Հայերեն   English   Русский  

Էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարների կսուբսիդավորվեն


  
դիտումներ: 560

Այսօր տեղի ունեցավ Կառավարության նիստում մի շարք նախագծեր հավանության արժանացան:

Կբարելավվի բաժանորդներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը

Գործադիրը հավանություն է տվել Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2018-2030 թթ. ռազմավարությանը և ֆինանսավորման ծրագրին: Ռազմավարության և ֆինանսավորման ծրագրի լրամշակված տարբերակում ամփոփվել են 2015-2017թթ. կատարված աշխատանքները, ամրագրվել են արդի խնդիրները և նշվել են դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները: Արդյունքում ակնկալվում է ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի հետագա զարգացում, համակարգերի կառավարման արդիականացում, բաժանորդներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների բարելավում:

Կապահովվի էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարների սուբսիդավորումը

2018 թ. ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարները սուբսիդավորման միջոցով մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցելու համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նախատեսվում է սուբսիդավորում կատարել հետևյալ համամասնություններով՝ Երևան քաղաքի 100 մլն ՀՀ դրամը գերազանցող շրջանառություն ունեցող բոլոր հիվանդանոցներին` 50 տոկոս, Երևանի քաղաքի 100 մլն ՀՀ դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող և մարզային բոլոր հիվանդանոցներին` 70 տոկոս, սահմանամերձ համայնքների հիվանդանոցներին, Երևանի և մարզային պոլիկլինիկակներին և գյուղական ամբուլատորիաներին` 100 տոկոս:

Այլ որոշումներ

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Գործադիրը որոշել է Պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված ՀՀ Արարատի մարզի, Արարատ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող շենք շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրաբերել Արարատ քաղաքային համայնքին: Բնակավայրը կօգտագործվի արդյունաբերական գոտուց սահմանազատելու նպատակով սանիտարապաշտպանիչ գոտի ստեղծելու նպատակով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող կենտրոնների բնականոն գործունեությունն ապահովելու համար ընդունվել են համապատասխան որոշումներ: Այդ նպատակով նախարարությանը տարածքներ կտրամադրվեն Երևան քաղաքում և ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքում:

Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում՝ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշմամբ առաջարկվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնված՝ լուծարված 11 ընկերություններին նախկինում պատկանող հետագա շահագործման համար պիտանի 148 անվանում գույքը նվիրաբերել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին՝ գույքի նպատակային նշանակության օգտագործման պայմանով, իսկ նախարարությանը հանձնված 22 ավտոմեքենաները հետ վերցնել և ամրացնել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին` հետագայում օտարելու նպատակով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: