Հայերեն   English   Русский  

«Արա Բաբլոյանը հրավիրված է եղել. տեղի է ունեցել ցավալի թյուրիմացություն». Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 924

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ կարճ զրույցում անդրադարձավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ կապված միջադեպին:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահը չի մասնակցել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարություններին: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի՝ օրենսդիրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք: խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի խոսքով՝ չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված ընդամենը երեք պատգամավորների շարքում:

Վարչապետն այսօր ընդգծեց՝ պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել. « Ես կարծում եմ՝ անցումային շրջանի հետ կապված թյուրիմացություն է եղել, որ ցավալի թյուրիմացություն է: Ես հասկանում եմ, որ ՀՀ-ում ավանդույթ կա բոլոր հարցերը վարչապետի մակարդով քննարկել և լուծել ընդհուպ փողկապի գույնը կամ դեմ ինչ արտահայտություն ունենալ, ու քանի որ գործող վարչապետը հարկ չի համարում բոլոր մանրամասներկ մեջ մտնել, թե ով ինչ ասի և ով ինչ խոսի, ինչ դեմքի արտահայտություն ունենա, էդպիսի թյուրիմացություններ կլինեն: Համակարգն այն իներցիայով է գնում, որ իշխանությունը խնդիր ունի ընդդիմության համար տհաճություններ ստեղծելու: Իհարկե, այդ տրամաբանությունը չպետք է գործի»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երեկվա միջոցառումների հետ կապված որոշակի խնդիրներ կան.«Դրանք, որոշակի դրվագներով ընդունելի, հասկանալի լինելով հանդերձ, անընդունելի բաներ ունեին, թյուրիմացություններ կային, և ես համոզված եմ, որ առաջիկայում կշտկվեն նման բաները: Համենայն դեպս համոզված եղեք, որ մանրախնդրության որևէ տարր մեր գործունեության մեջ չի լինելու»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: