Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում կալանավորված ակտիվիստին գիրք կարդալու համար պատժել են


  
դիտումներ: 583

Ադրբեջանի թիվ երկու գաղութում բանտարկության մեջ գտնվող երիտասարդ ակտիվիստ Գիյաս Իբրահիմովին արգելել են գիշերվա ժամերին կարդալ: Այս մասին հայտնել է վերջինիս մայրը՝ Շուրա Ամիրասլանովը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, Շուրա Ամիրասլանովան նշել է, որ պահակները իր որդուն թույլ չեն տալիս գիշերը մահճակալում պառկած, լապտերի լույսի ներքո կարդալ: «Ավելի վաղ թույլ չեն տվել Գիյասին գիրք փոխանցել, իսկ հիմա նրան արգելում են կարդալ»,- ասել է Իբրահիմովը:

Մայրը հավելել է, որ պահակների զեկույցից հետո Գիյասին պատժախուց են տեղափոխել: Ըստ Ամիրասլանովի՝ գիրք կարդալու համար իր որդուն առավոտյան 9-ից մինչև երեկոյան 7-ը ոտքի վրա պահել են պատժախցում՝ առանց սննունդ և ջուր տալու: «Ի՞նչ է սա, եթե ոչ խոշտանգում»,- նշել է ակտիվիստի մայրը՝ միջազգային կազմակերպությունների իր որդու վիճակով հետաքրքրվելու կոչ անելով:

Քրեակատարողական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մեհման Սադըգովն իր հերթին ադրբեջանական գործակալությանը հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկներում գործում են կարգապահական կարգի միասնական կանոններ: «Ըստ կանոնների՝ բանտարկյալները 22:00-06:00 պետք է մահճակալում լինել: Գիյաս Իբրահիմովը խախտել է այդ կանոնը: Գիրք կարդալու արգելքն իրականությանը չի համապատասխանում: Ընդհակառակը, քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների ընթերցանությունը խրախուսվում է»,- ասել է Սադըգովը:

Ըստ նրա՝ Իբրահիմովին պատժախուց չեն տեղափոխել, այլ կարգապահական խախտման առնչությամբ զգուշացում են արել:

«NİDA» շարժման ակտիվիստ Գիյաս Իբրահիմովը և Բայրամ Մամեդովը ձերբակալվել են 2016 թ-ի մայիսի 10-ին այն բանից հետո, ինչ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանին գրաֆիտիներ են արել: Նրանց դատապարտել են 10 տարվա ազատազրկման թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: Միջազգային «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ճանաչել է «խղճի բանտարկյալ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: