Հայերեն   English   Русский  

Անդրանիկ Հակոբյան. «Պետք է մեր երկիրը ճանաչելի դարձնենք միջազգային ասպարեզում»


  
դիտումներ: 3476

Ապրիլի 7-8-ը Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնի մարզադահլիճում անցկացվեց կիոկուշին կարատեի Եվրոպայի պատանիների և մեծահասակների առաջնությունը, որը նվիրված էր Երևանի հիմնադրման 2800- ամյակին: Առաջնությունն անցկացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՀԱՕԿ-ի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:

«Անկախի» հետ զրույցում Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը խոսում է Հայաստանում նմանատիպ առաջնությունների անցկացման կարևորության, ստուգատեսում հայ մարզիկների ելույթի և ֆեդերացիայի աշխատանքների մասին:

- Պարոն Հակոբյան, այսպիսի մեծամասշտաբ մարզական միջոցառումներ հաճախ չէ, որ անցկացվում են Հայաստանում: Եվրոպայի առաջնությունը մեր երկրում անցկացնելու որոշումն ինչպե՞ս կայացվեց:

- Դեռևս 2016-ին Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիային ցանկություն հայտնեցինք Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու մասին: 2017 թվականին միջազգային ֆեդերացիան անցկացրեց ժողով, որին ներկա էի նաև ես, և հաստատեց հյուրընկալության իրավունքը: Այնքան էլ հեշտ չէ մեզ մոտ նման միջոցառում կազմակերպել, քանի որ ամեն ինչ պետք է համապատասխանի միջազգային ստանդարտներին: Նշեմ, որ առաջնության անցկացման փորձ ունեինք, 2012-ին Եվրոպայի առաջնությունը կայացել էր Հայաստանում: Սակայն 2018-ի առաջնությունը լիովին տարբերվեց իր ընդգրկումով, մասնակիցների թվով և կազմակերպվածությամբ: Մրցաշարին մասնակցեց 27 պետությունների շուրջ 700 մարզիկ: Թուրքիան նույնպես մասնակցության հայտ էր ներկայացրել, սակայն վերջին պահին հրաժարվեց:

Մրցումներին առցանց տարբերակով հետևեցին աշխարհի շուրջ 100 երկրներում: Ողջ մրցաշարի ընթացքում օգտագործվեցին նորագույն տեխնոլոգիաներ: Ամբողջ մրցաշարը համակարգչայնացված էր՝ սկսած մարզիկների կշռման արարողությունից մինչև գորգ դուրս գալու պահը:

Ապրիլի 8-ին կայացան առաջնության պաշտոնական բացման արարողությունն ու եզրափակիչները: Մրցումներին ներկա էին տարբեր երկրների բարձրաստիճան անձինք, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, դեսպանատների ներկայացուցիչները, Հայաստանում Ճապոնիայի դեսպանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

- Բոլոր տարիքային խմբերի և քաշային կարգերի պայքարում ընդհանուր առմամբ Հայաստանը նվաճեց 17 մեդալ` 1 ոսկե, 4 արծաթե և 12 բրոնզե: Մեր մարզիկների ելույթները գոհացուցի՞չ են:

- Բարձրակարգ մրցաշար էր, որին մասնակցում էին անվանի մարզիկներ: Կարծում եմ՝ ավելի լավ է մասնակցել ուժեղագույն ստուգատեսների, քան մրցանակակիր դառնալ թույլ մրցումներում: Այդ մտածողությամբ եմ դաստիարակում իմ սաներին: Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնության կանանց և տղամարդկանց մրցելույթներում բացարձակ առաջատար էին Ռուսաստանի ներկայացուցիչները: Մեր մարզիկներն ընդհանուր առմամբ հաջող հանդես եկան. 1-ին հորիզոնականը զբաղեցնելու համար անհրաժեշտ էր հաղթել 5-6 մենամարտ: Ունեցանք մրցանակակիրներ տարբեր հորիզոնականներում: Մեծահասակների և պատանիների պայքարում հաջող հանդես եկան Հովհաննես Սարգսյանը, Ազատ Ալոյանը, Արկադի Բաղդասարյանը: Համոզված եմ, որ մեկ-երկու տարի հետո նրանք ավելի բարձր դիրքերում կլինեն:

- Ապրիլի 9-ին միջազգային ֆեդերացիայի պատվիրակությունն անցկացրեց նաև սեմինար-պարապմունք, որին հաջորդեց սև գոտիների հանձնումը:

- Մենք սեմինարի անցկացման հիանալի հնարավորություն ունեցանք, քանի որ Հայաստանում էին միջազգային ֆեդերացիայի լավագույն ներկայացուցիչները: Նպատակը մարզիկների և մարզիչների մակարդակը բարձրացնելն էր գիտելիքի առումով: Սեմինար պարապմունքին մասնակցեց ավելի քան 1000 մարզիկ: Մարզիկների թիվն ավելի շատ կլիներ, պարզապես դահլիճի հնարավորությունները թույլ չտվեցին:

Համոզված եմ, որ անցկացված պարապմունքները կոգևորեն երեխաներին, և նրանք ավելի ուժեղ ու բարձրակարգ մարզիկ դառնալու նպատակ կդնեն:

Մենք անցկացրինք նաև սև գոտիների հանձնման համար նախատեսված քննություն: Ցավոք, ոչ բոլորը հանձնեցին: Նշեմ, որ ֆեդերացիան այս հարցին շատ խիստ է մոտենում: Դրվածքն է այդպիսին. սև գոտի ստանում են միայն արժանիները: Մարզիկները շատ-շատ էին: Բայց մենք քննությանը մասնակցելու իրավունք տվեցինք ընդամենը 5-ին: Սև գոտու արժեքն ընկած է մեր երկրում: Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկների սև գոտիները հաստատում է միջազգային ֆեդերացիան: Անընդունելի է, որ դահլիճներում սև գոտիներն ավելի շատ են, քան մնացածները: Ֆեդերացիայի հիմնադրման օրվանից այս հարցի նկատմամբ լուրջ մոտեցում եմ ցուցաբերել: Մարզիկներն իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ են ստանում գոտիները: Տարածաշրջանում ամենաբարձր որակավորումներից մեկը՝ սև գոտի, 5-րդ դան ունենալով՝ իրավունք ունեմ ընդունելու մինչև սև գոտի, 3-րդ դան: Բայց նպատակահարմար եմ գտնում, որ մարզիկները միջազգային ֆեդերացիայից ստանան այդ գոտիները: Նրանք էլ ընթացքում հասկանում են, որ պետք է գործով ապացուցեն:

- Պարոն Հակոբյան, կիոկուշին կարատե մարտարվեստն ի՞նչ կարգավիճակ ունի այսօր մեր երկրում:

- 2005 թվականից գործում է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան, ունենք 3000-ից ավելի սաներ: 2017 թվականին ֆեդերացիան պաշտոնապես ճանաչվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից՝ ստանալով պետական կարգավիճակ: Նշեմ, որ թեև ֆինանսավորումը չի կարող հոգալ մեր բոլոր ծախսերը, սակայն կարևորը աջակցությունն է, որ մենք ստացանք: Հետագայում ներդրումն ավելի կմեծանա, քանի որ Հայաստանի կիոկուշին կարատեի մարզիկները միջազգային մասշտաբով մասնակցում են ամենաուժեղ մրցաշարերին: Պետական աջակցության դեպքում մարզիկների ոգևորությունը մեծ կլինի, և նրանք ավելի բարձր արդյունքներ կունենան:

Կիոկուշին կարատեն այսօր իր հաստատուն տեղն ու դերն ունի Հայաստանի արևելյան մարտարվեստների շարքում: Ֆեդերացիան լուրջ կառույց է, առաջատարներից մեկը մարզաձևերի թվում: Նշեմ, որ Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներն անչափ գոհ էին Եվրոպայի առաջնության կազմակերպվածությունից, անցկացման մակարդակից. բազում դրական արձագանքներ եմ լսել: Սա ֆեդերացիայի նվիրված աշխատանքի շնորհիվ է: Ամեն ինչ արեցինք մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար: Միջազգային ֆեդերացիայի պատվիրակությունը հանդիպեց քաղաքապետի հետ և քննարկեց 2019 թվականին աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հարցը: Նախատեսվում է, որ Հայաստան կժամանեն 70-ից ավել երկրների պատվիրակներ: Նշեմ նաև, որ այս կերպ հնարավորություն կունենանք զարգացնելու տուրիզմը Հայաստանում: Եվրոպայի առաջնության շրջանակներում Հայաստան էին ժամանել 1000-ից ավելի օտարերկրյա քաղաքացիներ: Պատվիրակությունների կազմում էին մարզիկներ, մարզիչներ, մրցավարներ, երկրպագուներ: Տեղյակ եմ, որ նրանք զուգահեռաբար եղել են Հայաստանի տեսարժան վայրերում՝ մնալով մեր երկրում նախատեսվածից ավելի երկար: Պետք է մեր երկիրը ճանաչելի դարձնենք միջազգային ասպարեզում և այդ ուղղությամբ մշտապես աշխատանքներ տանենք:

Մարզաձևը Հայաստանում ճանաչված է ու սիրված: Վերջին տարիներին մեծ հոսք է նկատվում նաև աղջիկների շրջանում: Ինձ ուրախացնում է այդ փաստը: Աղջիկների ծրագիրը, բնականաբար, տարբերվում է: Հայաստանում գործող շուրջ 100 ակումբների բոլոր տարիքային խմբերում մարզվող աղջիկներ կան:

- Սպորտում հաջողության կարելի է հասնել հմուտ և փորձառու մարզիչների առկայությամբ: Բնագավառում այսօր շատ կան արևելյան մարտարվեստով զբաղվող մարզիչներ: Նրանց աշխատանքը վերահսկվո՞ւմ է:

- Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան հետևողական է և պահանջկոտ մարզչի աշխատանքի նկատմամբ: Պատահական մարզիչներ մեզ մոտ չեն աշխատում, քանի որ գործ ունենք երեխաների հետ: Ֆեդերացիայում աշխատում են լավագույնները: Նրանք պետք է ոչ միայն ճիշտ մարզչական աշխատանք տանեն, այլև դաստիարակեն, կրթեն, օրինակ ծառայեն: Թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը գցի մեր ֆեդերացիայի վարկանիշն իր թույլ մասնագիտական աշխատանքով: Ցավոք, լինում են դեպքեր, երբ ոչ պատշաճ մակարդակով աշխատող մարզիչները հեռանալով՝ մի քանի տարրերի փոփոխությամբ բացում են մարտարվեստների խմբեր՝ խանգարելով մյուս ֆեդերացիաների առաջընթացին ու զարգացմանը: Բայց նրանց գործունեությունը ժամանակի հարց է, ամեն ինչ կկարգավորվի: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն էլ լուրջ քայլեր է ձեռնարկում՝ վերահսկելով նրանց:

- Պարոն Հակոբյան, Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելուց հետո ի՞նչ ծրագրեր եք իրականացնելու:

- Ֆեդերացիան ունի իր տարեկան աշխատանքային պլանը: Մենք մշտապես փորձում ենք հայտնաբերել նոր և տաղանդավոր մարզիկների, որոնք միջազգային ասպարեզում հաջող հանդես կգան հետագայում: Այդ կապակցությամբ առաջիկայում Հայաստանի մարզերում գործող խմբակներին մեծ քանակի գույք ենք տրամադրելու: Այս տարի հատկապես մարզերն են լինելու մեր ուշադրության կենտրոնում: Հայաստանի 5 մարզերում անցկացնելու ենք մարզային առաջնություններ. աչքի ընկած մարզիկներին հատուկ ուշադրություն կդարձնենք: Մայիսին կանցկացնենք Երևանի առաջնություն, որին կմասնակցեն բազմաթիվ երեխաներ: Սա հեռանկարային մարզիկներին հայտնաբերելու լավագույն տարբերակներից է: Հավաքականում ընդգրկված մարզիկների համար լավագույն պայմաններ են ստեղծվել ֆեդերացիայի ջանքերով: Աշխատանքներ ենք իրականացնելու աշխարհի 2019 թվականի մեծահասակների կամ 2020 թվականի պատանիների առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար: Որոշ պայմանների բավարարման դեպքում այդ մեծ միջոցառումը կհյուրընկալենք մեր քաղաքում` Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մենք ցանկություն ունենք, որ Հայաստանում բնակվող բոլոր երեխաները հնարավորություն ունենան մարզվելու, սպորտով զբաղվելու, իրենց առողջությունն ամրապնդելու, ֆիզիկապես կոփվելու համար: Եվ պարտադիր չէ, որ ընտրեն միայն մեր մարզաձևը: Նպատակը մեկն է` ունենալ առողջ և ուժեղ սերունդ: Կիոկուշին կարատեն ֆիզիկապես և հոգեպես կոփում է երեխաներին: Նշեմ, որ մարզաձևով զբաղվող տղաները, զորակոչվելով բանակ, տարբերվում են իրենց պատրաստվածությամբ, և ես մշտապես լսում եմ գովասանքի խոսքեր նրանց հասցեին:

Շատ կարևոր է, որ մենք զարգացնենք բոլոր մարզաձևերը պրոֆեսիոնալ մակարդակով: Այս դեպքում միայն մարզաձևի միջազգային ֆեդերացիաները կսկսեն մեր երկրին ուշադրություն դարձնել և ներդրումներ կատարել: Մենք, մի շարք խնդիրներ հաղթահարելով, հարևան երկրների դեմ պայքարելով միայն կարողացանք իրավունք վաստակել և Հայաստանում առաջնությունն անցկացնել: Ոչ մի պարագայում չպետք է նահանջել: Կարևոր է միջազգային, մեծ մասշտաբի միջոցառումներ անցկացնել, ոչ թե միայն տեղական ազգային առաջնություններով բավարարվել: Մենք սպորտով և մշակույթով պետք է ներկայանանք աշխարհին: Այս գիտակցությամբ պետք է աշխատեն բոլորը՝ ամեն կերպ իրար օգնելով ու աջակցելով, սերունդ կրթելով ու դաստիարակելով:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: