Հայերեն   English   Русский  

Մեկնարկել է հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումների երկրորդ՝ միջանկյալ համախմբման գործիքակազմի իրավակարգավորումների մշակման և ներդրման փուլը, որը նախատեսվում է ավարտել 2019թ. տարեվերջին


  
դիտումներ: 1252

Հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրումը սկսվել է 2016թ. հունվարի 1-ից, սահմանված ժամանակացույցին համապատասխան, ըստ որի` 01.01.2016թ.-ից նոր համակարգին անցում են կատարել 16 նախարարություններ, գերատեսչություններ և նրանց ենթակա ՊՈԱԿ-ներ: 2017թ. հունվարի 1-ից հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցում են կատարել ևս 24 պետական կառավարման մարմիններ և նրանց ենթակա ՊՈԱԿ-ներ:

2017 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշտադիտարկման են ենթարկվել 2016թ. հունվարի 1-ից հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցում կատարած 16 կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություններն ու ներկայացված հաշվապահական տեղեկատվությունը: Մշտադիտարկման աշխատանքների արդյունքների մասնագիտական հանրային իրազեկում ապահովելու նպատակով ձեռնարկվել է «Մասնագիտական տեղեկատու» պարբերականի հրապարակումը, որում ներկայացվում է ինչպես հանրային հատվածի հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության փոփոխությունների և օրենսդրական նախագծերի վերաբերյալ տեղեկատվություն, այնպես էլ հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացի նկատմամբ իրականացված մշտադիտարկման արդյունքում վերհանված առանձին անճշտությունների և սխալների, դրանց ուղղման ուղղությամբ գործնական առաջարկների վերաբերյալ տեղեկատվություն՝ հանրային հատվածի կազմակերպություններին գործնական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

2018թ.-ից նոր համակարգին անցում են կատարել ուժային նախարարություններն ու կառույցները, ինչպես նաև մարզպետարաններն ու համայնքները:

2017-2018թթ ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը նաև մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում որդեգրել է նոր քաղաքականություն, որն իր արտացոլումն է գտել հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հայեցակարգում: Հայեցակարգի հիմնական գաղափարը կարգավորման և վերահսկողության նոր՝ «մասնագիտական կառույց-հանրային վերահսկողություն» մոդելի ներդրումն է, ինչի արդյունքում պետության կողմից ներկայումս իրականացվող մի շարք գործառույթներ կպատվիրակվեն նոր ստեղծվող մասնագիտացված կառույցին՝ հաշվապահների և աուդիտորների պալատին: Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտի բարեփոխումների հայեցակարգը ավելի քան մեկ տարվա հանրային լայն քննարկումներից հետո ամբողջականացվել է և 2017թ. դեկտեմբերին հավանության արժանացել ՀՀ կառավարության կողմից:

Բարեփոխումների շարունակականությունն ապահովող հաջորդ քայլը հայեցակարգից բխող օրենսդրական փաթեթի մշակումն էր: Հիշյալ փաթեթը, որը բաղկացած է 6 օրենքների նախագծերից, սույն թվականի ապրիլ ամսին ներկայացվել է շահագրգիռ պետական մարմինների քննարկմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: