Միջնորդագիր՝ Գորիսի պետական համալսարանում կատարվող չարաշահումներին նպաստող պայմանները վերացնելու վերաբերյալ
Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դրանց կատարմանը նպաստած պայմանները և միջնորդագիր է ներկայացվել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱ կազմակերպության ռեկտորին՝ միջոցներ ձեռնարկել՝ դրանք վերացնելու ուղղությամբ։ Միջնորդագրի քննարկման արդյունքներով ի պատասխան ՊՈԱԿ-ից ստացված գրության հիման վրա նախապատրաստվում են նյութեր:
Այսպես՝ 2017 թվականի սեպտեմբերին ահազանգ էր ստացվել, որ Գորիսի պետական համալսարանի հեռակա ուսուցման տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողը, չմասնակցելով դասերին և քննություններին, դրական գնահատականներ է ստացել կիսամյակային քննությունների և ստուգարքների համար:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 34-312-րդ հոդվածի 1-ին մասով քննված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ մեխանիզմը, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Գորիսի պետական համալսարանի աշխատակցուհիներից մեկը պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի մասնաճյուղում սովորող ուսանողի մոր հետ՝ ուսումը շարունակելու նպատակով կազմակերպել նրա որդու տեղափոխությունը Գորիսի պետական համալսարանի 3-րդ կուրս հեռակա ուսուցման։ Ուսանողի փոխարեն համալսարանի ռեկտորին ուղղված դիմումը գրել է աշխատակցուհին և այն ստորագրել: Պարզվել է նաև, որ ուսանողը, ընդունվելով համալսարան, 2016-2017 ուսումնական տարում չի հաճախել դասերին, և վերջինիս մայրը համալսարանի աշխատակցուհու միջնորդությամբ գումար է փոխանցել ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարին՝ առաջին կիսամյակի քննությունների համար որդու դրական գնահատականներն ապահովելու նպատակով: Քննության տվյալներով՝ ուսանողի մայրը երկրորդ կիսամյակում ևս գումար է փոխանցել նույն աշխատակցուհուն՝ ավարտական քննությունների դրական գնահատականներն ապահովելու համար, սակայն վերջինս գումարը հասցեատիրոջը չի փոխանցել, և ստուգարքներն ու քննությունները ստանալու հարցը փորձել է կազմակերպել անձամբ՝ համալսարանում առկա կապերի միջոցով:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 3 անձի, և քրեական գործը ՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Բացի այդ, իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել են նույն համալսարանում կատարված այլ խախտումներ ևս:
Մանրամասն ներկայացնելով արձանագրված խախտումները՝ Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորին միջնորդվել է՝ քննարկել ուսանողի բացակայության դեպքում դրական գնահատականներ նշանակելու, ինչպես նաև ուսանողների կողմից նախքան քննաշրջանի սկսվելը ստուգարքի, քննության կամ կուրսային աշխատանքի ընդունման հնարավորությունը: Բացի այդ, դասերին չհաճախած, սակայն ուսումնական տարվա քննական առարկաների համար դրական գնահատականներ ստացած ուսանողների՝ նշված առարկաների վերաբերյալ գիտելիքներն ստուգելու համար ստեղծել մասնագիտական հանձնաժողով։
Քննչական վարչության կողմից միջնորդվել է նաև՝ ուսանողի գնահատման ամփոփիչ տեղեկագրերում նշել ստուգարքի, քննության կամ կուրսային աշխատանքի ընդունման օրը, ամիսը և տարին, հրահանգավորել համապատասխան անձանց, որպեսզի ուսանողի բացակայության դեպքում այդ մասին մատյանում համապատասխան նշում կատարվի, ինչպես նաև սահմանել կանոնակարգված կարգ՝ ուսանողների բացակայությունների քանակից կախված նրանց քննաշրջանին մասնակցելու հնարավորության վերաբերյալ:
Միջնորդագիրը քննարկվել է «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կողմից, և արդյունքների վերաբերյալ գրավոր պատասխան է ուղարկվել Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։
Ըստ ՊՈԱԿ-ի գրության՝ 2018թ. փետրվարի 27-ին «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱ կազմակերպության պրոռեկտորը բացատրագիր է ներկայացրել նույն համալսարանի ռեկտորին առ այն, որ Գորիսի պետական համալսարանի հեռակա ուսուցման համակարգի քննությունների զգալի մասը և հատկապես ստուգարքները նշանակվում են, այսպես կոչված, «մեխանիկորեն», առանց գիտելիքների անհրաժեշտ իմացության և ստուգման, հակառակ դեպքում հեռակա ուսուցման համակարգի ուսանողների 70-80% կազատվեն համալսարանից՝ ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով:
Միջնորդագրին ի պատասխան ստացված գրության մեջ մատնանշված հանգամանքները քննության առարկա են դարձվել Գորիսի քննչական բաժնում, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր: