Հայերեն   English   Русский  

​Տուրիզմի ոլորտում գոհացուցիչ զարգացումներ են արձանագրվում


  
դիտումներ: 5155

Անցած 2017 թվականը բավականին բարեհաջող է եղել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար: Վերջերս ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց տվյալներ զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ, ըստ որոնց՝ անցյալ տարի ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան՝ մոտ 1.5 մլն մարդ։ Նախորդ տարվա՝ 2016 թ. համեմատ այս ցուցանիշն աճել է 18.7%-ով, ինչը բավականին տպավորիչ թիվ է:

Անզեն աչքով էլ կարելի է տեսնել, թե որքան զբոսաշրջիկներ կան մեր փողոցներում: Հատկապես Իրանից և Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների ներկայությունը մենք զգում ենք ամեն քայլափոխիա: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ խոսքը ոչ թե Հայաստան այցելությունների մասին է, այլ զբոսաշրջային այցելությունների: Իսկ զբոսաշրջային տվյալները ԱՎԾ-ն հաշվարկում է՝ հիմնվելով ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության վրա, ըստ որի՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ, և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով:

Զբոսաշրջությունը կարևոր դեր ունի յուրաքանչյուր երկրի տնտեսության և սոցիալական կյանքում, այն օգնում է երկրի ամբողջ տարածքում ֆինանսական եկամուտների ու կապիտալի համաչափ բաշխվածությանը, նպաստում տարածքների համաչափ զարգացմանը, ճանաչելի դարձնում երկիրը և բացահայտում այդ երկրի պոտենցիալը՝ իր բոլոր հնարավոր արդյունքներով, նպաստում է մշակութային, քաղաքակրթական շփումներին և այլն:

Ուստի շատ կարևոր է գնահատել, թե ինչ ծավալ են կազմում զբոսաշրջության ոլորտի եկամուտները մեր երկրի տնտեսությունում կամ իմանալ ներգնա զբոսաշրջիկների ծախսերը Հայաստանում:

Այսպես, տուրիզմի տնտեսական ազդեցությունը գնահատելու ամենաթարմ աղբյուրը 2013 թ. Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում միջազգային այցելությունների ընտրանքային հետազոտության արդյունքների հաշվետվությունն է: Ըստ այդ 5 տարվա վաղեմություն ունեցող հետազոտության՝ հանգստի և ժամանցի նպատակով ներգնա ճանապարհորդները Հայաստանում անցկացնում են միջինը 10 օր, իսկ բոլոր զբոսաշրջիկների միջին ծախսերը մեկ անձի հաշվարկով կազմում են մոտ 725 ԱՄՆ դոլար: Այդ ցուցանիշները հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ 2017 թ. տուրիզմից Հայաստանի ստացած եկամուտները գերազանցում են 1 միլիարդ դոլարը:

Հատկանշական է, որ մեր երկիր, ըստ տուրիզմի պետական կոմիտեի տվյալների, ամենից շատ այցելել են Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից: Մեզ համար այս համատեքստում խիստ կարևոր է ռուսական ուղղությունը, որը զարգանալու ու բազմապատկվելու լուրջ պոտենցիալ ունի մի քանի պատճառներով:

Դրանցից առաջինը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին ներքին անձնագրերով Հայաստան մուտքը թույլատրելն է, ինչից Հայաստանն ակնկալում է Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների մեծ հոսք: Ու եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի քաղաքացիների միայն մոտ 10 տոկոսն ունի արտասահմանյան անձնագրեր, և կան տարբեր ոլորտներում 5 միլիոնից ավելի աշխատողներ, որոնց արգելված է Ռուսաստանից դուրս ճանապարհորդել, բայց դեպի Հայաստան ուղևորությունը թույլատրված է, ապա ակնհայտ է, որ լիովին արդարացված են հույսերը:

Ներգնա (միջազգային) զբոսաշրջությանը վերաբերող տվյալներից ամենաուշագրավը թերևս հյուրանոցներում և ոչ հյուրանոցներում տեղավորված զբոսաշրջիկների հարաբերակցությունն է:

2017 թ. մոտ 1,5 մլն զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը՝ մոտ 1 մլն 230 հազարը, տեղավորվել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարանում և հյուրատներում, և միայն 264 հազար 702-ն են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղավորվել։ Այսինքն՝ հյուրանոցներում տեղավորվել է զբոսաշրջիկների ընդհանուր թվի 17,7 տոկոսը միայն:

Իհարկե, կարող ենք ասել և շատերն են ասում, որ Հայաստան եկողների մեծ մասը Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնածները կամ արտագաղթածներն են ու նրանց հարազատներն են, ուստի նրանք զբոսաշրջիկներ չեն: Բայց զբոսաշրջության բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ մեզ հետ զրույցում նշում են, որ ակնհայտ մի միտում էլ կա. մեր երկիր այցելող զբոսաշրջիկները հաճախ ցանկանում են տեղավորվել գյուղերում՝ հյուրատներում, ոչ թե հյուրանոցներում, և հետզհետե ավելի ու ավելի է մեծանում, այսպես ասած, ոչ ավանդական զբոսաշրջության՝ ագրո, էկո, արկածային, սպորտային, բուժական և տուրիզմի այլ ենթատեսակների նկատմամբ հետաքրքրությունը:

Այսօր Հայաստանում ունենք հյուրանոցային տնտեսության 340 օբյեկտներ` 22 հազար ննջատեղով: Ունենք նաև բազմաթիվ հյուրատներ, այժմ էլ կառուցվում են և առաջիկա տարիներին շահագործման կհանձնվեն ավելի քան 500 հյուրանոցային համարներ: Փորձենք մի պարզ հաշվարկ անել: Եթե ընդունենք, որ մեկ զբոսաշրջիկը մեր երկրում կմնա միջինը 5 օր, ապա մեր ամբողջ հյուրանոցային պոտենցիալը, անգամ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի «ակնկալած» 500 նոր հյուրանոցային համարը շահագործելուց հետո էլ, ամբողջ տարին աշխատելու դեպքում կարող է ապահովել առավելագույնը 1.7 միլիոն զբոսաշրջիկի:

«Մենք համարվում ենք սկսնակ զբոսաշրջության ոլորտում և ցանկանում ենք գրավել հիմնականում ռուսական շուկան: Ասեմ, որ դեպի Հայաստան ռուսների հոսքի մեծանալը բավականին նկատելի է: Իսկ ի՞նչ է նախընտրում տուրիստը Հայաստանում: Կարծում եմ, որ մեծ մասամբ ցանկանում են ավելի մոտիկից ծանոթանալ հայկական գյուղական միջավայրին, մի ամբողջ օր անցկացնել գյուղացու տանը գյուղացու առօրյայով, մասնակցել նրա հետ հայկական ավանդական ուտելիքների պատրաստմանը, թոնիրում լավաշ թխելու արարողությանը, ընտանի կենդանիներին պահելու ձևին, կենցաղին, առօրյային: Մի խոսքով, նրանց համար հաճելի է մի քանի ժամ ապրել հայ գյուղացու կյանքով և հոգսերով»,- մեզ հետ զրույցում նշեց «Էկոթրեվլ» տուրիստական ընկերության տնօրեն Մերի Եղիազարյանը:

Փաստորեն, հյուրատները, հատկապես գյուղական տների վարձով տրվող առանձին սենյակները հյուրանոցներից ավելի գրավիչ են դառնում: Ընդ որում, վերջին տարիներին էական հետաքրքրություն է նկատվում ոչ թե ստանդարտ, այլ հենց էկո, ագրո, էքստրեմալ տուրիզմի ոլորտում, Հայաստան այցելող զբոսաշրջիկները հաճախ նախընտրում են մեր երկրում ավելի ակտիվ հանգիստ ու ժամանց անցկացնել:

Էական աճ է արձանագրվել նաև ներքին զբոսաշրջության ոլորտում: Եթե 2016 թ. Հայաստանում մոտ 980 հազար մարդ է զբաղվել ներքին զբոսաշրջությամբ, ապա 2017 թ. ներքին զբոսաշրջիկների թիվը, 2016 թ. համեմատ, աճել է 10,9 տոկոսով՝ 980 հազարից հասնելով մոտ 1 մլն 87 հազարի: Սրան, ինչպես վկայում են տուրօպերատորները, էապես նպաստել է սոցիալական փաթեթների ինստիտուտը, հիմա ավելի շատ մարդիկ են օգտվում այդ հնարավորությունից, ինչը լրացուցիչ աշխուժություն է ապահովում ոլոտում:

«Այս տարի հատկապես զգալի է Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի ավելացումը: Բայց պետք է նշեմ, որ աշխուժացել է նաև ներքին տուրիզմը, ինչն էլ, իմ կարծիքով, պայմանավորված է թե՛ սոցիալական փաթեթների շրջանակում մեր քաղաքացիների՝ իրենց հանգիստը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունով, թե՛ հատկապես երիտասարդության շրջանում արշավների գնալու ձգտման հետ»,- մեզ հետ զրույցներից մեկի ժամանակ նշեց «Լոռե թրեվլ» տուրիստական ընկերության տնօրեն Վլադիմիր Գևորգյանը:

Զբոսաշրջային հոսքերի ավելացումն ու զբոսաշրջության ոլորտի աշխուժացումը, ինչպես նշեցինք, հարակից ոլորտների վրա չեն կարող ազդեցություն չունենալ: Վերջիվերջո, ինչպես հաճախ նշում է Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մինասյանը, յուրաքանչյուր զբոսաշրջիկ ստեղծում է 3-4 լրացուցիչ աշխատատեղ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: