Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի ոստիկանությունում դաժան ծեծի արդյունքում քաղաքացի է մահացել


  
դիտումներ: 689

Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի Գազախ քաղաքի բնակիչ 37-ամյա Էլմիր Ահունդովը ոստիկանության տեղի բաժանմունքում մահացել է: Ադրբեջանական «Մեյդան» կայքին վերջինիս քույր Ուլվիա Ահունդովան հայտնել է, որ նա մահացու ծեծի է ենթարկվել: Որպես ապացույց քույրը սոցիալական ցանցերում տարածել է իր եղբոր մարմնի լուսանկարը, որը կապտուկների մեջ է:

Ուլվիա Ահունդովան հայտնել է, որ եղբորը փողոցից տարել են, երբ վերջինս ծխախոտ գնելու համար տանից դուրս է եկել: «Ես նրա հետևից անմիջապես ոստիկանություն եմ գնացել, սակայն ինձ թույլ չեն տվել ներս մտնել: Այնուհետև շտապօգնության մեքենա է ժամանել: Դրանից հետո ինձ հիվանդանոցից զանգել են ու հայտնել, որ եղբայրս մահացել է»,- հայտնել է քույրը: Ոստիկանությունից տեղեկացրել են, որ Ահունդովը ոստիկանություն է կանչվել ցուցմունք տալու համար, սակայն հանկարծակի իրեն վատ է զգացել, շտապօգնություն են կանչել, սակայն հիվանդանոցում մահացել է:

Էլմիր Ահունդով

Գազախի շրջանի դատախազությունից հայտնել են, որ փաստի առնչությամբ «հանցագործություն կատարած անձի նկատմամբ անհրաժեշտ պաշտպանական միջոցների չարաշահում» հոդվածով քրեական գործ է հարուցվել:

Դա Ադրբեջանի ոստիկանական բաժանմունքում գրանցված նմանատիպ միակ դեպքը չէ: 2018 թ-ի հունիսի 9-ին Օղուզի շրջանի բնակիչ, 1989 թվականին ծնված Յոլջու Յուսուֆովը հարցաքննության նպատակով կանչվել է ոստիկանական բաժանմունք: Հարցաքննության ընթացքում երիտասարդ պատուհանից ցած է նետվել և մահացել:

2017 թ-ի ապրիլի 11-ին Լենքորան քաղաքի ոստիկանական բաժանմունքում արտակարգ պատահար է գրանցվել: Հերթապահ մաս տեղափոխված տղամարդը հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա, նրանից խլել է զենքը և կրակել իր վրա:

2017 թ-ի մարտի 27-ին Գերանբոյի շրջանի ոստիկանությունում ցուցմունք տալու ընթացքում մահացել է 40-ամյա Ռաշադ Գարաևը: Ըստ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ Գարաևի վիճակը «կտրուկ վատթարացրել է և չնայած անհապաղ բժշկական օգնության՝ նրան փրկել չի հաջողվել»:

2016 թ-ի մարտի 12-ին Բաքվում մահացել է 30-ամյա Զաուր Սուլթանովը: Համաձայն Խազարի շրջանի դատախազության՝ Սուլթանովը կանչվել է ոստիկանական բաժանմունք, սակայն բաժանմունքի բակում նստարանից ընկել է և մահացել:

Հատկապես մեծ ռեզոնանս է առաջացրել 2015 թ-ի օգոստոսի 20-ին 27-ամյա Բահրուզ Գաջիևի՝ Մինգեչաուր քաղաքի ոստիկանական բաժանմունքում մահվան դեպքը: Այդ ժամանակ Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ վարչական շենքի գրասենյակներից մեկի ոստիկանության աշխատակիցների կողմից հարցաքննվող Բահրուզ Գաջիևը հանկարծակից պատուհանից ցած է նետվել, ինչի արդյունքում դեպքի վայրում մահացել է: Ըստ պաշտոնական վարկածի՝ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել:

Այդ ժամանակ ողբերգությունը վերածվել է զանգվածային բողոքի ակցիայի, քաղաքում աճել է ոստիկանության գործողությունների դեմ դժգոհությունը, իսկ օգոստոսի 22-ին՝ Բահրուզ Գաջիևի հուղարկավորությունից հետո, հարյուրավոր մարդիկ քաղաքի կենտրոնական փողոցներ են դուրս եկել, որտեղ ոստիկանների հետ բախումներ են գրանցվել: Մինգեչաուր են տեղափոխվել ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ: Արդյունքում տասնյակ մարդիկ ձերբակալվել են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: