Հայերեն   English   Русский  

Մոսկվայում ձերբակալված թալիշ Ֆահրադդին Աբբասովը մեղադրվում է պետականության դեմ ուղղված կոչերով հանդես գալու մեջ


  
դիտումներ: 2413

Ռուսաստանում կալանավորվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող քաղաքագետ, ազգությամբ թալիշ Ֆահրադդին Աբբասովը (Աբոսզադե), հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը:

Նա ձերբակալվել է սեպտեմբերի 6-ին, հաջորդ օրը Մոսկվայի շրջանի Լյուբերեցիի քաղաքային դատարանի որոշմամբ Աբբասովին Ադրբեջան արտահանձնելն ապահովելու նպատակով որպես խափանման միջոց ընտրվել է մեկ ամսով կալանքը:

Աբբասովի դեմ քրեական գործը հարուցվել է 2018 թ-ի հուլիսի 12-ին մայրաքաղաք Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանի կողմից: Նա մեղադրվում է ատելության սերմանման և պետականության դեմ ուղղված կոչերով հանդես գալու համար:

«Թալիշական ազգային շարժում» կազմակերպության նախագահ Ֆահրադդին Աբբասովը 1993 թ-ին ընտրվել էր Թալիշ-Մուղանական Պետության խորհրդարանի նախագահ: 1994 թ-ին լքել է Ադրբեջանը և արտագաղթել Ռուսաստան:

2005 թ-ին մայիսին Հայաստանում կայացել է թալիշագիտության ուղղվածությամբ առաջին միջազգային կոնֆերանսը: Ֆահրադդին Աբբասովը մասնակցել է դրան՝ հանդես գալով «Թալիշական լեզվի և ժողովրդի պաշտպանությունը» խորագրով զեկույցով: Ադրբեջանում կոնֆերանսը դիտարկվել է որպես աջակցություն անջատողականությանը:

2010 թ-ի սեպտեմբերին Ֆահրադդին Աբբասովն Ադրբեջանի տարածքում ժամանակավոր ապաստան ստանալու խնդրանքով է հանդես եկել: Այն դիտարկվել է՝ ստանալով դրական պատասխան: 2014 թ-ի փետրվարի 26-ին Աբբասովը օտարերկրյա քաղաքացու համար նախատեսված կեցության իրավունք է ստացել: 2014 թ-ի վերջին հանդես է եկել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով, որը մինչ օրս դիտարկվում է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: