Հայերեն   English   Русский  

​Էլի մնացինք Սևանի հույսին. իսկ խոստացված 4 ջրամբարներից 3-ը դեռ պետք է սպասեն կառուցվելու իրենց հերթին


  
դիտումներ: 4093

Ապրիլի 10-ին կառավարության վերջին բաց նիստում գործադիրը հավանության արժանացրեց ոռոգման նպատակով Սևանա լճից 2018 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը մինչև 170.0 մլն խորանարդ մետր սահմանելու մասին որոշման նախագիծը: Ըստ այս նախագծի հիմնավորման՝ նման որոշումը պայմանավորված է ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ:

Խնդիրն այն է, որ այս ձմեռն ու գարունն առանց տեղումների էին, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում գյուղատնտեսության համար: Եթե տեղումներ չկան, նշանակում է՝ չեն լրացվում ո՛չ ընդերքային ջրերի պաշարները, ո՛չ մակերեսային, չեն լցվում ջրամբարներն ու ռեզերվուարները: Մի խոսքով, արդեն առկա է ջրի դեֆիցիտ:

Ըստ ջրային տնտեսության պետական կոմիտեից «Անկախին»հաղորդված տվյալների՝ հիմա հանրապետությունում ջրամբարների ընդհանուր լցվածությունը կազմում է 52 տոկոս: 2016 թ. նույն ժամանակահատվածում ջրամբարների լցվածությունը եղել է 65 տոկոս: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ջրամբարներում ներկայումս շուրջ 460 մլն խմ ջուր կա և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ տարբերությունը կազմում է մոտ 27 մլն խմ:

Ու եթե հաշվի առնենք, որ ջրի պակասի տեսանկյունից ամենավատ տարիներից էր 2017 թվականը, երբ ջրի դեֆիցիտը կազմեց շուրջ 130 մլն խմ 2016-ի նկատմամբ, ապա պարզ կդառնա, որ այս տարի դեֆիզիտը մոտ 180 մլն խմ է, ինչը նշանակում է, որ բավականին մեծ տարածքի՝ տասնյակհազարավոր հեկտար հողերի համար ոռոգման ջուրը ոսկուց թանկ է լինելու:

Ըստ ՋՏՊԿ-ից «Անկախին» տրամադրված տվյալների՝ հանրապետությունում տարեկան միջին ջրապահանջը տատանվում է 850 մլն խմ-ից մինչև 1 մլրդ խմ սահմաններում: Այդ պայմաններում 180 մլն խմ դեֆիզիտը խիստ անհանգստանալու տեղիք է տալիս: Հիշենք՝ անցյալ տարի երաշտ էր, ջուր չկար, և ոռոգման սեզոնի մեկնարկին Արմավիր մարզի մի շարք գյուղերի բնակիչներ ճանապարհները փակել էին: Այս տարի էլ, ըստ ամենայնի, Արարատյան դաշտավայրը ոռոգման ջրի հետ կապված լրջագույն խնդիրներ է ունենալու:

Ջրի խնդիրը տարեցտարի ահագնանում է Հայաստանում: Փորձագետներն էլ բազմիցս են նշել, որ ջրի պաշարները չեն բավականացնում: Ինչո՞ւ:

Մի կողմից՝ այդ խնդիրը ջրային պաշարներին է վերաբերում՝ տեղումներին և այլ հանգամանքներին, բայց մյուս կողմից խնդիրը զուտ տեխնիկական է` ենթակառուցվածքային: Որովհետև այսօր Հայաստանում ոռոգման ջրի` ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած ցանցի մոտ 80-95 տոկոսն անմխիթար վիճակում է: Վաղուց պետք էր մտածել, թե ինչպես ենք լուծելու այս խնդիրը և կարծես թե որոշակի քայլեր էլ եղան այս ուղղությամբ:

Ջրամբարաշինություն. հայտարարված ու առկա իրականություն

Հիշում ենք, որ Հայաստանում հայտարարում էին ջրամբարաշինության մեծ ծրագրի մասին, որը մեկնարկել է 2014 թ.: Այդ ծրագրով նախատեսվում էր Հայաստանի տարածքում կառուցել 4 խոշոր ջրամբար՝ Վեդիի, Կապսի, Եղվարդի և Մաստարայի: Դրանցից 3-ի՝ Վեդիի, Եղվարդի և Կապսի ջրամբարները նախագծվել կամ մասնակի կառուցվել են դեռևս ԽՍՀՄ շրջանում, իսկ Մաստարայի ջրամբարի կառուցումը նախաձեռնվել է 2013 թ.: Տվյալ 4 ջրամբարների շինարարությունը նախատեսվում էր ավարտին հասցնել 2021-22 թթ.: Առաջինը նախատեսում էր ավարտին հասցնել Վեդիի ջրամբարի կառուցումը, որը հավանաբար նույնիսկ ժամկետից շուտ շահագործման կհանձնվի՝ 2020 թ. և կդառնա Հայաստանի անկախության շրջանում կառուցված առաջին ջրամբարը: Իսկ մյուս երեքի ճակատագիրը, մեղմ ասած, մշուշոտ է:

Ինչպես մեզ տեղեկացրին Ջրային տնտեսության պետական կոմիտեից (ՋՏՊԿ), Վեդիի ջրամբարի շինարարությունը մեկնարկել է շուրջ 1 տարի առաջ և ընթանում է առաջանցիկ տեմպերով: Ջրամբարը նախատեսված էր 29 մլն խմ ջրի ամբարման համար, սակայն շինարարական լուծումների շնորհիվ հնարավոր կլինի առնվազն 2 մլն խմ-ով ավելացնել կառուցվող ջրամբարի տարողունակությունը: Ջրամբարի շինարարությունը նախատեսված է ավարտել 2021 թ. մայիսին, սակայն այն պատրաստ կլինի արդեն 2020 թ. տարեվերջին, և 2022 թ. ոռոգման աշխատանքներին կմասնակցի նաև Վեդու ջրամբարը: Ջրամբարի գործարկման դեպքում մոտ 8 համայնք` 3200 հա հողատարածք կապահովվի ջրով, ինչի շնորհիվ Սևանից բաց թողնվող ջրաքանակից 18 մլն խմ կտրամադրվի այլ համայնքներում ջրամատակարարման ապահովմանը, 8 խորքային հորեր ամբողջությամբ կապամոնտաժվեն, ինչը նաև էլեկտրաէներգիայի էական խնայողություն ունենալու հնարավորություն կտա: Բացի Վեդիի ջրամբարի գործարկման շնորհիվ մշակովի հողատարածքների ընդարձակումից, մարզում նախատեսվում է ավելացնել նաև ինտենսիվ այգիների, ինչպես նաև ջերմոցային և սառնարանային տնտեսությունների տարածքները:

Ջրամբարի ջուրը կլցվի Վեդի և Խոսրով գետերի հեղեղային (ազատ) հոսքերով, ոռոգման շրջանից դուրս: Վեդու ջրամբարի համար նախատեսվում է կառուցել երկու պատվար, թասի մակերեսը 120 հա է: Ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման 90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Կապսի կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում: Շինարարական աշխատանքները դադարեցվել են 1994 թ., իրականացվել է միայն 20 մ բարձրությամբ պատվարի մարմնի լիցք: Ըստ նախնական ծրագրի՝ նախատեսվում էր Կապսի ջրամբարի մանրամասն նախագծման աշխատանքներն ավարտել 2016 թ. երկրորդ կիսամյակում, որից հետո պետք է տրվեր շինարարական աշխատանքների մեկնարկը: Ջրամբարի պատվարային հանգույցն առաջին փուլում նախատեսվում էր կառուցել 25 մլն խմ ծավալի համար: Այդ պատվարը պետք է կառուցվեր այնպես, որ հետագայում հնարավոր լիներ այն բարձրացնել` հասցնելով ջրամբարի ծավալը 60 մլն խմ-ի:

Շինարարական աշխատանքների ընդհանուր տևողությունը նախատեսված էր 5 տարի: Այն հնարավորություն կտար ընդգրկելու ավելի քան 5 հազար հա նոր ոռոգելի տարածքներ, ինչպես նաև բարելավել ներկայումս ոռոգվող տարածքների ջրապահովումը:

Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների մանրամասն նախագծման, շինարարության և շինտեխնիկական վերահսկողության ընդհանուր ներդրումային ծախսերն առաջին փուլի համար կազմում են 60 մլն եվրո, այդ թվում վարկ՝ 50 մլն եվրո:

Նախնական ուսումնասիրությունները ԽՍՀՄ տարիներին կառուցված Կապսի ջրամբարի տարածքում մի շարք տեխնիկական և շինարարական խնդիրներ են ի հայտ բերել, որոնց վերացման համար ֆինանսական մեծ ներդրումներ են պահանջվում: Փաստորեն զգալիորեն ավելանում է Կապսի ջրամբարի ինքնարժեքը: Ապրիլի վերջին պատրաստ կլինեն Կապսի ջրամբարի տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա էլ կորոշվի Կապսի ջրամբարի շինարարության և վարկային այս միջոցների ներգրավման նպատակահարմարությունը:

Եղվարդի անավարտ ջրամբարը, որը գտնվում է Կոտայքի մարզում, նախագծվել և սկսել է կառուցվել 1984 թ., սակայն շինարարական աշխատանքները մոտ 40 տոկոսով իրականացնելուց հետո ընդհատվել են: Սա հանրապետության ամենախոշոր կիսակառույց ջրամբարն է՝ 228 մլն խմ ընդհանուր ծավալով և 2 պատվարով, նախատեսված է 30,5 հազ. հա հողատարածք ոռոգելու համար:

Եղվարդի անավարտ ջրամբարի վերակառուցման ուսումնասիրություններն սկսվել են 2014 թ. հունիսից: Ճապոնական միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) դրամաշնորհով Եղվարդի ոռոգման ծրագրի լայնածավալ կիրառելիության ուսումնասիրություն է իրականացրել և տեխնիկատնտեսական ուսումնասիրության նյութերը հանձնել ՀՀ կառավարությանը: Հաշվարկների համաձայն՝ ջրամբարի կառուցման համար 220 մլն դոլար վարկ է պահանջվում:

Ջրամբարի շինարարության ծրագիրը կասեցվել է, քանի որ մանրամասն նախագծման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքները փաստում էին, որ ջրամբարի շինարարությունը նպատակային և ինքնածախսատար չէ:

Մաստարայի 10.5 մլն խմ ընդհանուր ծավալով ջրամբարի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա Արմավիրի մայր ջրանցքի 27-րդ կիլոմետրից հետո գտնվող համայնքներին մատակարարել ոռոգման ջուր ինքնահոս եղանակով՝ շահագործումից հանելով խորքային հորերը, իսկ Արարատյան ստորգետնյա ավազանից ջրառը պակասեցնել տարեկան շուրջ 5,3 մլն խմ-ով:

Ջրամբարը կբարձրացնի 3794 հա ոռոգվող հողատարածքների ջրապահովման մակարդակը, մեխանիկական ոռոգման անցում ինքնահոս համակարգի, որի շնորհիվ տարեկան կտնտեսվի 2.1 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, ինչպես նաև լրացուցիչ կոռոգվի ներկայումս չմշակվող 590 հա հողատարածք: Մաստարայի ջրամբարի կառուցման իրագործելիության ուսումնասիրությունների համար 2015 թ. հատկացվել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կարողությունների զարգացման հավատարմագրային հիմնադրամի (ECAPDEV) դրամաշնորհ: Միաժամանակ նախապատրաստվում է ծրագրի հայեցակարգը նույն հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացնելու համար:

Ի դեպ, ՋՏՊԿ-ից տեղեկացանք, որ 2018 թ. կոմիտեն կառավարություն է ներկայացրել մասնավորի հետ համագործակցությամբ 11 փոքր ջրամբարների կառուցման ծրագիր: 11 փոքր ջրամբար կառուցելու և Սևաբերդի ջրամբարի վերականգնման նախագծերը պոտենցիալ ներդրողների ուշադրության թիրախում են: 11 ջրամբարներից 4-ը Վայոց ձորում են, 2-ը` Տավուշում, 2-ը` Գեղարքունիքում, 3-ն էլ Արմավիրի մարզում: Այս ջրամբարների կառուցման ընդհանուր բյուջեն 40 մլրդ դրամ է, իսկ Սևաբերդի վերականգնման համար անհրաժեշտ է 2 մլրդ դրամ: Նշվում է, որ ջրամբարներից 3-ի մասով հետաքրքրություն են դրսևորում մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից: Բայց թե ինչպես կծավալվեն դեպքերը, ցույց կտա ժամանակը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: