Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 3372

Մարտի 30-ին, ժամը 19:00-ին, ՛՛Նարեկացի՛՛արվեստի միությունում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած ՛՛Մեր պարերը և մենք՛՛ հայկական պարի բաց դասը՝

՛՛Կարին՛՛ ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ: Մուտքն ազատ է:

Մարտի 31-ին, ժ. 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա ՛՛Կոմիտասի ժառանգության շուրջ՛՛ զրույց-քննարկում: Թեմայի առանցքում երաժշտական մշակումների խնդիրն է: Քննարկվելու են Կոմիտասի երաժշտության մշակման հարցերը, մասնավորապես՝ ի՞նչ է երաժշտական մշակումը, ի՞նչ չափորոշիչներով են առաջնորդվում մշակում կատարելիս, արդյոք Կոմիտասի ստեղծագործությունը պե՞տք է մշակել և այլն: Բանախոսներ՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան, երաժշտագետ Մհեր Նավոյան, կոմպոզիտոր Արթուր Ավանեսով: Մուտքն ազատ է:

Ապրիլի 2-ին, ժամը 18:30-ին,՛՛Նարեկացի՛՛արվեստի միությունում տեղի կունենա Մամիկոն Նավասարդյանի անհատական ՛՛Կանչ՛՛ խորագրով ցուցահանդեսը : Մամիկոն Նավասարդյանը 1981 թ. ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գեղարվեստի բաժինը, որից հետո ուսումը շարունակել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նկարչա-գծագրական բաժնում: 1988 թ. Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել է ավանգարդիստների ցուցահանդեսին: 1989 թ. Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում մասնակցել է բարեգործական ցուցահանդեսի՝ հօգուտ Գյումրիի: Մուտքն ազատ է:

Ապրիլի 4-ին Երևանի պետական կամերային թատրոնում կներկայացվի ՛՛Ի զեն՛՛ հոռետեսական կատակերգությունը: Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան: Ներկայացումն արդի ժամանակի արտացոլումն է, արդի իրականության, որը բնորոշ է ոչ միայն հայությանը, այլև այն երկրներին, որոնք կամա թե ակամա ներքաշվում են գերտերությունների քաղաքատնտեսական ծրագրերի մեջ։ Ծրագրեր, որոնք ազդում են անձնական կյանքի, ավանդույթների, տնտեսության և առհասարակ գոյատևման վրա։ Ներկայացման հերոսները ելք են փնտրում ստեղծված իրավիճակից, ստիպված փորձում են գնալ և գոյատևել այնտեղ, որտեղ, իրենց կարծիքով, կարելի է լինել ապահով, այնտեղ, որտեղ կարելի է ապրել, աշխատել ու ստեղծագործել։

Ապրիլի 5-ին Երևանի Հր. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնում կներկայացվի Բ. Սլեյդի ՛՛Վերջին ծաղրածուն՛՛ կատակերգությունը: Բեմադրությունը՝ Ժան Նշանյանի: Նկարչական ձևավորումը` Վահագն Թևանյանի: Գլխավոր դերերում՝ Հրաչյա Հարությունյան, Գոհար Իգիթյան, Լուիզա Ղամբարյան և այլք:

Ապրիլի 5-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կներկայացվի՛՛Մորգանի խնամին՛՛ կատակերգությունը: Հեղինակ` Ալեքսանդր Շիրվանզադե: Բեմադրությունը` Երվանդ Ղազանչյանի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: