Հայերեն   English   Русский  

Ստամբուլում Պաղեստինի աջակցությանն ուղղված ԻՀԿ արտահերթ գագաթնաժողով կանցկացվի


  
դիտումներ: 297

Այսօր՝ մայիսի 18-ին, Ստամբուլում տեղի կունենա Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովը: Այն կանցկացի Թուրքիայի՝ կազմակերպության ներկայիս նախագահի նախաձեռնությամբ, որի նպատակն է Պաղեստինին աջակցելն ու Մերձավոր Արևելքում Իսրայելի և Ամերիկայի Միցայալ Նահանգների քաղաքականության դատապարտումը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ Անկարան շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրել միջազգային օրակարգ ձևավորելու՝ ի աջակցություն Պաղեստինի և մահմեդական երկրների կոնսոլիդացման:

Ստամբուլում արտահերթ գագաթնաժողով անցկացնելու առաջարկով հանդես է եկել Իսլամական համագործակցության կազմակերպության ներկայիս ղեկավար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելուց և Գազայի հատվածի սահմանին տասնյակ պաղեստինցիների սպանությունից հետո:

Գագաթնաժողովի աշխատանքների ավարտից հետո կհրապարակվի վերջնական հայտարարություն: Գագաթնաժողովին մասնակցելու են Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալլան, Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին, Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը, Իրանի և Մավրիտանիայի նախագահներ Հասան Ռոուհանին և Մուհամմեդ Ուլդ Աբդուլազիզը:

Թուրքիայի նախագահն ու վարչապետն ավելի վաղ բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ՝ քննարկելով Պաղեստինում տեղի ունեցած իրադարձությունները:

2017թ. դեկտեմբերի սկզբին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք էր ճանաչել և կարգադրել Պետդեպարտամենտին ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու գործընթաց սկսել:

Մարտի վերջից Գազայի սեկտորում շարունակվում են պաղեստինցիների զանգվածային բողոքները, և մայիսի 14-ին դրանք նոր թափ են ստացել պայմանավորված Երուսաղեմում Միացյալ Նահանգների դեսպանատան բացման արարողությամբ: Համաձայն Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների՝ Գազայի սեկտորում բախումների արդյունքում մայիսի 14-ին զոհվել է 52 պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 2 հազարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: