Հայերեն   English   Русский  

​«Ապագան մեզ նախապես է տրված. այն գոյություն ունի».Ն. Բեխտերևա


  
դիտումներ: 1522

Բեխտերևան Մարդու ուղեղի ինստիտուտի գիտական ղեկավարն է եղել շուրջ 2 տասնամյակ, ուսումնասիրել է և՛ առողջների, և՛ հիվանդների ուղեղները:

Նա ավելի քան 400 գիտական աշխատությունների հեղինակ է, նրան են պատկանում ուղեղի մտածողության, հիշողության, զգացմունքների մեխանիզմների բազմաթիվ բացահայտումներ:

Սույնով ներկայացվում են նրա հետ տարբեր տարիներին արված հարցազրույցներից հատվածներ, որոնք շատ հետաքրքիր են: Լինելով գիտնական՝ նա որոշ թեմաների շուրջ խորհում է դյուրահավատ մարդու պես:

Ուղեղի հնարավորությունների մասին

- Ինձ միշտ զարմացնում է, երբ ինչ-որ մեկը սկսում է դատել, թե մարդու ուղեղի քանի տոկոսն է զբաղված: Ամբողջ կյանքում աշխատել եմ մարդու ուղեղի հետ ու դրա ուսումնասիրման բոլոր մեթոդները գիտեմ, սակայն չգիտեմ, թե ինչպես ու ով է դա հաշվարկել:

- Դո՞ւք էլ եք կարծում, որ մեր գանգատուփում գտնվող «համակարգիչն» անսպառ հնարավորություններով է օժտված:

- Այո, միայն ես չեմ սիրում, երբ մարդու ուղեղը համեմատում են համակարգչի հետ: Իրոք, այն ստեղծված է այնպես, որ ես անգամ չեմ պատկերացնում, թե կյանքի ինչ պահանջներով է պայմանավորված նման կատարյալ սարքավորման ստեղծումը: Ուղեղն այնքան մեծ հնարավորություններ ունի, որ չես դադարում զարմանալ:

- Տարօրինակ է հնչում՝ ես ինձ խելացի չեմ համարում...

- Ես շատ խելացի մայր եմ ունեցել, որ ճամբարով է անցել, ծանր հիվանդացել: Նա ինձ ասում էր. «Ի սեր Աստծո, չմոլորվես, քեզ խելացի չհամարես: Դու պարզապես ընդունակ ես»: Նրա շնորհիվ ես բլոկադան էլ անցա, ինստիտուտն էլ ավարտեցի: Նա է, պատկերավոր ասած, իմ մեջ դրել «հիշողության մատրիցան»: Իսկ ընդհանրապես կարող եմ ասել այսպես՝ գուցե ես ինչ-որ կենսափորձ կուտակել եմ: Այն ամենը, ինչ վերաբերում է գիտությանը, կարող եմ հասկանալ, թե չէ ես չեմ կարծում, որ խելացի եմ:

- Հիշողությունը բարելավելու ի՞նչ բաղադրատոմսեր կառաջարկեք:

- Լավ հիշողության համար պետք է այն մարզել: Ինչպես, ասենք՝ վարժություններ կան ձեռքերի, ոտքերի, մեջքի, պարանոցի, որովայնի մկանների համար, կան նաև հիշողությունը մարզելու վարժություններ: Դրանք շատ պարզ են, հասանելի ու կարելի է անել ցանկացած տեղ:

Անգիր անելը սովորելու մեթոդներից է: Իհարկե, դա միշտ է քննադատվել ու, ի վերջո, որոշվեց վերացնել, բայց դրա հետ, ըստ էության, աղբանոցը նետվեց նաև հիշողության մարզասարքը: Հիշողության մարզման համար շատ օգտակար են նոր օտար լեզվի ուսումնասիրությունը, ապա ամեն օր 5-10 նոր բառ սովորելը: Օրինակ՝ շատերը սիրում են մեծ քանակությամբ ծոցատետրեր պահել, անձնական օրագրեր ու նոթատետրեր: Դրա փոխարեն կարելի է մարզել հիշողությունը, փորձեք մտապահել ձեր հարազատների ու ծանոթների հեռախոսահամարները: Իզուր չէ, որ դպրոցում երեխաներին մեծածավալ անգիրներ էին հանձնարարում, անգիր էին հանձնարարում նույնիսկ առանց խոսակցական պրակտիկայի, նույնիսկ «մեռյալ լեզուներով», որոնցով հիմա ոչ ոք չի խոսում:

Նախագուշակ երազների մասին

Երազատեսությունը որևէ կապ չունի ապագայի հետ, ուստի երազահաններին չարժի լրջորեն վերաբերվել: Սակայն իմ կյանքում մի քանի երազ եմ տեսել, որոնք փաստորեն մարգարեական էին: Դրանցից մեկը նույնիսկ մանրամասներով էր ապշեցուցիչ: Դա մորս մահվան մասին էր: Մայրս ողջ-առողջ էր, հանգստանում էր հարավում, իսկ մինչ այդ ես նրանից դրական նամակ էի ստացել:

Իսկ երազում (ընդ որում ես քնել եմ ցերեկը) ինձ է մոտենում փոստատարը հեռագրով, որով տեղեկացվում էր, որ մայրս մահացել է: Ես գնում եմ թաղման (երազում), այնտեղ հանդիպում եմ մարդկանց, որոնց մինչ այդ չեմ էլ տեսել, բարևում եմ, անուններով նրանց դիմում: Երբ արթնացա՝ ու պատմեցի ամուսնուս, նա ասաց... Մի խոսքով, հաստատ որոշել էի, որ պետք է մորս մոտ մեկնեմ, բայց ինձ տարհամոզեցին: Ավելի ստույգ՝ ես թույլ տվեցի, որ ինձ համոզեն: Իսկ 10 օրից եղավ այնպես, ինչպես եղել էր երազումս: Ընդ որում, ամենայն մանրամասներով: Օրինակ՝ ես արդեն վաղուց մոռացել եմ՝ ինչ է գյուղխորհուրդը, այն ինձ երբեք պետք չի եղել: Երազումս ես գյուղխորհուրդն էի փնտրում, իսկ այդ դեպքերի օրերին ես փաստորեն իրականում պետք է գտնեի այն:

Ահա այսպիսի պատմություն: Դա անձամբ ինձ հետ է եղել, սակայն ես միակը չեմ:

Մարգարեական երազատեսության շատ դեպքեր ու նույնիսկ գիտական բացահայտումներ են հայտնի, ինչպիսին Մենդելեևի պարբերական աղյուսակի հետ կապվածը:

Դա անհնար է բացատրել: Ու պետք էլ չէ իմաստուն բաներ հորինել, այլ շիտակ կարելի է ասել, քանի որ ժամանակակից գիտական միջոցներից ոչ մեկը դրան բացատրություն չի կարող տալ: Պետք է ենթադրել, որ ապագան մեզ նախօրոք է տրված, այն արդեն կա: Ու մենք կարող ենք գեթ երազում մտնել կապի մեջ բարձրագույն գիտակցության կամ Աստուծո հետ, նրա, ով այդ ապագայի մասին գիտելիքներ ունի:

Ավելի հստակ ձևակերպումներ անելուց դեռևս ձեռնպահ կմնայի, քանի որ ուղեղի հետազոտությունների տեխնոլոգիաներն այնքան հզոր են, որ հնարավոր է՝ բացահայտվի այնպիսի բան, ինչը լույս կսփռի այդ խնդրի վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: