Ուզում էին լավ բան անել՝ ստացվեց ինչպես միշտ
Այս հարցով դիմեցինք գյուղատնտեսության նախարարություն: Մեզ տեղեկացրին, որ այս տարվա համար գյուղատնտեսության նախարարությունն ազոտական պարարտանյութերի գների սուբսիդավորում չի իրականացնում, ազոտական պարարտանյութերի շուկան ազատականացված է: Գյուղնախարարությունը միայն կալիումական և ֆոսֆորական պարարտանյութերը սուբսիդավորված գներով գյուղացիական տնտեսություններին տրամադրելու ծրագիր ունի: Ընդ որում՝ դրա մասին հայտարարվել է բազմիցս ու նախապես:
Հետո պարզ դարձավ, որ երբ կառավարությունը դադարեցրել է գյուղացիական տնտեսություններին սուբսիդավորված՝ ավելի էժան գներով ազոտական պարարտանյութերի տրամադրման ծրագիրը, «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը» Սյունիքի գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով առաջարկել է Սյունիքի գյուղացիներին շուկայականից 27 տոկոսով ավելի էժան պարարտանյութեր տրամադրել:
Ինչպես «Անկախին» տեղեկացրեց Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը, խնդիրը հետևյալն է. հմնադրամը, հասկանալու համար, թե ինչ քանակությամբ պարարտանյութ է անհրաժեշտ ներկրել, դիմել է բոլոր համայնքների ղեկավարներին, վարչական ներկայացուցիչներին՝ խնդրելով սահմանված ժամկետներում ներկայացնել հայտերն ու բացված հատուկ հաշվեհամարին փոխանցել համապատասխան գումարները, և դրա համար որոշակի վերջնաժամկետ է նշել, քանի որ դրանից հետո պետք է կազմակերպչական հարցերով զբաղվեր ու պարարտանյութերի անհրաժեշտ խմբաքանակը կարողանար անհրաժեշտ ժամանակահատվածում հասցնել գյուղացիներին: Այսինքն՝ հիմնադրամը սկզբից ևեթ հայտարարել է, որ իր սահմանած վերջնաժամկետից հետո չի կարող իր առաջարկած գնով պարարտանյութերի համար հայտեր ու գումար ընդունել և ավելի ուշ փոխանցումներ կատարած գյուղացիներին ներառել այդ ցանկում: Մինչև վերջանաժամկետն ինչ-որ քանակի հայտեր են ներկայացվել, որից հետո ևս մեկ անգամ զանգահարել ու բոլոր համայնքի ղեկավարներին ու վարչական ներկայացուցիչներին խնդրել են, որ այլևս չկատարեն փոխանցումներ:
«Բնականաբար, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով եղել են հաշվեհամարին ուշացած փոխանցումներ, հիմնադրամի հաշվեհամարին անընդհատ գումարներ են փոխանցվել: Հիմնադրամն այդ գումարները հետ է ուղարկել, բայց նորից նոր գումարներ են եկել: Բանը հասել է նրան, որ հաշվեհամարն արգելափակել են, որպեսզի այլևս հնարավոր չլինի այդ հաշվեհամարին փոխանցում կատարել: Հետո նորից զանգահարել են համայնքի ղեկավարներին և վարչական ներկայացուցիչներին ու զգուշացրել, որ էլ գումարներ չուղարկեն նշված հաշվեհամարին, քանի որ այդ պահին այլևս հնարավոր չէ պարարտանյութ պատվիրել: Խնդիրն առաջացել է այդպես. ուշացած գումարներն են վերադարձվել գյուղացիներին»,- «Անկախին» հայտնեց Վազգեն Սաղաթելյանը:
Այդ գումարները, որոնք հիմնադրամի հաշվեհամարին են փոխանցվել սահմանված ժամկետից ուշ, բոլորն անխտիր հետ են փոխանցվել: Այլ հարց է, թե վարչական ներկայացուցիչներն ինչպես են դրանք վերադարձրել անհատներին: Վազգեն Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ բողոք է եղել այն առումով, որ գումարը հետ ստացած մարդիկ, երբ կանխիկացրել են՝ որոշակի կորուստ են ունեցել, բանկային ծառայության դիմաց գումարներ են գանձվել: Իսկ ինչ վերաբերում է նրանց, ովքեր ճիշտ ժամանակին են փոխանցել գումարները, ստացել են իրենց պարարտանյութերը:
«Հարցն այն է, որ ուշացման ամիսների տարբերություն է եղել՝ մինչև մարտ ամիս փոխանցումները շարունակվել են, այնինչ պետք է հունվարի վերջին արդեն ավարտված լինեին: Ու եթե 2 ամիս ուշացումով է փոխանցումը կատարվել, բնականաբար, հիմնադրամը չէր կարող հասցնել ու սեղմ ժամկետներում լրացուցիչ խմբաքանակով պարարտանյութ ներկրել»,- նշեց Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակը:
Հիմնադրամի հաշվեհամարին մարդիկ ոչ թե անհատապես են գումար փոխանցել՝ առանձին-առանձին, այլ որոշակի խմբերի համար գումարներ են հավաքվել ու ավելի խոշոր չափերի գումարներ են փոխանցվել: Այսինքն՝ որոշակի օղակներ կազմակերպել ու իրականացրել են այդ աշխատանքները: Եվ այստեղ խնդիրն այն է, որ եթե գյուղացին պարարտանյութի համար գումարը փոխանցել է պատշաճ ժամանակին, բայց այդ գումարը հավաքողը հիմնադրամի հաշվեհամարին չի փոխանցել սահմանված ժամկետում, ապա բարեխիղճ գյուղացին է տուժել:
Եվ հարց է առաջանում՝ եթե հիմնադրամը նախապես հայտարարել է, որ սահմանում է վերջնաժամկետ ու այդ վերջնաժամկետից հետո այլևս փոխանցումներ ու պատվերներ չի ընդունելու, ապա ինչո՞ւ են այդ գումարները հավաքողները շարունակել փետրվար և մարտ ամիսներին ևս հավաքել գումարն ու փոխանցումներ կատարել, ի՞նչն է եղել փոխանցումներն ուշացնելու պատճառը: Իհարկե բացառված չէ, որ գյուղացին ժամանակին չի իմացել ու չի վճարել անհրաժեշտ գումարը, բայց եթե վերջնաժամկետն անցել է, պատասխանատուներն ինչո՞ւ են շարունակել գյուղացիներից գումարներ ընդունել: Կա՛մ նրանք ճիշտ չեն հասկացել վերջնաժամկետը, կա՛մ թերացել են իրենց աշխատանքում:
Մի խոսքով, փաստացի տուժում են գյուղացիները: Նրանք ակնկալել են էժան պարարտանյութ, բայց չեն ստացել, և քանի որ ակնկալել են, շուկայական բարձր գնով պարարտանյութ չեն գնել՝ սպասելով իրենց պարարտանյութին ու վերջում մնացել են ձեռնունայն: Ու մինչ գյուղացիներն իրենց պարարտանյութի համար հավաքված գումարը հետ կստանային և պարարտանյութ կգնեին շուկայից, արդեն դաշտերը ցողունակալել են, պարարտացնելու ժամանակն անցել է: Իսկ դա նշանակում է, որ այս տարի տվյալ գյուղացիները լավ բերք չեն ունենա:
Թե ով կամ ովքեր են մեղավոր ստեղծված իրավիճակի համար, անհրաժեշտ է պարզել, ինչը փոքր-ինչ երկարատև աշխատանք է պահանջում, քանի որ տարբեր օղակներ են ներգրավված եղել այդ աշխատանքներում. պետք է անցնել բոլոր օղակներով՝ հասկանալու համար, թե որտեղ ով ու ինչու է թերացել: Իհարկե դա գյուղացիներին այս գյուղատնտեսական սեզոնին այլևս չի օգնի: Բայց թերությունները պետք է հաշվի առնվեն՝ ապագայում նման իրավիճակներ չստեղծելու համար: Ցավալին այն է, որ այդ գյուղացիները կորցնում են վստահությունը հետագա ծրագրերի նկատմամբ, ու ստացվում է այն զավեշտալի պատկերը, երբ ուզում են լավ բան անել, բայց ստացվում է ինչպես միշտ...