Հայերեն   English   Русский  

​Վնասվածքները պրոֆեսիոնալ սպորտը թողնելու պատճառ, բայց և սեփական բիզնեսը սկսելու առիթ դարձան


  
դիտումներ: 4621

Երեք տարի առաջ էր՝ 2015 թվականին, երբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Արթուր Խաչատրյանը որոշեց թողնել սպորտը, որով զբաղվում էր վերջին 13 տարիներին, ու որոշեց զբաղվել բիզնեսով: Իհարկե, այդ որոշումը հեշտ չէր, ֆուտբոլը նրա տարերքն էր, կենսակերպն ու աշխատանքը, բայց այլընտրանք չկար, քանի որ պրոֆեսիոնալ մարզական կարիերայի վերջին 2-3 տարիներին արդեն բազմաթիվ վնասվածքներ էր ստացել, հասկանում էր, որ վաղ թե ուշ պետք է թողնի ֆուտբոլը:

«Եղբայրս խորհուրդ տվեց լավաշի արտադրություն հիմնել, հետո հետ կանգնեց այդ գաղափարից, բայց ես որոշեցի փորձել: Վստահ էի, որ կստացվի, քանի որ տեսնում էի, որ լավաշն ու հացաբուլկեղենը մեծ պահանջարկ են վայելում հայկական շուկայում: Հասկացա, որ մի քանի հազար դոլար գումար է պետք լավաշի արտադրամաս հիմնելու համար, իսկ ես այդքան գումար չունեի: Մի քիչ ունեի, մի մասն էլ կարող էի գտնել, բայց որոշեցի ռիսկի չգնալ: Մեր բարեկամներից մեկը փուռ ուներ, գնացի, նրա հետ խոսեցի, ասացի, որ մի քիչ էժան տա: Նա պատրաստի լավաշը մի քիչ էժանով սկսեց ինձ տալ, ես էլ սկսեցի վերավաճառել մթերային խանութներին: Դա դեռ պարապմունքների ընթացքում էր, վերջին ամիսներին: Հարմարեցնում էի, որ պարապմունքից առաջ կամ հետո այդ գործն անեի: Դա խանգարում էր ֆոււտբոլին, գիտակցում էի, որ պետք է թողնեմ այն, ու այդպես էլ արեցի»,- «Անկախին» պատմեց «Եղվարդի լավաշի» տնօրեն Արթուր Խաչատրյանը:

Սկզբում, իհարկե, գործերն այնքան էլ լավ չէին ընթանում, կարողանում էր օրական մոտ 40 հատ լավաշ վաճառել, ու քանի որ այդ լավաշները խանութներին էր հասցնում իր անձնական մեքենայով, պատահում էր, որ ստացված եկամուտն անգամ առաքման վրա ծախսած վառելիքի գումարը չէր ծածկում: Բայց Արթուր Խաչատրյանը որոշում է չհանձնվել ու շարունակել, ընդլայնել խանութների ցանցը: Արդեն մի տարի հետո կարողանում էր մի քանի անգամ ավելի շատ լավաշ վաճառել: Հենց այդ ժամանակ էլ որոշում է, որ պետք է հիմնել սեփական արտադրությունը, քանի որ արդեն սպառման ցանցը կար:

«Սկսելու համար 3-4 հազար դոլար էր պետք, մի տարվա ընթացքում որոշակի գումար խնայել էի, ընկերներիցս մեկն էլ որոշ գումար ուներ և ինքն էլ էր ցանկանում հացի արտադրամաս բացել: Այդպես որոշեցինք միավորել մեր ուժերն ու միասին աշխատել: Բայց այդ ժամանակ շատ դժվար էր. պետք է մտնեինք հարկային դաշտ, աշխատողներ պահեինք, եկամուտ չունեինք և այլն: Սկսեցինք ծավալներն անընդհատ ընդլայնել, մինչև հասանք մի որոշակի մակարդակի, որից հետո արդեն որոշեցինք նաև տեսականին շատացնել: Հիմա ունենք արդեն 3 առաքիչ, իսկ սկզբում միայն ես էի իմ անձնական մեքենայով առաքումներն իրականացնում: Մի բան է պատրաստի արտադրանքը վաճառելը և բոլորովին այլ բան, երբ ինքդ ես սկսում արտադրել: Այդ դեպքում ռիսկերը մեծանում են, ու շատերը հենց այդ ռիսկին պատրաստ չեն լինում: Հիմա, բացի լավաշից, արդեն արտադրում ենք տարբեր տեսակի կարկանդակներ, պատրաստվում ենք նաև բուֆետ բացել»,- ասում է երիտասարդ բիզնեսմենը:

Ճիշտ է՝ արտադրամասը հիմնելուց հետո արտադրության ծավալները մի քանի անգամ մեծացել են, շահույթն ապրելու համար բավարարում է, բայց արդյունքները Արթուր Խաչատրյանին ու նրա ընկերոջը չեն գոհացնում: Նրանք շատ ավելի հեռուն գնացող ծրագրեր են կազմում այն համոզմունքով, որ միշտ պետք է առաջ նայել ու առաջ շարժվել, մտածել զարգանալու, ընդլայնվելու մասին:

Եղվարդի լավաշ

«Վստահ եմ՝ այս կյանքում անհնարին բան չկա: Նշանավոր հաջողակ մարդկանց փորձն էլ որ նայում ես, նրանք էլ չեն հանձնվել, սկսել են 0-ից, տանջվել են, աշխատել են, հավատացել են իրենց ուժերին: Ամեն մարդու կյանքում հաստատ նեղ պահեր լինում են, նման դեպքերում երբեք չպետք է հուսահատվես: Երբ գալիս է նեղությունը, դժվարությունը, ասում ես՝ ոչինչ, ու գործում ես՝ փոխելով ինչ-որ բան»,- ասում է Արթուր Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ կարևոր է, որ մարդ ունենա ուժեղ կամքի ուժ ու համառություն: Խոստովանում է, որ իրեն շատ է օգնել պրոֆեսիոնալ մարզիկ լինելու հանգամանքը, մարզիկի խառնվածքը՝ չհանձնվելը, նվիրվելը, ջանք ու եռանդ թափելը՝ հանուն առաջնության. «Սպորտում էլ նույն բանն է, եթե հանձնվես, միանգամից կպարտվես: Ինձ թվում է՝ ամեն ոլորտում էլ այդպես է: Հաջողության բանաձևերը շատ են, բայց բոլորի հիմքում էլ ընկած է մի բան՝ հավատը սեփական ուժերի հանդեպ»,- նշում է նա:

Սեփական փորձից ելնելով՝ Արթուր Խաչատրյանը նշում է, որ բիզնեսմենի համար կարևոր է նաև անընդհատ կրթվելը, զարգանալը, կատարելագործվելը, նոր բաներ սովորելը: Եվ հատուկ շեշտում է՝ թյուր է այն կարծիքը, թե հաջողակ բիզնես ունենալու համար բախտ է պետք: Իհարկե, նա չի հերքում բախտի գործոնը, բայց ավելի կարևոր տեղ է տալիս քրտնաջան աշխատանքին: «Պետք է սիրես գործդ,- նշում է մեր զրուցակիցը:- Հնարավոր է, որ սկզբում չես սիրել, բայց եթե ընթացքում էլ չես սիրում ու ամեն ինչ անում ես իներցիայով, ուրեմն չարժի շարունակել: Առանց սեփական գործը սիրելու հնարավոր չէ հաջողության հասնել, մոտիվացիա չես ունենա»:

Սեփական փորձը երիտասարդ բիզնեսմենին ցույց է տվել նաև, որ բիզնեսը մարդուն հիմնովին փոխում է: Բիզնեսմենը կայուն եկամուտ չի ունենում, ուստի պետք է ճկուն լինի, ճիշտ կողմնորոշվի, ճիշտ բաշխի ու կառավարի միջոցները: Բիզնեսը, ըստ նրա, ստեղծագործ մարդու համար է:

«Միշտ նոր մարդկանց հետ ես շփվում, ինչը նույնպես կարևոր է, սկսում ես կյանքին, շրջակա աշխարհին այլ կերպ նայել, այլ կերպ գնահատել իրականությունն ու իրողությունները: Բիզնեսը մարդուն նոր շրջապատ, նոր մտածելակերպ, նոր աշխարհայացք է տալիս, մտածելու ազատություն ու ֆինանսական անկախություն: Իսկ ֆինանսական անկախությունը քեզ ինքնավստահություն է հաղորդում: Մի խոսքով, խնդիրներ է տալիս, եթե դրանք լուծում ես, տալիս է հանգստություն ու անկախություն, հետո նոր խնդիրներ է տալիս, դրանք էլ ես լուծում, ու նոր մոտիվացիա, նոր էներգիա ես ստանում, ավելի ես ամրապնդում ազատությունդ ու անկախությունդ, հետո էլի նոր խնդիրներ է առաջադրում... Այդ հարահոս դժվարությունները երբեք չի դադարում, և դա է հետաքրքիրը»,- ամփոփում է Արթուր Խաչատրյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: