Հայերեն   English   Русский  

Նոր Հարավային Ուելսի հայազգի վարչապետը ԱՄՆ-ում հատուկ հյուրընկալման է արժանացել նախագահ Թրամփի և հայ համայնքի կողմից


  
դիտումներ: 529

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը Միացյալ Նահանգներում հատուկ հյուրընկալման է արժանացել ոչ միայն նախագահ Դոնալդ Թրամփի, այլեւ՝ ԱՄՆ-ի հայ համայնքի կողմից:

Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի ձայնը: Նա Վաշինգտոն էր ժամանել իր երկրի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի պաշտոնական պատվիրակության կազմում:

«Ես ներկայացնում եմ մեր երկրի ամենամեծ նահանգը, բայց երբեք չեմ մոռանա, ամեն օր հայությունս կզգամ», - ասել է Գլեդիս Բերեջիկլյանը, ով Վաշինգտոնում գտնվող Արամյան տանը իր կյանքի ճանապարհի մասին է պատմել երիտասարդներին:

«Հայ լինելը հեշտ չէ, մեր պայքարը հեշտ չէ, բայց բոլորս նույն քայլերով առաջ կգնանք, աշխարհի չորս կողմը մեծ ընտանիք ունենք, և իսկապես դա զգում եմ»,-ներկայացրել է նա:

Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի խոսքով՝ Ավստրալիայի 50-հազարանոց հայ համայնքը շուրջ կես դարի պատմություն ունի ու թեև ԱՄՆ-ի համայնքի նման ազդեցիկ չէ, այնուամենայնիվ, կարևոր դեր է խաղում երկրի կյանքում: «Հայերը միշտ շնորհակալ են այն երկրներին, որոնք պատմության ծանր պահին ապաստան են մեզ տվել և ի պատասխան գործով են հայտնել երախտագիտությունը», - ասել է Գլեդիս Բերեջիկլյանը՝ հավելելով, որ այսօր Ավստրալիայի առաջատար բժիշկների թվում շատ են նաև հայերը:

Ինչ վերաբերում է արտերկրում հայկական մշակույթի ու լեզվի պահպանությանը, ապա այդ գործում իր կյանքում հիմնական դերը խաղացել է ընտանիքն ու հայ համայնքը: «Որևէ երկրում կարող եք ապրել, բայց շատ կարևոր է, որ մեր հայապահպանման պայքարը շարունակվի»,-եզրափակել է նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: