Հայերեն   English   Русский  

​«Լույսը» նոր հայտեր է ընդունում՝ արդեն փոփոխված չափանիշներով


  
դիտումներ: 4795

Ամեն տարվա ապրիլի 1-ից մեկնարկում է «Լույս» կրթաթոշակի հայտերի ընդունման փուլը: Այս տարի 2018-2019 ուսումնական տարվա համար հայտերի ընդունման փուլի մեկնարկը համընկավ կրթության ոլորտում կատարվող ծախսերի արդյունավետության, առհասարակ կրթության ոլորտի ու կրթական համակարգի վերաբերյալ հասարակական քննարկումների ակտիվ փուլի հետ: Ուստի «Լույսի» այս տարվա տարածած մամլո հաղորդագրությունը գրավեց մեր ուշադրությունը:

Տվյալ մամլո հաղորդագրությունում նշվում էր, որ 2017 թ․ հուլիսին՝ «Լույսի» համայնքի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ հիմնադրամի աշխատանքում ռազմավարական փոփոխություններ իրականացնելու ժամանակն է: Նախագահի հայտարարությանը հաջորդած ամիսների ընթացքում «Լույսը» կատարել է 2009-ից ի վեր իր բոլոր գործառնությունների խոր ուսումնասիրություն։ Արված վերլուծության հիման վրա «Լույսի» գիտական խորհուրդը որոշել է ընդունել կրթաթոշակի ծրագրի նոր կանոնակարգ: Ռազմավարական այս նոր մոտեցումը հնարավորություն կտա ավելի նպատակաուղղված ծառայելու Հայաստանի և ողջ հայության զարգացմանը։

Նախ նշենք, որ «Լույս» հիմնադրամն ստեղծվել է 2009 թ., և դրա առաքելության հիմքում, ինչպես հայտարարվում էր, դրվել է Հայաստանի զարգացման ապահովումը համաշխարհային գիտելիքահենք տնտեսության պայմաններում։ «Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է տրամադրում աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ երիտասարդներին և տարբեր նախագծերի ու ծրագրերի միջոցով ապահովում նրանց մասնակցությունը Հայաստանի զարգացման գործում։

«Լույսի» կրթաթոշակի ծրագրի դիմորդը պետք է համապատասխանի որոշակի չափորոշիչների, լինի հայ՝ ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ կամ ունենա հայ արմատներ, «Լույսին» դիմելու պահին պետք է լինի 18-40 տարեկան, ընդունված լինի «Լույսի» կայքում հրապարակված լավագույն 10 (տասը) համալսարաններից մեկը առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու համար։

Անցյալ՝ 2017-2018 ուսումնական տարվա համար, օրինակ, «Լույսի» կրթական խորհուրդը հաստատել է «Լույսի» համալսարանների ցանկը, որում ընդգրկված էին Հարվարդի , Սթենֆորդի, Քեմբրիջի համալսարանները, Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտը (MIT), Կալիֆոռնիայի (Բերկլի), Փրինսթոնի, Օքսֆորդի համալսարանները, Կալիֆոռնիայի տեխնոլոգիայի ինստիտուտը, Կոլումբիայի և Չիկագոյի համալսարանները:

Նախագահի հայտարարությունը, բնականաբար, մի քանի հարցեր առաջացրեց, մասնավորապես՝ ի՞նչ խնդիրներ են առաջացրել փոփոխությունների անհրաժեշտություն:

«Ուղղակի 8 տարիների գործունեությունը վերանայելով, ուսումնասիրելով արդյունքները, ուսումնասիրելով փոփոխությունները Հայաստանում և զարգացումները ամբողջ աշխարհում՝ որոշվել է, որ մեր ռազմավարությունը պետք է փոխվի՝ նպատակ ունենալով արդեն ավելի շատ կենտրոնացնել այդ գիտելիքները, այսինքն՝ լավագույն համալսարաններում սովորող ուսանողների գիտելիքներն ու փորձը ավելի շատ կենտրոնացնել Հայաստանում և Արցախում»,- «Անկախին» ասաց «Լույս» կրթաթոշակի ծրագրի պատասխանատու Արմեն Ներսեսյանը:

Այստեղ նուրբ ակնարկ կա, որ հիմնադրամը միջոցներ է ծախսում, որ աշխարհի լավագույն համալսարաններում ուսանողները սովորեն, իսկ հետո իրենց փորձը կիրառեն Հայաստանում և Արցախում, բայց այդպես չի լինում: Հետևաբար որոշ չափորոշիչներ են փոխվել: Ընդհանուր առմամբ, չափորոշիչները փոխվել են այնպես, որ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակներով սովորողները ավելի պարտավորված լինեն վերադառնալու Հայաստան:

Ասել է թե՝ արժե նայել նաև վիճակագրությունը՝ հասկանալու համար, թե այս հիմնադրամի հատկացրած կրթաթոշակներով լավագույն համալսարաններում սովորած քաղաքացիներից քանիսն են վերադարձել Հայաստան:

Ըստ հիմնադրամի տարածած հաղորդագրության՝ այսօր «Լույսն» ունի 500-ից ավելի կրթաթոշակառուների և շրջանավարտների համայնք աշխարհի տարբեր անկյուններից, և նրանք ակտիվ մասնակցում են դրական փոփոխություններին թե՛ աշխատավայրերում, թե՛ այն գիտական կենտրոններում, որտեղ սովորում են: Բացի այդ, 2009/2010 – 2017/2018 ուսումնական տարիների համար հիմնադրամը շնորհել է ընդհանուր 971 կրթաթոշակ: Կրթաթոշակառուների մեծ մասը՝ 58 տոկոսը կամ 298 հոգի եղել են ՀՀ քաղաքացիներ: Երկրորդ խոշոր խումբը ԱՄՆ քաղաքացիներն են՝ 30 տոկոս կամ 154 հոգի, երրորդ տեղում ՌԴ քաղաքացիներն են՝ 4 տոկոս կամ 23 հոգի, մնացած երկրների (Կանադա, Լիբանան, Բուլղարիա, Բրիտանիա Իրան, Սիրիա, Ուկրաինա, Չեխիա, Ֆրանսիա, Վրաստան, Շվեդիա, Թուրքմենստան, Թուրքիա, Արգենտինա, Հունաստան) քաղաքացիները միասին կազմում են կրթաթոշակառուների 8 տոկոսը կամ 39 հոգի: Մինչ օրս «Լույսի» շրջանավարտների թիվը, ըստ հիմնադրամի կայքում հրապարակված տվյալների, կազմում է ընդհանուր 384 հոգի: Ու հարց է՝ նրանցից քանիսն են կրթությունն ավարտելուց հետո վերադարձել Հայաստան:

«Նախ և առաջ փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում վերադառնալ: Որովհետև մեր կրթաթոշակառու ուսանողների գրեթե կեսը ՀՀ քաղաքացի չէ, Սփյուռքից է: Այսինքն՝ երբ մենք ասում ենք վերադառնալ Հայաստան, դա վերաբերում է ավելի շատ նրանց, ովքեր ՀՀ քաղաքացի են և պետք է ուսումն ավարտելուց հետո վերադառնան այն երկիր, որտեղ բնակվում են: Եթե խոսքը վերաբերում է նման կրթաթոշակառուներին, ապա մեր ուսանողների մոտավորապես 60 տոկոսը վերադառնում է Հայաստան և աշխատել կամ աշխատում է Հայաստանում: Կան, իհարկե, ուսանողներ, որոնք չեն վերադարձել, պատճառն այն է, որ նրանք մեկնել են սովորելու այլ համալսարաններում արդեն առանց մեզ: Օրինակ՝ մագիստրատուրան ավարտել են «Լույսի» հետ, բայց հետո իրենց ասպիրանտուրան շարունակել են այլ համալսարանում կամ տվյալ համալսարանում՝ ունենալով արդեն ֆինանսավորում: Սփյուռքի ներկայացուցիչների դեպքում, իհարկե, հաշվարկ չենք անում, թե որտեղ են նրանք աշխատում, բայց նրանք, ովքեր այստեղ չեն, անմիջական կապի մեջ են հիմնադրամի հետ, և մենք միշտ փորձում ենք տարբեր ծրագրեր իրականացնել թե՛ Հայաստանում, թե Արցախում, թե՛ հայկական համայնքներում»,- մեզ հետ զրույցում նշեց «Լույս» կրթաթոշակի ծրագրի պատասխանատու Արմեն Ներսեսյանը:

Իհարկե, «Լույսի» շրջանավարտները կարող են նաև չվերադառնալ, քանի որ տրամաբանական պատասխան չկա, թե ինչու պետք է վերադառնան: Մեր երկրում գրավող, մոտիվացնող, առաջընթացի հեռանկարներ չեն տեսնում ու որոշում են չվերադառնալ: Բայց դա ուրիշ քննարկման առարկա է: Այնպես որ խոսենք որոշակի վերադարձածներից:

Ահա հարց է ծագում, թե «Լույս» հիմնադրամի գործունեության 8-9 տարիների ընթացքում ծախսած յուրաքանչյուր դոլարը որքան արդյունք է տվել: Կրթաթոշակներով շնորհված ընդհանուր գումարի չափը, ինչպես հայտնեցին հիմնադրամից, հրապարակման ենթակա չէ, ուստի չենք կարող իմանալ, թե որքան գումար է ծախսվել այս տարիների ընթացքում՝ նախապես հայտարարված նպատակներն ու առաքելությունները իրագործելու համար: Հետևաբար չենք կարող հասկանալ կամ գնահատել ծախսերի արդյունավետությունը: Որովհետև «Լույսը» մասնավոր հիմնադրամ է, որի միջոցները գոյացել են անհատ նվիրատուների ու մասնավոր կազմակերպությունների նվիրատվություններից: Իրավական առումով հիմնադրամի միջոցներից ծախսված յուրաքանչյուր ցենտի արդյունավետության գնահատական կարող են պահանջել մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ մասնակցել են հիմնադրամի միջոցների գոյացմանը: Բայց և այնպես «Լույսը» Հայաստանի ամենից շատ գովազդվածված հիմնադրամներից ու նախագծերից է, և շատերի մտքում կարող է այս հարցը առաջանալ: Ուստի «Անկախը» դիմեց հիմնադրամի կրթաթոշակի ծրագրի պատասխանատու Արմեն Ներսեսյանին՝ նաև հասկանալու համար միջոցների ծախսման արդյունավետությունը կամ արդյունավետության գրահատման չափանիշները:

«Մենք, այսպես ասենք, ոչ թե գնահատում ենք արդյունավետությունը, այլ գնահատում ենք նրանով, թե մեր ուսանողներն ինչ ներդրում են ունենում, որտեղ են աշխատում, թեկուզ ավարտելուց հետո ինչպիսի փոփոխություններ են բերում Հայաստան կամ ինչ ծրագրեր են իրականացնում: Օրինակ՝ մեր ուսանողներն ու շրջանավարտները Հայաստանում բացել են 30-ից ավելի սթարթափներ, ու դա մենք նույնպես ողջունում ենք, և անգամ ունենք հատուկ ծրագիր՝ «Ստարտ Արմենիա ֆաունդ», որի միջոցով փորձում ենք գումար, դրամաշնորհ տալ այն ուսանողներին, որոնք պատրաստվում են կամ արդեն իսկ իրենց սթարթափ ձեռնարկությունն են հիմնել Հայաստանում, հենց Հայաստանում»,- նշեց Արմեն Ներսեսյանը:

Հետաքրքիր է, երբ օրեր առաջ «Անկախի» հետ զրույցում Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը խոսում էր կրթության վրա կատարված ծախսի ֆինանսական արդյունավետության գնահատականից, նշում էր, որ ամեն տարի մենք ինչ-որ ծախսեր ենք անում կրթության բնագավառում, բայց չենք հասկանում՝ արդյունավե՞տ են, թե՞ ոչ, և այս առումով շեշտում էր՝ ցանկացած ծախս պետք է ունենա ֆինանսական արդյունավետության գնահատական: Այս դեպքում, ինչպես տեսնում ենք, այդպիսի գնահատական չկա, չի էլ հետաքրքրում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: