Ընտրությունները մի քանի կարևոր արձանագրումներ արեցին
Բայց մինչ արդյունքներին անդրադառնալը մի քանի դիտարկում ու նկատառում, թե ինչպես այս ընտրությունները ցրեցին մի քանի ավանդույթներ ու առասպելներ:
Նախ՝ պաշտոնական տվյալներով՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող ավելի քան 848 հազար քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 370-ից փոքր-ինչ ավելի քաղաքացի կամ ընտրողների 43.65 տոկոսը: Լրագրողների ճշտող հարցին, թե նախորդ ընտրությունների համեմատ որքան է տարբերությունը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ավագանու նախորդ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 40.99 տոկոսը, այս ընտրություններին մասնակցածների թիվը շուրջ 3 տոկոսով կամ մոտ 25 000-ով ավելին է:
Սա չափազանց կարևոր դրվագ է: Որովհետև նախկին բոլոր ընտրությունների ժամանակ մշտապես նշվել է, որ ընտրական ցուցակները ճշտված չեն, ուռճացված են, Երևանում այդքան ընտրող չկա, հետևաբար նախկին մեծամասնությունները կեղծիքի միջոցով են դարձել ավագանի ու քաղաքապետ, ընտրակաշառքի ու գազելներով միևնույն ընտրողներին տեղամասից տեղամաս տանելով ու բազմաթիվ կրկնաքվեարկություններով է միայն հնարավոր եղել «թիվ խփել» և այլն:
Եվ այս ընտրություններում պարզվեց, որ ոչ միայն երևանում այդքան ընտրող կա, այլև այս անգամ շուրջ 25 հազար էլ ավելի մարդ է իր քաղաքացիական պարտքը կատարել: Կարծես ոչ ոք չհիշեց էլ, որ եղել են նաև կրկնաքվեարկություններ, գազելներով շրջապտույտներ, թվանկարչություն, բայց անգամ նման դեպքում ավելի քիչ մարդ է մասնակցել քվեարկությանը, քան այս անգամ, երբ այդ բոլոր իսկապես բացասական երևույթները, կարելի է ասել, բացակայում էին: Այս առումով գոնե կարևոր էր, որ ինչ-որ չափով վերականգնվեց մարդկանց հավատն առ ընտրություն կոչվող երևույթը:
Երկրորդ կարևոր դիտարկումը. անգամ ՀՀԿ-ն, որ նախկին բոլոր «ընտրամեղքերի» հիմնական նախաձեռնողը, իրականացնողն ու «թիվ խփողն» էր, այս անգամ չէր մասնակցում ընտրություններին: Բայց նրանք շնորհավորեցին երևանի նորընտիր քաղաքապետին ու ավագանուն: Չնայած նրանց շնորհավորանքն անգամ «մեղմ ամբաստանություն» էր, քանի որ ՀՀԿ մամուլի ծառայությունը շնորհավորանքի հետ չէր զլացել նաև մի փոքրիկ սոփեստությամբ համեմել իր շնորհավորանքը: Մեջբերենք այդ հայտարարությունից. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չմասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին հասարակությունը ծայրահեղ բևեռացման վտանգից զերծ պահելու համար: Ցավոք, «Իմ քայլը» դաշինքը և անձամբ վարչապետ Փաշինյանը քարոզարշավը կառուցեցին հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու մոտեցմամբ: Դա հանգեցրեց ընտրությունների օրակարգի շեղման ու խեղաթյուրման, որը քվեարկությունը դարձրեց այդ վտանգավոր ու անհեռանկարային մոտեցմանը «դեմ» կամ «կողմ» լինելու մասին հարցում: Ակնհայտ է, որ մայրաքաղաքի բնակիչների գերակշռող մեծամասնությունը չսատարեց այդ մոտեցումը»:
Այս ընտրությունների հետ կապված երրորդ կարևոր դիտարկումը. վերջին տասնամյակներում «ընտրություն» բառն անգամ շատ-շատերի մոտ ասոցացվում էր ընտրատեղամասերի մոտ խմբված խուժանի, թաղային հեղինակությունների աննախադեպ ակտիվության, դեպի ընտրատեղամասեր շտապող լեփ-լեցուն գազելների ու տաքսիների, տարբեր տրամաչափի «տասովշիկների» անդրկուլիսային խաղերի, դպրոցների ու մանկապարտեզների, պետական հիմնարկների տնօրենների կողմից անցկացվող «բացատրական ժողովների», երբեմն՝ ծեծուջարդի, ընտրական պրոցեսի տարբեր, հաճախ ոչ իշխանական կամ ոչ իշխանամետ մասնակիցների նկատմամբ աննախադեպ ճնշումների, հազարավոր ընտրախախտումների ու նորին մեծություն ընտրակաշառքի հետ: Ու եթե սեպտեմբերի 23-ին չլիներ սոցցանցերի ու լրատվամիջոցների ակտիվությունը, անգամ ընտրատեղամասերի կողքով անցնելիս դժվարությամբ կարող էիր նկատել, որ ընտրություններ են անցկացվում: Առավել ևս, որ ընտրախախտումների վերաբերյալ լուրջ ահազանգեր, մեծ միջադեպեր չգրանցվեցին:
Երևան քաղաքի դատախազության հանձնարարությամբ ոստիկանության և քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով 53 ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Սահմանված ժամկետում միայն թիվ 3 տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվել վերահաշվարկի մեկ դիմում:
Քվեարկության օրը «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը կարճաժամկետ դիտորդական առաքելություն էր իրականացրել Երևան քաղաքի 95 ընտրական տեղամասերում և բոլոր 10 տարածքային ընտրական հանձնաժողովներում: Դիտարկումների արդյունքում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը եզրակացրել է, որ 2018 թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքների պահպանմամբ: Իսկ այս դաշինքի ներկայացրած նախորդ նման արդյունքների հետ համեմատությամբ պարզ է դառնում, որ անգամ արձանագրված մանր-մունր ընտրախախտումները կամ թերացումները մի քանի անգամ ավելի քիչ են:
Եվ ընտրախախտումների թեման եզրափակում է ՄԻՊ հայտարարությունը, որով մարդու իրավունքների պաշտպանն արձանագրեց, որ քվեարկությունը տեղի ունեցավ հանգիստ ու խաղաղ մթնոլորտում՝ առանց լարվածության: Սա հնարավորություն տվեց քաղաքացուն անխոչընդոտ իրականացնելու ընտրելու իրավունքն ու դրանով իսկ ձևավորելու մեր երկրի մայրաքաղաքի՝ որպես միասնական համայնքի կառավարման հիմքերը: Չնայած ՄԻՊ-ը նախընտրական շրջանի հետ կապված կարևոր շեշտադրումներ էր արձանագրել՝ կապված անհանդուրժողականության, վիրավորանքի, նույնիսկ՝ սպառնալիքների աճի կապակցությամբ, հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման ապահովման և այլ հարցերի հետ:
Մի խոսքով, ընտրակեղծարարներն ու ընտրազեղծարարներն այս անգամ «տանը մնացին», ինչը վատ չէր:
Այս ֆոնին մեկ այլ կարևոր ձեռքբերում, որ արձանագրվեց այս ընտրությունների արդյունքում: Ընտրապայքարին մասնակցող ուժերն ու քաղաքապետի թեկնածուները վերջում ընդունեցին արդյունքներն ու շնորհավորեցին հաղթողներին: Մասնավորապես Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարություն տարածեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը, որով փաստում էր, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում, ընտրություններին մասնակցած քաղաքացիների կամքի անվերապահ արտահայտությունն են, ուստի ընդունում է ընտրությունների արդյունքները և հաղթանակի կապակցությամբ շնորհավորում հաղթող ուժին:
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կայացած է համարում նաև «Երևանի հանրություն» դաշինքը: «Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորական ուղերձ հղեց Երևանի ավագանու ընտրությունների կայացման կապակցությամբ՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հատկապես երևանցիներին մեր պետության վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ և օրինական ընտրությունների կապակցությամբ, ինչպես նաև ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին՝ հատկապես հաղթող «Իմ քայլը» դաշինքին, Հայկ Մարությանին ու Նիկոլ Փաշինյանին:
«Իմ քայլը» դաշինքին Երևանի ավագանու ընտրություններում արձանագրած շոշափելի հաղթանակի կապակցությամբ շնորհավորեց նաև «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը:
Երևանի ավագանի անցած ուժերից ընտրությունների արդյունքներն ընդունեց ու «Իմ քայլը» դաշինքին շնորհավորեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Իսկ ավագանի անցած մյուս ուժի՝ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը, անձամբ «Իմ քայլը» դաշինքի շտաբ այցելելով, շնորհավորեց Հայկ Մարությանին ու դաշինքին հաղթանակի կապակցությամբ:
Մեկ անգամ ևս անդրադառնանք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին, որոնց համաձայն.
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել են ընտրապայքարին մասնակցած 12 քաղաքական ուժերից 3-ը՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) և «Լույս» դաշինքը:
«Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրության մասնակիցների ձայների 81.06 տոկոսը, ԲՀԿ-ն՝ 6.95 տոկոսը, իսկ երրորդ տեղում «Լույս» դաշինքն էր, որը ստացավ ընտրությանը մասնակցածների քվեների 4.99 տոկոսը: Ու թեպետ «Լույսը», լինելով դաշինք, չի ստացել անհրաժեշտ 8 տոկոսը (ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 6 տոկոսն է, իսկ դաշինքների դեպքում՝ 8 տոկոսը), ավագանու կազմում կընդգրկվի, քանի որ Երևանի ավագանիում չի կարող լինել երեքից պակաս քաղաքական ուժ:
Երևանի ավագանու 65 անդամների մանդատներից 57-ը կստանա «Իմ քայլը» դաշինքը, 5-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և 3 մանդատ էլ բաժին կհասնի «Լույս» դաշինքին:
Հոկտեմբերի 10-ին սպասվող ավագանու նիստի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Հայկ Մարությանը օրենքի ուժով կստանձնի Երևանի քաղաքապետի պարտականությունները և կդառնա Հայաստանի անկախությունից ի վեր Երևանի 12-րդ քաղաքապետը: