Հայերեն   English   Русский  

Արցախի խորհրդարանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի


  
դիտումներ: 1137

ԼՂՀ Ազգային ժողովը հայտարարությամբ է հանդես եկել՝ հորդորելով փոխել հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը:

Ս.թ. հուլիսի 15-ին Մոսկվայում բերման է ենթարկվել հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի միջնորդությամբ, դատարանը նրա հանդեպ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը եւ նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար:

Մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով եւ ձեռնպահ ենք մնում նաեւ քաղաքական գնահատականներից: Լինելով հայրենասեր մարդ՝ Լեւոն Հայրապետյանը տարիներ շարունակ իր հայրենիքում՝ Արցախում, իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Համարում ենք, որ նախաքննության մարմինն առանց ձգձգելու պետք է փոխի խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից՝ հաշվի առնելով նաեւ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը: Մեր կարծիքով, իբրեւ օրինապաշտ քաղաքացի եւ բարձրակիրթ անձնավորություն, Լեւոն Հայրապետյանը, ազատության մեջ գտնվելով, համակողմանի աջակցություն կցուցաբերի նախաքննությանը եւ օգտակար կլինի` պարզելու այն հարցերը, որ հետաքրքրում են ՌԴ Քննչական կոմիտեին:

Կատարվածը մենք ընդունում ենք որպես ցավալի թյուրիմացություն եւ համոզված ենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կկարողանան իրականացնել օբյեկտիվ եւ համակողմանի հետաքննություն, որի արդյունքում կապացուցվի Լեւոն Հայրապետյանի անմեղությունը:

ԼՂՀ Ազգային ժողովի՝

«Դաշնակցություն»
«Ժողովրդավարություն»
«Հայրենիք» խմբակցություններ եւ
«Արցախատուն» պատգամավորական խումբ
22 հուլիսի, 2014
ք.Ստեփանակերտ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: