Հայերեն   English   Русский  

​21 տարեկանում` թեյերի սեփական արտադրություն


  
դիտումներ: 25372

Բնական՝ խոտաբույսերով թեյերի մեջ մինչ անցյալ տարվա սեպտեմբեր չկային Խոսրովի անտառի բարիքներից պատրաստված, ստանդարտացված ու սերթիֆիկացված թեյեր:

Այդ բացը անցյալ տարի փորձեց լրացնել Շաղափ գյուղի երիտասարդ ձեռներեց Ռոզա Մուրադյանը՝ ստեղծելով «Շաղափ թեյ» ապրանքանիշով թեյերը:

Համի ու բույրի բազմաթիվ առանձնահատկություններից բացի, ինչպես «Անկախի» հետ զրույցում նշեց Ռոզան, հենց Խոսրովի անտառի բարիքներից ստեղծված լինելը դարձավ շուկայում իրենց հիմնական տարբերանիշը: Իրականում մտահղացումը շատ վաղուց կար, սակայն «Շաղափ թեյի» հիմնադիրը բիզնես ծրագրի մասին սկսեց մտածել 2017 թվականի սեպտեմբերին: Դրանից առաջ Ռոզան մասնակցել էր բիզնես դասընթացի, որի շրջանակներում բիզնես ծրագիր էր գրել: Երիտասարդ ձեռներեցի այդ գաղափարը հավանության արժանացավ, և նրան դրամաշնորհ տվեցին՝ 96 հազար 650 դրամ:

«Մի քիչ անհավանական է դրանով ինչ-որ բիզնես սկսելը. իհարկե իմ անձնական միջոցներից բազմապատկվեց այդ գումարը՝ մոտ քառակի, ու այդպես սկսեցի: Քանի որ իմ գյուղը գտնվում է Խոսրովի անտառի կողքին` անընդհատ տեսնում էի, որ մարդիկ, այդ թվում նաև իմ ընտանիքի անդամները անտառից բերում էին բարիքներն ու թեյեր էին պատրաստում: Որոշեցի օգտագործել բնության բարիքները ու հիմնել արտադրություն: Բայց սա ոչ միայն բիզնես է, այլև սոցիալական ձեռներեցություն, նպատակն է գյուղացիներին ապահովել աշխատանքով: Այսինքն՝ գյուղացիներն ունենում են աշխատանք. գնում բերում են այդ թեյերի հումքը, մենք վերամշակում ենք, հարստացնում ենք ու թե՛ գյուղացուն ենք ապահովում աշխատանքով, թե՛ ունենում ենք լավ թեյ, որը կարողանում ենք հանել շուկա: Դրա համար էլ որոշեցինք մեր թեյերը կոչել գյուղի՝ Շաղափի անունով: Նախնական ներդրումներով ձեռք բերվեց հումքը: Բարեկամներն ու ազգականները հավաքում էին բույսեր ու անընդհատ բերում, բայց դա շատ քիչ էր սկսելու համար. որոշեցինք գյուղացիներից հումք գնել: Սկզբում շատ դժվար էր, բայց կամաց-կամաց սկսեցի հմտանալ այս գործում»,- նշեց Ռոզա Մուրադյանը:

Ընտանիքի անդամները Ռոզայի այս բիզնես գաղափարը դրական ընդունեցին. նրանց տանը չգրված օրենք կա՝ երեխաները պետք է բարձրագույն կրթություն ստանան ու նախաձեռնող լինեն: Եվ տնեցիների համար սպասելի էր, որ ինքն ինչ-որ բան պետք է աներ: Ուստի բոլորն էլ սիրահոժար օգնեցին ու սատարեցին աղջկան թե՛ նյութապես, թե՛ հոգեպես: Ռոզա Մուրադյանը սկզբում արտադրում էր 4 տեսակի թեյ, հիմա արդեն մոտ 10 տեսակի թեյ է պատրաստում՝ մաքուր կամ խառնուրդներով: Նա իր բիզնեսը սկսեց շատ փոքր ծավալներով, ամսական մոտ 80 տուփ հազիվ էր կարողանում փաթեթավորել: Իսկ ներկայումս մի քանի անգամ ավելացել են ծավալները: Արտադրության մեջ սկզբում ընդգրկված էին միայն ընտանիքի անդամները, քանի որ Ռոզան վստահ չէր՝ կհաջողի, թե ոչ:

«Ճիշտ է՝ սերթիֆիկացվել էի, այդքան գումար էի ներդրել, հարկային մարմիններում գրանցվել էի, գումարներ էի ծախսել, բայց սկզբում մտածում էի՝ լավ, եթե չկարողանամ, գոնե խայտառակ չլինեմ գյուղացիների մոտ, դրա համար էլ որոշեցինք ընտանիքի անդամների ուժերով սկսել այս գործը: Հետո հասկացա, որ ավելի լավ է մի փոքր ընդլայնել, և համագյուղացիներից էլ ներգրավեցի այս աշխատանքներում»,- պատմում է «Շաղափ թեյի» տնօրենը:

Այս թեյերը հիմնականում սպառվում են Հայաստանում, չնայած որոշակի ծավալներ արտահանվել են նաև Ռուսաստան, ապագայում էլ նախատեսում են ընդլայնել արտահանման ծավալները: Բայց քանի որ ռուսական շուկան մեծ է ու բարդ, այնտեղ ավելի մեծ ծավալներ արտահանելու համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, արտադրությունը պետք է ընդլայնել: Այդ ամենը, նշում է Ռոզան, ժամանակի հարց է: Ամեն դեպքում «Շաղափ թեյը» ԱՊՀ երկրներում իր արտադրանքը վաճառելու լիցենզիա ունի: Հաճախորդների կուռ ու հավատարիմ բանակ էլ արդեն ունի «Շաղափ թեյը»` այս թեյերը սիրողների թիվն անցնում է 5000-ից: Չնայած շոշափելի արդյունքներին՝ Ռոզա Մուրադյանը դեռ գոհ չէ: Նա շեշտում է, որ սկսնակ բիզինեսը գոնե առաջին երկու-երեք տարին չի կարող գոհացնել:

«Հեշտ չի եղել, մանավանդ որ մասնագիտությամբ լեզվաբան եմ, ընդամենը բիզնես դասընթացի էի մասնակցել: Մեր գյուղում աշխատանք չկար, մարդիկ լքում էին գյուղը, գործազրկության մակարդակը շատ բարձր է, աղքատության մակարդակը՝ ահավոր բարձր, ու հենց դա ստիպեց, որ ինչ-որ բան ձեռնարկեմ, բիզնես սկսեմ: Հիմա մեր տան մի սենյակում եմ ամեն ինչ կազմակերպում, բայց դրանով չենք սահմանափակվելու, մտածում ենք ստեղծել արտադրամաս,- ասում է Ռոզա Մուրադյանը:- Հանդիպեցի բազմաթիվ դժվարությունների, գտա բազմաթիվ լավ գործընկերներ, խորհրդատուներ, ու ամենակարևորն այն է, որ երբ գնում էի հանդիպումների, տարեց, փորձառու մարդիկ չէին պատկերացնում, որ ես կարող եմ բիզնեսով զբաղվել: Սկզբում շատ թերահավատորեն են մոտենում, հետո սկսում են իրենց փորձով կիսվել, խորհուրդներ տալ, ու դրանք շատ կարևոր խորհուրդներ են»:

Իր քաղած դասերից ելնելով՝ Ռոզան նշում է, որ չպետք չէ շտապել ու լուրջ քայլեր անելիս արագ որոշումներ կայացնել: Իհարկե, դանդաղել էլ չի կարելի, բայց եթե շատ լուրջ որոշում պետք է կայացնել, ուրեմն պետք է լավ մտածել, ամեն ինչ լավ հաշվարկել: Իհարկե, պետք է ռիսկի դիմել, բայց եթե նորեկ ես այս ոլորտում ու շանսերդ մոտ 30 տոկոս են, չարժի ռիսկի դիմել, իսկ եթե 50 տոկոս են, ապա կարելի է փորձել:

«Բիզնեսմենին պետք է լայնախոհություն,- ասում է երիտասարդ ձեռներեցը:- Բնավորության գծերից էլ ինձ միշտ օգնել է անկաշկանդ շփվելու հատկությունը: Եթե ինչ-որ բան չգիտեմ` հարցնում եմ, դա ինձ համար ամոթ չէ: Կարևորն այն է, որ ստանում եմ իմ հարցի պատասխանը: Բիզնեսում ամեն ինչ պետք է փորձել, բայց ոչ խաբել: Եվ երևի կարևոր է ճիշտ պահին ճիշտ տեղում լինելը: Իսկ ընդհանրապես, իմ կարծիքով, բիզնեսում հաջողության հասնելու գաղտնիքներ չկան».- ասում է «Շաղափ թեյի» տնօրենը:

Բիզնեսը Ռոզայից պահանջել է անսահման համբերություն և տվել է հոգևոր բավարարվածություն ու շփումներ պատկառելի մարդկանց հետ: Բիզնեսը փոխել է նաև աշխարհընկալումը, մտածելակերպը: «Բիզնեսով զբաղվող և չզբաղվող մարդիկ տարբեր կերպ են նայում միևնույն երևույթին: Եթե առաջ երազում էի, ենթադրենք, լավ հեռախոս ունենալու մասին, հիմա մտածում եմ՝ ավելի լավ է այդ գումարով հումք առնել: Եթե հիմա հումք չլինի` ես կունենամ լավ հեռախոս ու ապագայում ոչինչ, հեռախոսից բացի: Իսկ եթե հիմա ունենամ հումք, ապագայում կունենամ հեռախոս ու ավելին»,- եզրափակում է Ռոզա Մուրադյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: