանրապես ոչ միայն հրեաների, այլև բոլոր ազգային փոքրամասնությունների խնդիրները հիմնականում սոցիալական են, բայց ինքն անում է ամեն ինչ համայնքային կյանքի բարելավման համար:
Զրուցակիցս շատ վստահ է զգում իրեն որպես ՀՀ քաղաքացի և ներկայացնում է ստացած մրցանակներն ու մեդալները որպես մեր պետությունից տրված գնահատանքի նշան:
Հարցին, թե ինչ բնութագրական հատկանիշներ ունի հրեա մարդը և ինչով են տարբերվում Հայաստանում և Իսրայելում ապրող հրեաները, Ռիմմա Վարժապետյանը պատասխանում է՝ հրեան աշխատասեր է, ուսումնատենչ, հատուկ վերաբերմունք ունի երեխաների և ծնողների նկատմամբ, և, իհարկե, եթե կա ազգային գաղափար, ապա համախմբվում է այդ գաղափարի շուրջը: «Մենք, ի տարբերություն մյուս ժողովուրդների, ունենք 613 պատվիրան, որոնք, սակայն, ժամանակակից պայմաններում հնարավոր չէ իրականացնել, բայց ձգտել պետք է: Իսրայելում այդ պատվիրանների պահպանումն ավելի հեշտ է, քանի որ ամեն ինչ արվում է պետական մակարդակով: Թեկուզ կոշերային սննդի օգտագործումը, որը Հայաստանում չկա: Այնտեղ կարող են իրականացնել շաբաթը, որ կարծես տոն լինի: Բացի դրանից, Իսրայելում հրեաներն ունեն ընդհանուր թշնամի, որի դեմ պայքարելով էլ շարունակում են ապրել՝ սիրելով ու գնահատելով կյանքը: Եվ ընդհանրապես, աշխարհի տարբեր ծայրերում ապրող հրեաներին միավորում է Հոլոքոստի մասին հիշողությունը, ինչպես հայերի դեպքում Ցեղասպանությունը: Իսկ Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը չընդունելը տնտեսական և ռազմավարական հարց է, որից կախված է Իսրայելի ապահովությունը: Բայց մենք, որպես համայնք, ամեն ինչ անում ենք, որ Հայաստան-Իսրայել հարաբերությունները հարթ լինեն»:
Ռիմմա Վարժապետյանը կարևոր համարեց նշել, որ արդեն մեկ տարի ակտիվ աշխատում է Հայաստան-Իսրայել, Իսրայել-Հայաստան խորհրդարանական ֆորումը: Նա Հայաստանի խմբի փոխնախագահն է, նախագահը՝ քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը: Բացի այդ, տարիներ շարունակ Համաշխարհային հրեական կոնգրեսի տարբեր ֆորումների մասնակիցը լինելով՝ բավականին ջանք է թափել ապացուցելու, որ Հայաստանում հրեաներ կան հակառակ այն տարածված կարծիքի, թե հայերը թույլ չեն տա, որ հրեաներն ապրեն իրենց կողքին: «Հայերը պետք է հասկանան, որ ազգային փոքրամասնությունները՝ որպես Հայաստանի ջատագովներ, կարող են շատ կարևոր լծակ լինել ամբողջ աշխարհում: Դրա համար պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ նրանց համար: Օրինակ՝ տարբեր հանդիպումների ժամանակ ես լուրջ բանավեճեր եմ ունենում Ադրբեջանի հրեական համայնքի հետ: Նրանց ամեն կերպ ուղղորդում են: Պետք է մեր հանդեպ էլ պետական մակարդակով հետաքրքրվածություն լինի»,- ասում է տիկին Ռիմման:
Այնուհետև անդրադարձանք համայնքային կյանքի առանձնահատկություններին: Հրեաներն ունեն կրոնական կենտրոն և սինագոգ, որտեղ աղոթում են ողջ շաբաթվա ընթացքում, նշում կրոնական տոները, ինչպես նաև կազմակերպում զանազան հանդիպումներ, ունեն նաև կիրակնօրյա դպրոց, որտեղ ուսուցանվում է եբրայերեն, իսկ ընտանիքներում հիմնականում խոսում են ռուսերեն ու հայերեն: Շատ հազվադեպ հանդիպող ընտանիքներ կան, որտեղ շփվում են եբրայերենով: Նաև երգի դասեր կան: Համայնքը թերթ ունի՝ «Маген Давид» («Դավթի վահան»), որ լույս է տեսնում ռուսերեն (փոքրիկ հատված՝ եբրայերենով) ամիսը մեկ անգամ և բաժանվում է անվճար: Ունեն նաև պատանեկան ու երիտասարդական ծրագրեր, օրինակ՝ երկշաբաթյա անվճար այցելություն Իսրայել, անվճար միջազգային ճամբարներ և այլն:
«Բայց հիմնականում մեր երիտասարդները պասիվ են այս առումով, որի պատճառն ինչ-որ չափով նաև ձուլումն է: Ես մեղադրում եմ միայն ծնողներին, անգամ Թորայում է գրված՝ հրեա է նա, ում թոռն է հրեա: Այսինքն՝ ոչ թե փաստաթղթերով, այլ հոգեպես պետք է փոխանցել երեխաներին, թոռներին հրեա լինելը: Հենց այս պահին ծրագիր կա Իսրայելում, որ առաջնորդության անվճար դասընթաց է երիտասարդների համար, բայց ցանկացողներ չկան: Իսկ համայնքը պետք է պահպանել, պետք է ունենալ առաջնորդի հմտություններով երիտասարդներ, որ շարունակեն իմ գործը: Այնպես չէ, որ մենք ակտիվ չենք: Երբ որևէ տոնական միջոցառում ենք ունենում՝ բոլորը գալիս են, բայց երբ գնում են տուն՝ դառնում են հայ»,- անհանգստություն է հայտնում մեր զրուցակիցը, բայց և հավելում, որ մշակութային տարբերություններով հանդերձ՝ իրենց ընտանիքներում կոնֆլիկտային իրադրություններ չեն լինում, պահպանում են հարգանքը միմյանց նկատմամբ: Ըստ նրա՝ դա պայմանավորված է թերևս այն հանգամանքով, որ հայ և հրեա կանայք նմանություններ ունեն՝ հոգատար են, նվիրված ու հավատարիմ:
Հետաքրքիր էր իմանալ, թե ինչն է, որ հրեական համայնքի ներկայիս անդամներին պահում է Հայաստանում: «Մեր հայ ամուսինները, նրանց հայրենասիրությունը, Հայաստանում ունեցած աշխատանքն ու սեփական տունը: Իսրայելում շատերն ապրում են վարձով, քանի որ բնակարան ձեռք բերելը շատ թանկ է: Մինչդեռ թե՛ հայերը, թե՛ հրեաները սիրում են ապրել իրենց տանը: Հայաստանում շատ ավելի մեծ թվով մարդիկ սեփական բնակարան ունեն, տնտեսություն, ավտոմեքենա և այլն: Դրա համար էլ ոմանք չգնացին»,- ասում է տիկին Ռիմման:
2018-ին համայնքը բազում միջոցառումներ և գիտական կոնֆերանսներ է ծրագրել՝ կապված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի և Իսրայելի պետության 70-ամյակի հետ: «Երկու պետություններն էլ ստեղծվել են ցեղասպանությունից հետո. դրանում պետք է ընդհանրություն փնտրել, ինչն էլ կփորձենք անել: Ցանկանում ենք նաև այգի տնկել: Տա աստված, որ երկրում խաղաղություն լինի, բարելավվեն սոցիալական պայմանները, որ մարդիկ չարտագաղթեն, այլ մնան ու շենացնեն այս երկիրը»,- եզրափակում է Ռիմմա Վարժապետյանը: