Լուսանկարչի բողոքը համայն մարդկությանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ
Երբ Ցեղասպանության հուշահամալիրի կառուցումը սկսվում է, լուսանկարիչն աշխատում էր «Հայրենիքի ձայն» թերթում: Լուսանկարում է շինարարության ողջ ընթացքը: Լուսանկարում է՝ հոգու ցավը խեղդելով:
Ցեղասպանության թեմայի հետ նրա ֆոտոխցիկի հաջորդ հանդիպումը ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժանսեմի աշխատանքների հետ էր Ցեղասպանության թանգարանում: Ինչպես Պողոս Պողոսյանը, Ժանսեմն էլ եղեռնից մազապուրծ հայ ընտանիքի զավակ էր, և մանկուց նրա ականջին թուրքական ոճրի մասին պատմություններն էին, որոնք էլ հետագայում նրա վրձնի շնորհիվ անմահացան կտավի վրա: Նկարչի 34 կտավից բաղկացած «Եղեռն» շարքը 2001-ին ցուցադրվեց Հայոց ցեղասպանության թանգարանում, և Ժանսեմն այն նվիրեց թանգարանին: Պողոս Պողոսյանն էլ անմահացրեց Ժանսեմի լուսանկարները՝ միաժամանակ վերապրելով այն ամենը, ինչն իր հոգում մանկուց ծանր հիշողություն էր դարձել: Լուսանկարիչը խոստովանում է, որ այդ ժամանակվանից ի վեր չի կարողանում ոտք դնել Ցեղասպանության թանգարան. այդ նկարներն իրեն ճնշում ու ցավ են պատճառում:
Այս տարի՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, Պողոս Պողոսյանը որոշում է իր համեստ լուման ունենալ՝ աշխարհին XX դարի ամենասարսափելի ոճրագործության մասին բարձրաձայնելու և արդարություն ու հատուցում պահանջելու հարցում: Եկել էր խոսելու ժամանակը: Եվ անվանի լուսանկարիչն իր լուսանկարների արխիվից հանում է Ցեղասպանությունը խորհրդանշող երկու լուսանկարներ, օրացույցով տպագրում և բազմացնում:
Լուսանկարներից մեկն արված է 1984 թ., մյուսը՝ 2010-ին: Երկուսում էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալրին է՝ Հայաստանի վերածնունդը խորհրդանշող վերասլաց կոթողով:
Լուսանկարներից մեկում հուշահամալիրը ողողված է արևի ճառագայթների լույսով: Լուսանկարիչն արտացոլել է իր ցանկությունը. Ցեղասպանության զոհերի հոգիները թող միշտ լույսի մեջ մնան: Աշխատանքն այդպես էլ վերնագրված է` «Հավերժ լույսի մեջ»:
Մյուս լուսանկարում հուշահամալիրն է՝ թիկունքում հսկա Արարատ լեռը` կարծես արյունով ողողված: Սրանով էլ լուսանկարիչն արտահայտել է այն միտքը, որ քանի դեռ Հայոց ցեղասպանության փաստն աշխարհով մեկ ընդունված չէ, և չկա պատիժ ու հատուցում, Արարատը միշտ արնագույն կլինի. լուսանկարը վերնագրված է «Արնաներկ, մինչև արդարության ժամը»:
Ի դեպ, այս լուսանկարը հետաքրքիր պատմություն ունի: Այն կյանքի է կոչվել ընկերոջ՝ գեղանկարիչ Տիգրան Մատուլյանի արվեստանոցում, որտեղից հիանալի երևում էր Արարատը: Պատմում է, որ այս լուսանկարի համար 15 օր շարունակ առավոտ ծեգին գնացել է ընկերոջ տուն և մինչև իրիկուն լուսանկարել, մինչև որսացել է իր ուզած պահը:
«Այս լուսանկարները երբևէ չեն ցուցադրվել կամ տպագրվել,- ասում է Պողոս Պողոսյանը,- երևի դրանք սպասում էին իրենց իսկական ժամին»:
Օրացույցի ձևավորումն իրականացրել է իր ընկերը՝ դիզայներ Կարեն Մանուկյանը, որն էլ իր հերթին մասնակցել է լուսանկարչի բողոքի ձայնին:
Հայաստանյան լուսանկարչության ամենամեծ վարպետներից մեկը՝ Պողոս Պողոսյանը, հիմա մի քիչ հանգիստ է, քանի որ այս ձևով կարողացել է մեղմել հոգու խորքում տասնամյակներ շարունակ թաքնված ցավը:
Ինչ վերաբերում է մասնագիտական կողմին, ապա նրա համար 2 լուսանկարն էլ խիստ արժեքավոր են: Ընդհանրապես, լուսանկարիչն իր աշխատանքին մեծ պրոֆեսիոնալիզմով է մոտենում: Նրա ֆոտոխցիկի կոճակը երբեք հենց այնպես չի չրխկում: Ինչպես ինքն է ասում` «Լուսանկարչությունը մինչև ապարատի չրխկալն է»:
Լուսանկարիչը հայտնի է իր Արարատներով ու Սևաններով: Նրա յուրօրինակ Արարատները շատերին են հայտնի, սակայն քչերը գիտեն, որ դրանց հեղինակը Պողոս Պողոսյանն է: Ամենահայտի Արարատներից մեկը երկնքից արված լուսանկարն է, որտեղ Սիսն ու Մասիսն ասես բռիդ մեջ են: Լուսանկարիչն այն ստեղծել է 1996 թ. Ստամբուլ մեկնելիս. օդանավից: Լուսանկարն այդպես էլ անվանել է` «Արարատն ափիդ մեջ»: