Հայերեն   English   Русский  

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ


  
դիտումներ: 12668

Հայը հերոսների պակաս երբեք չի ունեցել: Սակայն երբեք նախահարձակ չի եղել: Բայց նրա վրիժառու բազկի հարվածը դիպուկ է, նրա դատն արդար ու հարվածը` անսասան:

Հայ վրիժառության առաջին և թերևս ամենամեծ գործիչը Սողոմոն Թեհլերյանն է, որի գործն այսօրվա չափանիշներով ահաբեկչություն ու սպանություն էր, սակայն եզակի էր նրանով, որ դատավարության ժամանակ մարդասպանը զոհ էր, տուժողը` հանցագործ: Փառք Սողոմոն Թեհլերյանին ու իր գործին:

Հայը հերոսների պակաս երբեք չի ունեցել: Սակայն երբեք նախահարձակ չի եղել: Բայց նրա վրիժառու բազկի հարվածը դիպուկ է, նրա դատն արդար ու հարվածը` անսասան: Հայ վրիժառության առաջին և թերևս ամենամեծ գործիչը Սողոմոն Թեհլերյանն է, որի գործն այսօրվա չափանիշներով ահաբեկչություն ու սպանություն էր, սակայն եզակի էր նրանով, որ դատավարության ժամանակ մարդասպանը զոհ էր, տուժողը` հանցագործ: Փառք Սողոմոն Թեհլերյանին ու իր գործին:

1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասում` Հարդենբերգ փողոցում, ատրճանակից արձակված կրակոցով սպանվեց երիտթուրքական կուսակցության պարագլուխներից Թալեաթ փաշան, Հայոց ցեղասպանության թերևս գլխավոր մեղավորը: Նրան պատուհասող վրիժառուն` Սողոմոն Թեհլերյանը, չնայած հնարավորությանը, փախուստի չդիմեց, այլ հանդարտ ու սառնասիրտ հայացքով նայում էր իր զոհի դիակին, մինչև վրա հասած գերմանական ոստիկանությունը կձերբակալեր իրեն:
Ապա հետևեց երկարատև դատավարությունը, որ իր ուշադրության կենտրոնում պահեց ողջ քաղաքակիրթ աշխարհը: Դատի ժամանակ Թեհլերյանը մանրամասն պատմեց իր և իր ընտանիքի, համայն հայության ողբերգության մասին, ներկայացրեց Թալեաթին սպանելու պատճառները:

Առհասարակ, հայոց «Նեմեսիսից» զատ, Թալեաթը ևս երկու անգամ մահապատժի էր դատապարտվել: Առաջին անգամ 1915 թ. մայիսի 24-ին, Թուրքիայի դեմ պատերազմող Անգլիայի և Ֆրանսիայի ղեկավարները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, որ պատերազմի հաղթական ավարտից հետո հակամարդկային հանցագործությունների համար դատապարտվելու են Թուրքիայի ղեկավարները: Սակայն, անգլիական հրամանատարությունը հետագայում, ձերբակալելով Թալեաթին ու նրա գործակիցներին, ընդամենն աքսորեց Մալթա կղզի, որտեղից նրանք անգլիացիների լուռ համաձայնությամբ ճողոպրեցին:

1920 թ. Թուրքիայի կառավարությունը երիտթուրք պարագլուխներին դատապարտեց մահապատժի` Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու և հայկական կոտորածները կազմակերպելու մեղադրանքով: Սակայն այս դատավճիռն էլ կյանքի չկոչվեց:

1921 թ. հունիսի 2-ին Թեհլերյանի դատավարության դատավորը կարդաց վճիռը: Հայությունը ցնծության մեջ էր: Սողոմոն Թեհլերյանին գերմանական դատարանն անպարտ ճանաչեց և ազատ արձակեց:
Դատավոր - Հանցավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը` ծնված 2 ապրիլի, 1896 թվականին, ի Բագառիճ, թրքահպատակ և հայ բողոքական, 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում մի մարդու` Թալեաթ փաշային սպանելու համար:
Ատենակալ - Պատվով ու խղճով վկայում եմ երդվյալների որոշումը` Ոչ:

Թեհլերյանի դատապաշտպանի գործն իր վրա էր վերցրել Քիլի համալսարանի օրենսդրության պրոֆեսոր, դոկտոր Թեոդոր Նիմայերը, որ փայլուն կատարեց իր գործը: Դատարանում որպես վկա հանդես եկավ նաև գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական Յոհաննես Լեփսիուսը, որի ցուցմունքներն էապես ազդեցին Թեհլերյանի դատավարության արդյունքների վրա: Որպես վկա հանդես եկան նաև թուրք գեներալ Շերիֆը, դոկտոր Նիպագեն, որ Հալեպի գերմանական ռեալական դպրոցի ավագ ուսուցիչ էր, իսկ դատախազը Գերմանիայում հայտնի Գոլնիկն էր: Գեներալ Շերիֆը դատի ժամանակ հասարակ թուրք ժողովրդի անունից ներողություն խնդրեց Թեհլերյանից ու հայությունից` իր երկրի կառավարության իրականացրած մեծ ոճրի համար:

Դատավարությունից հետո գերմանական մամուլը պահանջեց դատ հարուցել Թուրքիայում 1912-15 թթ. Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի դեմ՝ հայերի կոտորածների ժամանակ նրա հանցավոր լռության և գերմանական կառավարության անգործության համար:
Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1897 թ. ապրիլի 2-ին Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Դարանաղի գավառի Ներքին Բագառիճ գյուղաքաղաքում` շինական Խաչատուրի և բողոքական քահանայի դուստր Հնազանդի ընտանիքում: Պատանի Սողոմոնը նախնական կրթությունը ստացել է հենց հայրենի գյուղում: Շատ չանցած` նա տեղափոխվում է Երզնկա քաղաք և ուսումը շարունակում տեղի Կենտրոնական վարժարանում, որն էլ ավարտել է 1912 թ. և տեղափոխվելով Թիֆլիս` ուսումը շարունակել Ներսիսյան դպրոցում:
1913 թ. Սողոմոն Թեհլերյանը տեղափոխվում է Սերբիա սովորելու: Սակայն այնտեղ երկար չի մնում: Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես Սողոմոնը վերադառնում է հայրենիք ու զինվորագրվում կամավորական շարժմանը: Նա մտնում է հայկական կամավորական առաջին գունդ և մասնակցում մարտերին զորավար Անդրանիկի հրամանատարությամբ: 1918 թ. մարտերից մեկի ժամանակ նա վիրավորվում է ու տեղափոխվում Թիֆլիս, ապա` Հյուսիսային Կովկաս` կազդուրվելու:
Վրա հասած արհավիրքը` Հայոց մեծ եղեռնը, Սողոմոնին զրկեց ողջ ընտանիքից ու հարազատներից: Ինքը` Սողոմոնը, փրկվում է ցեղասպանությունից` պատսպարվելով ծանոթ քրդի ընտանիքում: Նրանց բազմամարդ` 85 հոգանոց գերդաստանը համարյա իսպառ կոտորվեց: Արհավիրքից փրկվեց միայն երեք հոգի:

1919 թ. Սողոմոն Թեհլերյանը դառնում է ՀՀ բանակի հատուկ ստորաբաժանման անդամ: Նա անդամագրվեց Շահան Նաթալու նախաձեռնած «Նեմեսիս» վրեժի գործողությանը, որի նպատակը Հայոց ցեղասպանության մեղավորներին պատժելն էր: Այդ նպատակով 1919 թ. Թեհլերյանն ընկերների հետ մեկնում է Կոստանդնուպոլիս:
«Նեմեսիսի» հանձնարարությամբ Թեհլերյանն ընկերների հետ սկսում է Թալեաթի որոնումները: Շուտով լուր է հասնում, որ ոճրագործը Բեռլինում է: Թեհլերյանը շտապում է Գերմանիայի մայրաքաղաք:

Երկար որոնումներից հետո, վերջապես հայտնաբերում է Թալեաթին: Կենդանաբանական այգու մոտակայքում զբոսնելիս նա պատահաբար լսում է ինչ-որ մեկի արտաբերած փաշա բառը: Շրջվելով` տեսնում է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչին: Ապա Թեհլերյանը հետևում է Թալեաթին ու գտնում նրա բնակության վայրը: Թալեաթի սպանության ծրագիրը արագ կազմվում է:

Դարանակալելով ոճրագործին տան մոտ` նա սպասում է նրա վերադարձին: Շուտով երևում է Թալեաթը: Թեհլերյանը մոտենում է հետևի կողմից, բարձր արտասանում նրա անունը: Ոճրագործը շրջվում է: Սարսափը նրա վերջին զգացումն էր, որ Թալեաթն ապրեց: Դիմահար կրակոցով Թեհլերյանը տապալում է թուրքին: Չնայած հնարավորություն կար փախուստի դիմելու, նա լուռ կանգնում է իր զոհի կողքին: Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը պետք է հայության ցասումի ու երիտթուրքերի դատապարտման դատավարությունը դառնար:

Դատի ժամանակ նա հենց այդպես էլ ասաց, որ փախուստի չի դիմել, որպեսզի ողջ աշխարհն իմանա ճշմարտությունը: Նա հերքեց նաև դատախազի` իր ահաբեկիչ լինելու մեղադրանքը, ասելով, որ ահաբեկիչը կատարում է մի փոքր խմբավորման կամքը, իսկ ինքը իրականացրել է ողջ հայության ցանկությունը և վրեժը:
Թալեաթին պատուհասելուց և դատավարությունից հետո. հերոսը մինչ 1945 թ. բնակություն հաստատեց Հարավսլավիայում` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում` Դելմատինսկա փողոցում: Պատերազմի ավարտից հետո մինչ կյանքի մայրամուտը նա բնակություն հաստատեց ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում:
Մեծ հայորդին հոգին ավանդեց 1960 թ. մայիսի 23-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: