Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի վարչապետը հայտարարել է հրաժարական տալու պատրաստակամության մասին


  
դիտումներ: 304

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հայտարարության առնչությամբ:

«Ինձ հարցնում են, թե ինչպես եմ վերաբերվում նրան, որ նոր կառավարությունում իմ պաշտոնը չի լինելու: Պատասխանեմ՝ ինձ համար ավելի կարևոր է իմ երկրի, այլ ոչ թե իմ անձնական ապագան: Մինչ օրս, երբ խոսքը գնում է երկրի բարօրության մասին, ես մի կողմ եմ դնում իմ անձնական շահերն ու հավակնությունները»,- Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում լրագրողներին ասել է Յըլդըրըմը:

Ապրիլի 18-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2018 թ-ի հունիսի 24-ին: Ըստ նրա՝ դա պայմանավորված է հնարավորինս շուտ կառավարման նախագահական համակարգին անցնելու անհրաժեշտությամբ, համաձայն որի՝ գործադիր իշխանության ղեկավար կդառնա նախագահը, իսկ վարչապետի պաշտոնը կվերացվի:

Ապրիլի 17-ին Բահչելին հանդես է եկել 2018 թ-ի օգոստոսի 26-ին Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկով: Ավելի վաղ նախատեսված էր ընտրություններն անցկացնել 2019 թ-ի նոյեմբերի 3-ին, ինչից հետո պետք է ուժի մեջ մտնեին նախագահական համակարգի մասին դրույթները, որոնք ընդունվել էին 2017 թ-ի ապրիլին կայացած սահմանադրական հանրաքվեի ժամանակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: