Կին, որ կերտում է Հայաստանի կանաչ արահետը
Պատահական չէ, որ «Կանանց համաշխարհային գագաթնաժողով» հիմնադրամը (Շվեյցարիա) 2012 թ. Նունե Սարուխանյանին ճանաչել է «Գյուղական կյանքում կանանց ստեղծագործական միտքը» անվանակարգի 10 հաղթողներից մեկն աշխարհում։
Դեռ մանկուց տիկին Նունեին գրավում էին գյուղական այգին ու մշակաբույսերը։ Առավոտ վաղ արթնանում էր, վազում դեպի հողամաս (ծնվել է Տավուշի մարզի Բերդ ավանում)։ Բայց գյուղատնտեսության մեջ կար մի բան, որ նրան նաև զարմացնում, երբեմն տխրեցնում էր․ «Տեսնելով գյուղացու դժվար աշխատանքը, հոգսաշատ կյանքը, գարնան ոգևորությունն ու աշնան հիասթափությունը՝ միշտ մտածում էի՝ ինչո՞ւ է այդպես։ Այն ժամանակ կարդում էինք, որ Լեհաստանը հատապտուղների արտադրության գծով աշխարհում առաջատար է, Հոլանդիան՝ ծաղիկների: Մտածում էի՝ ինչո՞ւ մենք՝ ոչ, չէ՞ որ բոլոր պայմաններն ունենք, ուրեմն ինչ-որ բան այն չէ»։
Այդպես, ծնողների կամքին հակառակ, ընդունվում է գյուղինստիտուտի այգեպտղաբանջարաբուծական ֆակուլտետ (ծնողներն ուզում էին, որ նա՝ իբրև լավ սովորող, բժշկուհի կամ մանկավարժ դառնա)։ 1986 թ. ավարտում է գյուղինստիտուտի ագրոնոմիական, 1987 թ.՝ նույն ինստիտուտի միամյա տնտեսագիտական ֆակուլտետը, իսկ 2003 թ. ավարտում է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի ասպիրանտուրան՝ նույն տարում պաշտպանելով գիտական թեզ և ստանալով գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Տիկին Նունեի կյանքի կարևոր շրջափուլերից է Արցախը։ Երբ սկսվում է Ղարաբաղյան շարժումը, հենց պատերազմի տարիներին նա ամուսնու հետ, որը նույնպես գյուղատնտեսական ոլորտից էր, գյուղինստիտուտի դասախոս, տնտեսագետ, տեղափոխվում է Արցախ։ «Այն ժամանակ մասնագետներով կամ Ղարաբաղյան շարժման ներկայացուցիչներով մի էսպիսի բան էին ծրագրել՝ ղարաբաղյան հողերը բերել-կցել Հայաստանին, ենթադրենք՝ 90 տարի վարձակալության հիմքով։ Այդ ծրագրի իրականացման համար տնտեսագետներ էին պետք, և իմ ամուսինը ներգրավվեց այդ աշխատանքներում։ Նա նշանակվեց նաև Արցախի գյուղատնտեսության փոխնախարար։ Էդպես շուրջ 9 տարուց ավելի ապրեցինք Արցախի Այգեստան գյուղում»։
Արցախում ապրելու տարիներին (1988-1998 թթ.) Նունե Սարուխանյանը աշխատում է գյուղի միջնակարգ դպրոցում որպես քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի,նաև Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում դասավանդում է ագրոնոմիական առարկաններ:
Ճաշակելով պատերազմի սարսափներն ու դժվարությունները՝ այսօր տիկին Նունեն այդ ամենի մասին չի էլ հիշում, փոխարենը մեծ հպարտությամբ է պատմում Այգեստան գյուղում հիմնած իր այգի-թանգարանի մասին։ «Ղարաբաղում այդ հողամասը հայտնի էր, բոլորը գիտեին, քանի որ այն ասես բույսերի թանգարան լիներ բաց երկնքի տակ՝ կակաչների տարբեր տեսակներով, տարբեր գույնի պոմիդորներով, հետաքրքիր նոր բույսերով ու հատապտուղներով»։
Տիկին Նունեն գյուղատնտեսության բոլորովին նոր մշակույթ է տարածում Արցախում, որտեղ նրա հարևաններն անգամ զարմանում էին, երբ նա սկսում էր էտել ծառերը․ «Երբ ուզում էի հարևաններիս օգնել, չէին թողնում, ասում էին՝ բա ծառը կկտրե՞ն»,-ժպիտով հիշում է նա։
Երևան տեղափոխվելուց հետո, 1998 թ. նա աշխատանիք է ընդունվում հայ-ամերիկյան «Ագրոգիտասփյուռ» խորհրդատվական ծրագրում։ 2004 թ., երբ ծրագիրն ավարտվում է, մի խումբ համախոհներով (ֆերմերներ, գիտնականներ, ուսանողներ, ագրոբիզնեսի ոլորտի մասնագետներ) հիմնում են «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպությունը, որն արդեն 14 տարի է՝ կանգնած է գյուղացիների կողքին իբրև վստահելի գործընկեր։
Կազմակերպության նպատակը Հայաստանի գյուղատնտեսության և գյուղական բնակավայրերի զարգացումն է: Կազմակերպության հիմնադիրները համոզված են, որ իրենց նպատակն իրականություն դարձնելու ամենաարդյունավետ ուղին ֆերմերային կոոպերացիայի և առևտրային գյուղատնտեսության զարգացմանը նպաստելն է:
«Կանաչ արահետն» իր հարյուրավոր շահառուների համար կազմակերպում է կրթական, խորհրդատվական միջոցառումներ, զբաղվում էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների արտադրությամբ, գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ֆերմերային խմբերի ձևավորմամբ ու զարգացմամբ, ֆերմերներին և ֆերմերային խմբերին նյութատեխնիկական աջակցությամբ, կանաչ տեխնոլոգիաների ներդրմամբ և այլն։ 2014 թվականից կազմակերպությունում գործում է նաև Ուսուցողական կենտրոնը, որտեղ արդեն գործնականորեն են ներկայացվում ոլորտի զարգացման ուղիներն ու հնարավորությունները։
Կայուն գյուղատնտեսության զարգացումը, որը կազմակերպության գլխավոր նպատակն է, զրուցակիցս համարում է Հայաստանում կենսական նշանակության ուղղություն։ «Բոլորս գիտենք, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանում․ բնապահպանական աղետ է՝ հողի դեգրադացիա, հանքարդյունաբերություն և այլն։ Մենք փորձում ենք մի փոքր մեղմել այդ հետևանքները և բոլորին հորդորում ենք զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ»։
Փորձի փոխանակման և վերապատրաստման նպատակով լինելով աշխարհի ավելի քան 30 երկրներում՝ Նունե Սարուխանյանը կարողացել է ուսումնասիրել ու համեմատել տարբեր երկրների փորձն ու գիտելիքները, հասկացել, թե որոնք են Հայաստանում գյուղատնտեսության զարգացման կարևոր նախադրյալները։ «Մեր ժողովուրդը թիմային աշխատանքում այնքան էլ ակտիվ չէ։ Գյուղացիները պետք է սկսեն խմբերով աշխատել, ստեղծել միևնույն որակի արտադրանք։ Բայց դա պետք է ներքևից գա, ստիպելով չի։ Հիմա մենք տեսնում ենք, որ գյուղացին կամաց-կամաց գալիս է դրան»։
Գյուղոլորտը զարգացնելու կարևոր պայմաններից է համարում նաև պետության կողմից գյուղացուն առաջին պլան մղելը։ «Երբեմն գյուղատնտեսության ոլորտի կոնֆերանսներ են կազմակերպում, բայց տեսնում ես՝ եկել են փողկապով մարդիկ, որոնք գյուղացիների փոխարեն քննարկումներ են անցկացնում, որոշումներ կայացնում ու մեկ ժամ չանցած՝ հեռանում։ Ես կարծում եմ, որ այդ կոնֆերանսներին ու քննարկումներին նախևառաջ գյուղացին պետք է մասնակցի։ Ընդհանրապես, անկախ ամեն ինչից, գյուղացուն պետք է մղել առաջին պլան։ Այսպիսի մի խոսք կա․ «Ով կերակրում է ամբողջ երկրագունդը, իրավունք չունի վատ ապրելու»։ Ցավոք, մեզ մոտ գյուղացին դառը դատում, դատարկ նստում է»։
Նունե Սարուխանյանը Հայաստանում գյուղատնտեսության զարգացման բնագավառում ունեցած ավանդի համար բազմաթիվ մրցանակների ու պատվոգրերի է արժանացել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։ Նա հեղինակել է նաև 19 մենագրություն, իսկ նրա գիտական բազմաթիվ հոդվածները հրապարակվել են Հայաստանի և արտերկրի հեղինակավոր գիտական ու հանրամատչելի ամսագրերում։ Նա նաև լոբու 2 և սիսեռի 4 նոր սորտերի հեղինակ է, որոնք այսօր մշակվում են Հայաստանի մարզերում և օգտագործվում: Լոբու տեսակներից մեկը կրում է նրա դստեր անունը՝ Ստելլա։ Ստելլան, ի դեպ, մոր գործի արժանի շարունակողն է։ Նա ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանի գյուղերում՝ փորձելով փոխել մարդկանց մտածելակերպը, վերաբերմունքը գյուղական կյանքի և սեփական ռեսուրսների նկատմամբ և նոր շունչ հաղորդել գյուղական միապաղաղ ու դժվարին կյանքին։