Հայերեն   English   Русский  

Էդգար Ստեփանյան. «Մեկնարկը պարտավորեցնող է. ոգևորված եմ այս ձեռքբերումներով»


  
դիտումներ: 2381

Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության փուլի մրցանակակիր, Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը մարտի 17-ից տեղափոխվել է ԱՄՆ և պայմանագրով հանդես է գալիս մեր «Վելո Փասադենա» ակումբում: Երիտասարդ մարզիկն իր նոր թիմի կազմում արդեն մասնակցել է մի քանի մեկնարկների և մեդալներ նվաճել տարբեր մրցաձևերում:

«Անկախի» հետ զրույցում Էդգար Ստեփանյանը պատմում է մրցաշարերից ստացած տպավորությունների, ԱՄՆ-ում հանդես գալու որոշման և առաջիկա ծրագրերի մասին:

- Էդգար, համագործակցությունը «Վելո Փասադենա» ակումբի հետ ինչպե՞ս ստացվեց:

- ԱՄՆ-ում հանդես գալու առաջարկը ստացա Խորհրդային Միության անվանի հեծանվորդ, Հայաստանի չեմպիոն Հրաչ Գևրիկյանից: Նա «Վելո Փասադենա» ակումբի հիմնադիրն է: Եվրոպայում կամ ԱՄՆ-ում հանդես գալու ընտրության հնարավորություն ունեի: Հունվարին ընդունեցի ԱՄՆ-ում հանդես գալու առաջարկը, որն ավելի նպատակահարմար էր: Թիմը մասնակցում է ԱՄՆ-ի վարկանիշով բարձր մրցաշարերին: Մարզիկի համար կարևոր է շատ մեկնարկներ ունենալ, հաճախ մրցումների մասնակցել, փորձ ձեռք բերել և շարունակ կատարելագործվել:

Նշեմ, որ հեծանվասպորտն ԱՄՆ-ում սիրված մարզաձև է: Հատուկ հեծանիվ վարելու խճուղիներ կան: Մեծ թվով պրոֆեսիոնալ ու բարձրակարգ մարզիկներ ունեն, իսկ սիրողական մակարդակով զբաղվում են շատ շատերը տարբեր տարիքային խմբերում: Անգամ մրցումներ են կազմակերպվում, որոնց մասնակցում են 100 և ավելի մարզիկներ:

- Դուք արդեն հասցրել եք մասնակցել մի քանի մեկնարկների` բարձր արդյունքներ ցույց տալով և մեդալներ նվաճելով: Շնորհավորում ենք:

- Շնորհակալ եմ: Մինչ ԱՄՆ տեղափոխվելն արդեն գիտեի, որ ժամանելուց 10 օր հետո պետք է մասնակցեմ մրցաշարերի, ուստի ծանրաբեռնված գրաֆիկով մարզվում էի: Մեկնարկներս հաջող ստացվեցին: Սան Դիմասում անջատ մեկնարկ վերելքներով 7,5 կմ-ում եզրագիծը հատեցի 3-րդը, այնուհետև 85 կմ խմբային վազքում զբաղեցրի 2-րդ հորիզոնականը, կրիտերիում մրցաձևում հաղթող դարձա, իսկ Կալիֆոռնիայի մրցումում` բրոնզե մեդալակիր:

Մրցումներից առաջ փորձում եմ հանգստություն պահպանել, ուժերս ավելորդ չվատնել, իսկ մրցման ընթացքում ամեն ինչ անել հաջողության հասնելու համար: Ինձ ճանաչողները քաջալերում են և սպասում հաջորդ մրցաշարերին: Մեկնարկը պարտավորեցնող է, ոգևորված եմ այս ձեռքբերումներով: Ամեն գնով պետք է աշխատեմ կատարելագործվել:

- Սան Դիմասի մրցաշարում որպես լավագույն սպրինտեր արժանացաք նաև կանաչ շապիկի: Ի՞նչ ծիսակարգ է դա:

- Խճուղում մրցաշարերը տևում են մի քանի օր: Լավագույն մարզիկներն արժանանում են շապիկների: Ընդհանուր մրցաշարի հաղթողն արժանանում է դեղին շապիկի: Երբ մարզիկները հատում են եզրագիծը, ստանում են միավորներ: Ում միավորն ամենից շատն է լինում, նա էլ արժանանում է կանաչ շապիկին: Վերջին փուլից առաջ մեկ միավորով առաջ էի 2-րդ տեղը զբաղեցնող մարզիկից, ես պետք է մասնակցեի կանաչ շապիկով: Երբ վերջին օրը հաղթեցի կրիտերիում մրցաձևում՝ միավորներս ավելացան, ուստի և ինձ տրվեց շապիկը:

- Ուրախալի է, որ կարճ ժամանակում հասցրիք ընտելանալ միջավայրին: Ի՞նչ գրաֆիկով եք մարզվում, տարբերություններ կա՞ն մարզման գործընթացում:

- Ակումբում հանդես են գալիս փորձառու և անվանի մարզիկներ, որոնց հետ մարզումները դրական են անդրադառնում: Շաբաթը 6 օր, օրական 2-3 անգամ մարզումներ ենք անցկացնում` ըստ պլանի: Առայժմ միայն խճուղում ենք մարզումներ անցկանում, քանի որ առաջիկայում մրցումներն անցվկացվելու են այնտեղ: Այնուհետև կսկսեմ մարզվել նաև հեծանվահրապարակում, ըստ այդմ որոշակիորեն կփոփոխվի մարզումների ընթացակարգը, կսկսեմ առավելապես աշխատել արագության վրա:

Որոշակի փոփոխություններ կան մարզումների ընթացքում, քանի որ մրցաշարերի ժամանակ վերելքներ ենք բարձրանում, ուստի շեշտը հիմնականում դնում ենք վերելքների հաղթահարման վրա:

Նշեմ , որ մարզումներին զուգահեռ՝ ապրիլին կմասնակցեմ 1 փուլով մրցման, իսկ մայիսին` պրոֆեսիոնալ մրցաշարի` անընդմեջ 6 փուլ տևողությամբ:

Էդգար Ստեփանյան

- Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:

- Երբ ամիսներ շարունակ մեծ ծավալի աշխատանք ես կատարում ու հասնում ես հաջողության, նշանակում է իրագործում ես նպատակներդ: Յուրաքանչյուր մարզիկ պետք է լինի նպատակասլաց, փորձի անել հնարավորն ու անհնարը հաջողության հասնելու համար: Իհարկե, լինում են պահեր, երբ հոգնում ես կամ հիասթափվում, ուզում ես թողնել ամեն ինչ, քանի որ ամիսներ շարունակ մարզվում ես, աշխատում և պատահում է, որ չես հաղթում կամ անհաջողության ես մատնվում: Պետք է պարզապես գիտակցել, որ սպորտում ամեն ինչ էլ պատահում է, լինում են նաև սայթաքումներ: Հարկավոր է հավատալ սեփական ուժերին ու շարժվել առաջ:

- Ծանրաբեռնված գրաֆիկով մարզվում եք, մասնակցում մրցաշարերի: Հայաստանի հավաքականի կազմում շարունակելո՞ւ եք Ձեր ելույթները:

- Մեծ սիրով շարունակելու եմ ելույթներս Հայաստանի հավաքականի կազմում: Երբ հագնում եմ եռագույն մարզահագուստը ու կանգնում եմ մեկնարկի, զգում եմ, որ մտերիմներից ու հարազատներից բացի, ինձ հետ է մի ամբողջ ազգ, որ սպասում է իմ հաղթանակին: Իսկ երբ հաղթում եմ և ի նշան հաղթանակի հնչում է հիմնը և բարձրանում եռագույնը, այդ պահին աննկարագրելի հուզմունք եմ ապրում:

Իհարկե, Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի որոշմամբ հավաքականի կազմում կմասնակցեմ մրցաշարերի կա՛մ Եվրոպայի, կա՛մ աշխարհի գավաթի առաջնություններին:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: