Հայերեն   English   Русский  

​Էջմիածնի պետական քոլեջը՝ Մանվել Գրիգորյանի մերձավորների «բոստան»


  
դիտումներ: 8304

Հետապնդումներով, սպառնալիքներով ու ճնշումներով լեցուն է Էջմիածի Վ. Համազասպյանի անվան պետական քոլեջի աշխատակից Անգին Արշակյանի առօրյան 2016 թվականից ի վեր:

Ճնշումների գագաթնակետը դարձել է քոլեջում գրանցված, բայց դասերի չհաճախած Մանվել Կարենի Գրիգորյանին՝ գեներալ Մանվել Գրիգորյանի թոռանը, որպես կիսամյակային գնահատական չներկայացած նշանակելը: Այդ արարքից հետո քոլեջի աշխատակիցները խուսափում են նրա հետ շփվելուց: Իսկ ամեն ինչ սկսվել է 2016-ի ՏԻՄ ընտրություններից, երբ նա առաջադրվել է ավագանու թեկնածու:

Տիկին Արշակյանը 2000 թվականից դասավանդում է Էջմիածնի պետական քոլեջում, իսկ 2005-ից Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Էջմիածնիմասնաճյուղի նախագահն է: Նախորդ ՏԻՄ ընտրություններում Արշակյանը ավագանու թեկնածու է առաջադրվում: Նրա այս քայլը, սակայն, չի ողջունում քոլեջի տնօրեն Սերգեյ Զաքարյանը: «Ինձ կանչեց ու առաջարկեց հրաժարվել: Ասաց, որ կխլեմ իր ձայները, եթե դնեմ իմթեկնածությունը: Բայց ես չհրաժարվեցի պայքարից»,- ասում է Արշակյանը՝ հավելելով, որ այդ պահից իր և տնօրենի ջրերն այլևս նույն առվով չեն հոսում: Անգամ այն, որ Արշակյանը շուրջ 15 քվեի տարբերությամբ ավագանու կազմում չի ընդգրկվում, չի մեղմում իրավիճակը:

Այդուհետ Արշակյանի և նույն քոլեջում դասավանդող նրադստերդասաժամերը կտրուկ կրճատվում են:

«Սկսեցի քոլեջում տիրող անօրինականության դեմ պայքարել:2017-ին տնօրենի հավաստագրման դասընթացների մասնակցեցի,քննություն հանձնեցի ու ստացա տնօրենի հավաստագիր: Մոտենում էր տնօրենի թոշակի անցնելու տարիքը, և ցանկանում էի մասնակցել տնօրենի թափուր աթոռի համար մրցույթին: Դակրկնապատկեց տնօրենի թշնամանքն իմ հանդեպ,ամեն ինչ անում էր, որ ես չերևամ»:

Տնօրենի թեկնածու է դառնում Կարինե Մկրտչյանը՝ գեներալ Մանվելի տեղակալ՝ ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանի կինը: Արշակյանի հավաստմամբ՝ Մկրտչյանը նախկինում աշխատել է դպրոցում, սակայն միջին մասնագիտական կրթության ոլորտում փորձ չունի: Ավելին, նա տնօրենի հավաստագիր ստացել է տնօրենի պարտականությունները կատարող նշանակվելուց հետո: Իսկ տնօրենի թափուր տեղի համար մրցույթը կանցկացվի հուլիսի 18-ին՝ մրցույթի անցկացման համար օրենքով սահմանված առավելագույն 6-ամսյա ժամկետի մի քանի օր խախտմամբ:

Արշակյանը պատմում է, որ Արայիկ Հարությունյանի՝ կրթության և գիտության նախարար նշանակվելուց հետո հանդիպել է նրա հետ, պատմել քոլեջում տիրող անօրինությունների ու հովանավորչության մասին: Արշակյանն ասում է, որ փաստաթղթեր ու վկայություններ ունի մի շարք անօրինությունների, այդ թվում և դիպլոմի վաճառքի, նախկին տնօրենի կողմից գումարների յուրացման մասին, և ստուգումների պարագայում դրանք կտրամադրի պատկան մարմիններին:

«Բանկային հաշվապահություն ենք պարապում առանց գրքերի: Տնօրենի յուրացրած միջոցներով կարելի էր գրականություն ձեռք բերել»,- ասում է նա:

Շարունակելով քոլեջում տիրող անօրիանակությունների թեման՝ Արշակյանը պատմում է, որ նախորդ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից քոլեջի բանկային գործ ֆակուլտետի ուսանող է դարձել գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝ Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետի որդին:

«Չգիտեմ, թե ինչպես ձևակերպեցին, բայց փաստաթղթերով ստացվեց, որ նա առաջին կիսամյակից է ուսանող, այն էլ անվճար հիմունքներով»,- ասում է Արշակյանը՝ հավելելով, որ անվճար կրթության կարիք ունեցող շատ-շատերը, սակայն, սովորել են վճարովի հիմունքներով:

«Ասեմ, որ դասի չի եկել, մի քանի անգամ քոլեջում երևացել է, անկարգություն է արել, թողել գնացել է: Անցյալ տարի նշանակել եմ, որովհետև այլ կերպ չէի կարող, մեծ խնդիրներ կունենայի քաղաքում: Այս տարի որոշեցի, որ պիտի չնշանակեմ: Ուսանողներն էլ բողոքել են, թե ինչու իրենք պետք էվճարովի հիմունքներով սովորեն, իսկ նա, որ դասի էլ չի գալիս, անվճար հիմունքներով սովորի և ստանա կրթաթոշակ»,- ասում է Արշակյանը:

Տիկին Արշակյանի խոսքով՝ չնայած իր հանդեպ սպառնալիքներին, թե նման բան անելուց հետո Էջմիածնում կարող է այլևս չերևալ, որպես կիսամյակային գնահատական «չի ներկայացել» է նշանակել: Ուսմասվարը և տնօրենը, սակայն, ավարտական քննություններից մեկ օր առաջհանձնաժողով են կազմել ու դրական գնահատական նշանակել Գրիգորյանի թոռանը և հեռակա բաժնում սովորող մի շարք ուսանողների, որոնք, Արշակյանի պնդմամբ, երբևէ դասերին չէին մասնակցել, այդ իսկ պատճառով էլ նրանց անբավարար էր նշանակել:

Ավարտական քննություններին բողոքների հետևանքով կրթության նախարարությունից մարդ է մասնակցել, ինչի շնորհիվ քննությանը չներկայացած Մանվել Գրիգորյանին գնահատական չի նշանակվել: Փոխարենը, սակայն, դրական գնահատականներ են ստացել հեռակա բաժնի՝ երբևէ դասի չհաճախած ուսանողները: Արշակյանը պնդում է, որ հանձնաժողովը հաշվի չի առել իր՝ քննական հանձնաժողովի անդամի տեղեկագիրը, որում նրանց անբավարար էր նշանակել:

«Այդ մարդկանց առաջին անգամ էի տեսնում ուսման երեք տարիների ընթացքում, ուստի և չեմ նշանակել՝ չնայած տնօրենի և ուսմասվարի պահանջին, թե վատություն մի արա, նշանակիր, թող գնան»,- ասում է Արշակյանը:

Արշակյանն ահազանգում է, որ ներկայիս տնօրենի պարտականությունները կատարողը՝ Կարինե Մկրտչյանը, որը շուտով կդառնա տնօրեն, շարունակում է նախորդի հանցավոր գործունեությունը: Նա պնդում է, որ նախկին տնօրեն Սերգեյ Զաքարյանն ուղղորդում է Մկրտչյանին՝ օգտվելով ոլորտում նրա անփորձությունից:

Հնչած մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար «Անկախը» կապ հաստատեց Էջմիածնի Վ. Համազասպյանի անվան պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Կարինե Մկրտչյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ ինքը կարող է խոսել միայն վերջին երեք ամիսների համար, որի ընթացքում պաշտոնավարել է: Մկրտչյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի թոռը քոլեջի ուսանող է եղել, դասախոսական անձնակազմի հավաստմամբ, մասնակցել է դասերին, նաև վերջին զանգին. ավարտական միջոցառմանը մասնակցությունը փաստված է լուսանկարներով: Կրտսեր Մանվել Գրիգորյանը, սակայն, ավարտական փաստաթուղթ չի ստանա, քանի որ քննություններին չի մասնակցել:

Մկրտչյանի հավաստմամբ՝ հեռակա բաժնում սովորող ուսանողները ևս դասերին մասնակցել են, որևէ մեկին հենց այնպես գնահատական չեն նշանակել:

Տնօրենի պաշտոնակատարը հերքում է նաև այն պնդումները, թե նախկին տնօրենն ուղղորդում է իրեն ու քոլեջում ունի արտոնյալի կարգավիճակ: Մկրտչյանի խոսքով՝ թոշակի անցած տնօրենը կես դրույքի սահմաններում դասաժամեր ունի, դասավանդում է հեռակա բաժիններում: Նշենք, որ դեռ մարտին «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում քոլեջի ուսմասվար Իշխան Գևորգյանն ասել էր, որ նախկին տնօրենը ներկայիս տնօրենի խորհրդականն է:

«Անկախը» զրուցեց նաև քոլեջի արդեն նախկին ուսանողների հետ, որոնք անուն չհրապարակելու պայմանով պատմեցին, որ Մանվել Գրիգորյանը, ինչպես և շատ-շատ ուսանողներ քոլեջում, այս տարիներին գնահատական են ստացել առանց դասի հաճախելու:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: