Հայերեն   English   Русский  

Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանին. կառավարությունը հրաժարական է տվել


  
դիտումներ: 667

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը:

Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը:

Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանին

Առանձնազրույցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ` ամփոփել հանդիպման արդյունքները և պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:

ՀՀ Սահմանադրության 212-րդ հոդվածը սահմանում է, որ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը, այսինքն այսօր՝ ապրիլի 9-ին, Կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը, որը Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է։

Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում (ապրիլի 9-16-ը), ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ։

Վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։ Մինչեւ նոր կառավարության ձեւավորումը կառավարության բոլոր անդամները, այդ թվում Կարեն Կարապետյանը, մինչև նոր կառավարության ձեւավորումը շարունակում են իրենց պարտականությունների կատարումը որպես պաշտոնակատարներ:

ԱԺ սահմանադրական օրենքի համաձայն, վարչապետի ընտրությունը տեղի կունենա ԱԺ հատուկ նիստում, ապրիլի 17-ին։ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:

Նշենք, որ նոր օրենսդրական կարգավորումներով կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետից և 17 նախարարներից։ Ներկայումս նախարարների թիվը 18 է, կրճատվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը։

Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են Կառավարության անդամների առնվազն երկու երրորդը։ Լիազորությունները ստանձնած կառավարության անդամները երդվելու են ՀՀ նախագահի ներկայությամբ՝ նրա նստավայրում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: