Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը քննարկել է Ադրբեջանում տիրող իրավիճակը


  
դիտումներ: 746

Միավորված ազգերի կազմակերպության՝ Ժնևի կենտրոնակայանում Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում քննարկվել է կազմակերպության՝ Ադրբեջանին առնչվող առաջարկությունների կատարման հարցը, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի կառավարության անունից ելույթ է ունեցել փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, ով պատմել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտին առնչվող միջոցառումների կիրառման մասին: Նա, մասնավորապես, պատmել է Ադրբեջանում միջազգային կազմակերպությունների առաջարկությունների իրականացման հարցերով խորհրդատվական խորհրդի ստեղծման մասին:

Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի գործադիր տնօրեն Էմին Հուսեյնովը «Թուրան» գործակալությանը հայտնել է, որ նիստին շատերը մատնանշել են, որ Ադրբեջանն առաջարկությունների մեծ մասն այդպես էլ չի կատարել:

Մի շարք հասարակական կազմակերպությունների անունից հատուկ հայտարարությամբ հանդես է եկել «Արթիկլ 19» կազմակերպության ներկայացուցիչը: Հայտարարությունում ընդգծված է, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության աշխատանքը չափազանց սահմանափակված է, օտարերկրյա դոնորներին թույլ չեն տալիս աշխատել, իշխանությունները ճնշում են գործադրում փաստաբանների և հասարակական կազմակերպությունների վրա, լրագրողներին և կառավարության այլ քննադատներին ազատ չեն արձակում:

Հուսեյնովն իր հերթին ընդգծել է, որ ստեղծվող խորհրդատվական խորհրդում պետք է ներգրավված լինեն նաև անկախ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: