Հայերեն   English   Русский  

​Ստանդարտ քայլեր անելու փոխարեն որոշեց գնալ անսովոր ճանապարհով


  
դիտումներ: 5778

Հայկական երիտասարդ բիզնեսներից է հակասրճարանի ձևաչափով աշխատող «Թիմ թայմը» (Team Time): Այստեղ մատուցողներ չկան:

Եթե սրճարանում պետք է պատվիրես ինչ ուզում ես, ապա այստեղ ինքդ ես այն պատրաստում ու վայելում: Եվ վճարում ես այստեղ անցկացրած ժամանակի համար. 1 ժամն արժի 600 դրամ: Կան նաև փաթեթներ, օրինակ՝ 4 ժամն արժի 1500 դրամ: Կան նաև ամսական փաթեթներ: Մարդիկ կարող են գալ, նստել «Թիմ թայմում» և աշխատել: Այսինքն՝ սա սրճարանի հասկացողությունից դուրս է, դրա համար էլ կոչվում է հակասրճարան:

Ուշագրավ է, թե ինչպես է առաջացել այս միտքը: Ինչպես «Անկախին» պատմեց «Թիմ թայմի» հիմնադիր տնօրեն Մհեր Մկրտչյանը, իրենք ընկերներով շատ էին հավաքվում, ու ամեն անգամ ընկերներից մեկը ցանկանում էր իր մեկ այլ ընկերոջ հետ գալ: Չէր ստացվում, որ բոլորը տեղավորվեին, միշտ առաջանում էր տեղի խնդիր:

«Քույրս շատ էր ճամփորդում, ու երբ եկավ հերթական ճամփորդությունից, պատմեց, որ տեսել է մի հետաքրքիր տեղ, որը գործում է հակասրճարանի ֆորմատով: Միտք առաջացավ, որ մի այդպիսի տեղ բացենք, որտեղ բոլորս կարող ենք մեր ընկերներին բերել, ծանոթացնել, հետո էլ նրանք կարող են իրենց ընկերներին բերել, ու մի հետաքրքիր կոլեկտիվ կձևավորվի: Ինչպես ասում են՝ լավ մարդու կողքին միշտ լավ մարդիկ են լինում, այդ սկզբունքով էլ փորձեցինք ստեղծել մի հարթակ, որտեղ կարող են բոլորը բոլորի հետ ծանոթանալ: Այդ հարթակում կազմակերպվում են հաճելի միջոցառումներ, որոնք մարդուն տալիս են գիտելիք, փորձ, ընկերական շրջապատ, հետաքրքիր գաղափարներ, այցելուները միմյանց օգնում են: Մի խոսքով՝ առանցքը մեկը մյուսին օգնելն է տարբեր հարցերում»,- պատմեց Մհեր Մկրտչյանը:

Այդպես 2016 թ. ապրիլի 1-ին բացվեց «Թիմ թայմը»: Իհարկե, առաջին մոտ 9 ամիսներին այս հակասրճարան-սրճարանն անգամ ինքնածախսածածկում չէր ապահովում: Այդ ժամանակ բոլոր ծախսերն իր գրպանից հատուցել է հիմնադիր Մհեր Մկրտչյանը: Ներկայումս «Թիմ թայմն» արդեն իր ծախսերն ամբողջությամբ փակում է: Սա հնարավորություն է տալիս այդ գումարները վերաուղղել հակասրճարանին, հետաքրքիր սոցիալական ծրագրերին, և իհարկե տարբեր բարեգործական նպատակների: Այսինքն՝ այս բիզնեսն իր մեջ սոցիալական բաղադրիչ էլ ունի:

«Ես չեմ ունեցել ոչինչ, բացի այսպիսի մի գործ ձեռնարկելու գաղափարից: Իհարկե դրանից առաջ այլ բիզնեսով էի զբաղվում. փոքրիկ արտադրամաս ունեի, որից գոյացած միջոցներն էլ ուղղում էի «Թիմ թայմին»: Բայց այս անգամ որոշեցի ընկերների միջոցով ինչ-որ մի բան նախաձեռնել: Ընկերներիցս մեկը հոսանքի, էլեկտրամոնտաժի ամբողջ աշխատանքներն արեց, մյուսը՝ կահույքի, կահավորանքի հարցում օգնեց, մեկ ուրիշը՝ դիզայնի, և այսպես ստեղծվեց այն, ինչ այսօր ունենք: Ինչ էլ կա՝ փորձել ենք ստեղծագործական մոտեցմամբ անել, ձեռքի տակ եղած միջոցներով կամ ավելի քիչ ծախսով: Օրինակ՝ խոհանոցի ջահը ձեռքով ենք պատրաստել ապակյա տարաներից: Ամբողջը մեր ձեռքի աշխատանքն է, հսկայական ծախսեր չենք արել: Եղած միջոցները տրամադրել ենք մնացած գույքի ձեռքբերմանը. պրոյեկտոր, գրատախտակ, ֆոտոխցիկ, նոութբուք և այլն, այնպիսի իրեր, որոնք մեր գործունեության մեջ պետք են գալիս: Բացման ժամանակ էլ ամեն ինչ շատ համեստ ենք արել: Ուզում էինք ոչ թե ստանդարտ սրճարան ստանալ, այլ ընկերական, ընտանիքի պես ջերմ միջավայր, ու ստացել ենք: Մարդը կարող է գալ, այստեղ ծանոթանալ ենթադրենք 20 նոր մարդկանց հետ, որոնցից մոտ կեսի հետ հետագայում արդեն ընկեր կարող է դառնալ»,- պատմեց «Թիմ թայմի» հիմնադիրը:

Այս հակասրճարանում պարբերաբար «Մաֆիա» են խաղում, կազմակերպվում են սեմինարներ, անգլերենի ակումբներ են գործում՝ զուտ լեզվի զարգացման համար, մանկական միջոցառումներ են կազմակերպվում, կինոդիտումներ, քննարկումներ, մարքեթինգային, բիզնեսի զարգացման վերաբերյալ սեմինարներ և այլն: Փաստորեն, բացի բիզնես անելուց, այստեղ մարդկանց փորձում են օգնել, որ իրենց բիզնեսը զարգացնեն: Դրան գումարած՝ կապեր են ստեղծում այցելուների միջև, որպեսզի նրանք հետո համագործակցեն:

Թիմ թայմ

Օրինակ՝ ես կարող եմ ինչ-որ բան տալ Ձեզ, որ ինձ շատ անհրաժեշտ չէ, կամ Դուք ինձ ինչ-որ բան տաք, որ Ձեզ շատ անհրաժեշտ չէ, բայց իմ տվածը Ձեզ է շատ անհրաժեշտ, Ձեր տվածը՝ ինձ: Ու այս վայրը օգնում է, որ մենք հանդիպենք»,- ասում է Մհերը:

Այս ամենին հասնելու համար, ինչպես նշեցինք, մեր զրուցակիցը ստիպված է եղել 8-9 ամիս սպասել: Նա շեշտում է՝ բիզնես սկսելիս միշտ պետք է համբերել, չպետք է հուսահատվել ու հիասթափվել: Իհարկե, այդ ամիսներին նրան շատ է օգնել քույրը՝ հուսահատության կամ պարտվողական տրամադրությունների պահերին միշտ թևութիկունք լինելով եղբորը և վստահություն հայտնելով, որ միևնույն է, այս նախաձեռնությունը չի ձախողվելու:

«Մի բան որ անում ես՝ չպետք է նեղվես, որ սխալվել ես: Ցանկացած սխալ կարծես ավելի լավ է քեզ համար, որովհետև որքան շուտ անես, այնքան շուտ կշտկես ու այնքան քիչ կորուստներ կունենաս: Իհարկե, մեր մի քանի ամսվա անշահույթ աշխատելուց հետո մարդիկ գալիս ու ասում էին՝ սխալվել ես, չի աշխատելու: Ես երբե՛ք առերևույթ չէի համաձայնում նրանց հետ, թեպետ եղել են պահեր, երբ ներքուստ երկմտել եմ. իսկ միգուցե իրո՞ք չաշխատի: Երբ շատ են ասում, որ չի աշխատի, անկախ քեզնից դա նստվածք է տալիս: Բայց հետո նորից ինձ ասում էի՝ ո՛չ, չեմ սխալվել, շարունակելու եմ: Այդպես 9 բարդ ու դժվարին ամիսներից հետո արդեն վստահ էի, որ չեմ սխալվել: Այդ համառությունը շատ կարևոր էր»,- ժպտալով՝ անցած դժվարին օրերն է վերհիշում «Թիմ թայմի» տնօրենը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ իրականում չաշխատող գործ չկա, ընդամենը պետք է անկեղծ ցանկություն ու նվիրում:

Մեր զրուցակիցն այս առումով օրինակ է բերում սեփական դիտարկումները. նա ամեն օր բազմաթիվ երիտասարդ, սկսնակ ձեռներեցների հետ է շփվում ու եկել է այն եզրահանգման, որ շատերը միայն մոտիվացիայի կարիք ունեն, որպեսզի սկսեն իրենց հետաքրքիր գաղափարը: Ու եթե այդ մոտիվացիան, նվիրումն ունենան՝ անպայման կսկսեն ու կհաջողեն:

«Կան նաև որոշ հատկանիշներ, որոնք հաստատ օգնում են հաջողակ բիզնեսմեն դառնալուն: Օրինակ՝ բարությունը,որը շատ կարևոր է: Ինձ իմ հորեղբայրը շատ է օգնել, հատկապես՝ խորհուրդներով: Նա ինձ միշտ ասում էր՝ ինչքան կարող ես՝ մարդկանց տուր: Եթե մարդը կարիք ունի ինչ-որ բանի ու դու կարող ես տալ՝ ուրեմն տուր: Բանակում համոզվեցի դրանում: Եվ այդպես սկսեցի մարդկանց հնարավորինս շատ օգնել, լավություն անել: Հիմա ես դա անվանում եմ «բիզնես». մարդկանց լավություն եմ անում ու օգնում անշահախնդիր: Ու մի հետաքրքիր երևույթ եմ նկատել. ես օգնում եմ այն ամենով, ինչով կարող եմ, իսկ հետագայում դա ինձ է վերադառնում այն ամենի տեսքով, ինչ ինձ պետք է»,- խոստովանում է երիտասարդ ձեռներեցը:

Նրա դիտարկմամբ՝ բիզնեսմենը պետք է լինի տնտեսող ու սովորեցնի իր աշխատակիցներին տնտեսել, քանի որ տնտեսումից շատ բան է կախված: Խիստ կարևոր է նաև համբերատարությունը: «Երևի բիզնեսի առնվազն 30 տոկոսը կախված է համբերությունից,- ասում է նա:- Շատերը համբերատար չեն ու սխալ են հասկանում բիզնեսի էությունը. կարծում են՝ այն միանգամից կաշխատի, հետո շուտ փակում են, բացում են երկրորդը, նորից համբերատար չեն գտնվում, նորից փակում են, այդպես շարունակ: Վերջում գնում աշխատում են մեկի մոտ, որը համբերատար է եղել: Կարևոր է նաև նպատակասլացությունը, պետք է միշտ ունենալ նպատակ ու համբերությամբ գնալ դեպի այդ նպատակը»:

Բայց այդ ամենը՝ համբերատարությունը, համառությունը, նպատակասլացությունը բավարար չեն, դրանց հետ մեկտեղ պետք է մտածված քայլեր անել՝ ուսումնասիրել շուկան, մարքեթինգով զբաղվել, աշխատել բիզնեսի ճանաչելիության վրա, մարդկանց ուշադրությունը գրավել ու մարդկանց ներգրավել: Մի խոսքով՝ այնպես չէ, որ պետք է գործ հիմնես ու նստես սպասես, թե երբ է այն սկսելու եկամուտ բերել: Այլ համբերելուն զուգահեռ պետք է միշտ ինչ-որ քայլեր անել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: