Հայերեն   English   Русский  

«Ապրիլի 17-ին Ազգային ժողովը կընտրի վարչապետ». Դավիթ Հարությունյան


  
դիտումներ: 1228

Նախագահի երդման արարողությունից հետո Կառավարությունը հրաժարական կտա: Կառավարության բոլոր անդամները շարունակելու են գործել որպես ժամանակավոր պաշտոնատարներ:

Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Դրանից հետո ապրիլի 17-ին Ազգային ժողովը կընտրի վարչապետ:

«Եթե վարչապետի ընտրությունն այդ օրն ավարտվի, ապա հնգօրյա ժամկետում կառավարության անդամները կներկայացվեն հանրապետության նախագահին, իսկ 15-օրյա ժամկետում կառավարության անդամների 2/3-ը պետք է նշանակված լինեն, ինչ կազդարարի նոր կառավարության ձևավորումը»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկությունը բաց անցկացնելուն, ապա Դավիթ Հարությունյանը նշեց, որ դա նորություն չէ սահմանադրական իրավունքում: «Կան երկրներ, որոնք բաց ճանապարհով են գնացել, կան երկրներ, որոնք փակ ճանապարհն են ընտրել: Գերմանիայում, օրինակ, քվեարկությունը ընթանում է փակ, բայց գերմանական քննադական միտքը վաղուց արդեն քննադատում է այս մոտեցումը՝ հաշվի առնելով մի շարք խնդիրներ, որոնք պատմության ընթացքում եղել են»,- ասաց նախարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ վարչապետն ունենալու է երկու նստավայր: «Վարչապետը կառավարությունում ևս ունենալու է նստավայր, որովհետև կառավարության անդամների հետ թերևս առավել արդյունավետ աշխատանք կարող է իրականացվել այստեղ», - ասաց նա:

Դ. Հարությունյանը նշեց որ ևս մեկ նստավայր է նախատեսված վարչապետի համար:

«Գործող վարչապետի հնարավորություններն այն աստիճանի են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների զգալի մասն իրականացվելու է վարչապետի կողմից ու զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար», - ընդգծեց Դավիթ Հարությունյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: