Հայերեն   English   Русский  

Միահեծան իշխանությունը վտանգավոր է նաև հենց այդ իշխանությունը կրողների համար


  
դիտումներ: 2048

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, բոլորին էր հասկանալի, պարզապես ՏԻՄ ընտրություններ չէին: Դրանք հետհեղափոխական Հայաստանում անցկացվող առաջին խոշոր ընտրություններն էին ու կարևոր փորձաքար էին թե՛ հեղափոխության շնորհիվ իշխանության եկած նոր ղեկավարության, թե՛ հասարակության և թե՛ քաղաքական դաշտի մյուս բոլոր ուժերի համար:

Եվ առաջին կարևոր արձանագրումը, որ եղավ Երևանի ընտրություններում, անակնկալն էր: Այո՛, անակնկալը, քանի որ այն արդյունքներին, որ արձանագրվեցին ընտրությունների ժամանակ, երևի ոչ ոք էլ չէր սպասում: Իհարկե անհերքելի է, որ մինչ ընտրությունները կար վստահ համոզմունք, որ «Իմ քայլը» դաշինքը լինելու է առաջատար, բայց այդպիսի ջախջախիչ հաղթանակ քչերը կարող էին պատկերացնել՝ միգուցե անգամ հենց իրենք «Իմ քայլը» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները:

Նիկոլ Փաշինյանն ընտրությունից օրեր առաջ ճոխացրեց երևանյան ընտրությունների քաղաքական կշիռը՝ այն վերածելով յուրօրինակ հանրաքվեի, քանի որ հայտարարեց, որ հօգուտ Հայկ Մարությանի տրված ձայները ձայներ են հօգուտ արտահերթ ընտրությունների, որ դա հեղափոխական և հակահեղափոխական ուժերի միջև ընտրություն է, ու դա գործեց. նրա քաղաքական ուժը ստացավ ոչ թե իշխանություն, այլ միահեծան իշխանություն:

Նիկոլ Փաշինյանը կարծես ազդակի էր սպասում ու Երևանի ավագանու ընտրությունը պոլիգոն էր՝ մեծ քաղաքական տեղաշարժեր սկսելուց առաջ... Ընտրությունների արդյունքները, երբ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 81 տոկոս քվե, իրավունք տվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին խոսելու ԱԺ-ն ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:

«Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները շատ արագ պետք է անցկացնել: Քաղաքական անորոշությունները արգելակում են նաև մեր տնտեսությունում նոր ներդրումների ներգրավումը, և կարծում եմ, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որ այսօր գործում է, ըստ էության չունի գործելու մանդատ, քանի որ խորհրդարանական ուժերը միասին վերցրած ոչ այնքան ձայն հավաքեցին, որը կարելի է բավարար համարել խորհրդարանում գործունեությունը այսպիսի կազմով շարունակելու համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արդեն Նյու Յորքում տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ մտադիր է Երևան վերադառնալուն պես նախաձեռնել խորհրդակցություններ բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդարանն արձակելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով։

Փաշինյանի այս հայտարարությունը, իհարկե, ամբողջովին տեղավորվում է Երևանի ավագանու ընտրություններում գրանցված արդյունքների տրամաբանության մեջ: Հայաստանում որքան հնարավոր է շուտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, նշում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, շատ տրամաբանական քայլ է:

«Հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հավանականությունը բավական մեծ է: Այս տեսքով խորհրդարանը պահելը նախ հեշտ չի լինի, դրանից բացի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դժվար կլինի մինչև 2022 թվականը այսքան բարձր ռեյտինգ պահելը»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերը վերակազմակերպվելու անհրաժեշտություն ունեն:

Անտրամաբանական կլիներ, որ 80 տոկոս ձայն ստանալուց հետո իշխանությունները ձեռնամուխ չլինեին այս հարցին, քանի որ արդեն սպասելի է, որ հենց վարչապետի գլխավորած քաղաքական ուժը կստանա վստահության նույնքան քվե, որքան Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ու կկարողանա կազմել բացարձակ ու միահեծան իշխանություն՝ իր բոլոր արդյունքներով ու հետևանքներով հանդերձ: Ու տրամաբանորեն՝ ինչո՞ւ պետք է Փաշինյանը հապաղի ու բաց թողնի բացարձակ իշխանություն բանեցնելու եզակի հնարավորությունը, որը չես իմանա՝ երկրորդ անգամ կլինի՞, թե՞ ոչ:

Ընդ որում ակնհայտ է, որ գործող իշխանությունն այնքան էլ հակված չէ գործընկերների շքախմբով կամ կոալիցիաներով համեմված իշխանություն վայելել: Ըստ ամենայնի՝ նրանք կգնան արտահերթ ընտրությունների հնարավորինս շուտ, և ամենայն հավանականությամբ «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում կկայացնի դրանց մասնակցել առանձին, ինչպես «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք էր հայտնել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Լենա Նազարյանը, որ նաև անթաքույց նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» արտահերթ խորհրդարանական ընտրություններից ևս ակնկալում է նույն պատկերը, ինչպիսին ստացվեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում: Բայց արդյոք դա լա՞վ տարբերակ է, թե՞ մտածելու շատ առիթներ կան:

Անդրադառնանք այս հարցին ավելի հանգամանալից: Հեղափոխության առանցք հանդիսացող քաղաքական ուժը ընտրություններում հաղթեց աննախադեպ առավելությամբ, ինչը նշանակում է, որ հասարակությունն արդեն օրենքով մանդատ տվեց հեղափոխությանը: Իսկ ստացած աննախադեպ արդյունքը, ինչպես նշեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը, «Իմ քայլը» դաշինքը պետք է հաշվի առնի իր քվեների ցուցանիշը, դասեր քաղի այդ փաստից և սխալներ թույլ չտա: «Նա պետք է ապացուցի, որ նոր Հայաստանում սերն ու հանդուրժողականությունը կարևոր արժեքներ են, իսկ ընտրություններին մասնակցած մյուս ուժերի լավ գաղափարները հաշվի առնի՝ ապացուցելով, որ Երևանը բոլորինն է: Բնական է, որ այդ թիվը մեծ վտանգ ունի: 91թվականը հիշենք և տեսնենք, թե դրանից հետո Հայաստանն ինչպես է զարգացել: Հարց է առաջանում՝ դասեր քաղե՞լ ենք, թե՞ ոչ: Մաղթում եմ՝ խելոք լինենք»,- շեշտեց Թևան Պողոսյանը:

Այս առումով շատ կարևոր էր, որ անցողիկ շեմը հաղթահարեին որքան հնարավոր է շատ կուսակցություններ և որևէ ուժ շատ մեծ տարբերությամբ առաջ չանցներ մյուսներից: Սա էլ է դեմոկրատիայի և քաղաքական համակարգի կայացածության մասին վկայող ցուցանիշ։ Երբ մարդիկ չեն վստահում 12 կուսակցություններից 10-ին, դա խոսում է այն մասին, որ վստահություն չկա առհասարակ կուսակցական համակարգի նկատմամբ։ Երևանի ավագանու ընտրության արդյունքը գործնականում ցույց տվեց, որ այս պաhին Հայաստանում չկա քաղաքական դաշտ: Իսկ քաղաքական դաշտում ուժերի ներկայիս համամասնությունը հուշում է, որ մենք գնում ենք միաբևեռության, ինչն արդեն վատ է:

«Սակայն սեպտեմբերի 23-ի ընտրությունները ի ցույց դրեցին ՀՀ քաղաքական համակարգի անառողջ բնույթն ու ընտրողների էմոցիոնալ մոտեցումն առավելապես տեղական նշանակության ընտրական գործընթացների նկատմամբ։ 82% քվեն նորմալ չէ առողջ և մրցակցային ընտրությունների համար, քանի որ պատմության մեջ այդքան ձայներ ստացած քաղաքական ուժերը հետագայում լուրջ խնդիրներ են առաջացրել առաջինը պետության, ապա իրենց համար։ Այս վտանգավոր բարձր տոկոսը վկայում է իրական մրցակցության բացակայության մասին, քանի որ չկա այդպիսի քաղաքական օրակարգ և ծրագիր, որը բնական մրցակցային պայմաններում ստանա ընտրողների 82%-ը։ Սա, կարծում եմ, լուրջ առիթ է մտահոգվելու Փաշինյանի համար, որը, իմ խորին համոզմամբ, իրականում ցանկանում է Հայաստանը տեսնել ազատ և ժողովրդավարական։ Երկրորդ դիտարկումը, որ կցանկանայի անել, կապված է երեկվա ընտրությունների և արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջև զուգահեռների հետ, քանզի իմ գնահատմամբ, երեկվա ընտրությունները անորոշ ժամանակով հետաձգեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկու հիմնական պատճառով։ Առաջինը ՀՀ պետական ինստիտուտների, քաղաքական ուժերի և հասարակության անպատրաստ լինելն է այդպիսի կարևոր և պատասխանատու գործընթացին, ինչի վառ վկայությունն են երեկվա ընտրությունների արդյունքները։ Եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանան այս տարվա վերջում, ապա խորհրդարանում Փաշինյանի կողմից պաշտպանվող ուժը կամ ուժերի դաշինքը կհավաքի նույն քանակի ձայներ, ինչը լրջագույն ժողովրդավարական խնդիրներ կհարուցի Հայաստանի ներքին և արտաքին վարկանիշի համար։ Երկրորդ պատճառը գործող խորհրդարանի արձակման խնդիրն է, որը երեկվա ընտրությունների արդյունքներով դարձավ էլ ավելի անլուծելի։ Ո՛չ հանրապետական կուսակցությունը, ո՛չ Ծառուկյան դաշինքը և ո՛չ էլ Դաշնակցությունն այլևս հեշտությամբ չեն զիջի ԱԺ-ում ունեցած ազդեցությունը՝ հասկանալով, որ հաջորդ խորհրդարանում չեն կարողանալու ապահովել գոնե նվազագույն ներկայություն։ Իսկ Սահմանադրությունը, որքան էլ այն մոռացված և անտեսված լինի, ամեն դեպքում մնում է Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթը, որտեղ ԱԺ-ի արձակման համար պահանջվում է Ազգային ժողովի համաձայնությունը։ Եթե Փաշինյանը որոշի կապիտալիզացնել երեկվա ընտրությունների արդյունքները ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով, ապա գործընթացը կմտնի արդեն Սահմանադրական ճգնաժամի փուլ՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով։ Հայաստանը գտնվում է քաղաքական խորագույն ճգնաժամի մեջ, որի հաղթահարման միակ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, բայց եթե դա տեղի չունենա ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով, ապա հետևանքները կլինեն անկանխատեսելի և ծանր»,- ընտրությունների հաջորդ օրը այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրեց Արթուր Ղազինյանը:

Այսինքն՝ ինչպես նշել էր Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ցանկալի չէ, որ ԱԺ ընտրություններն անցնեն միակուսակցական տեսքով, որքան էլ այդ ուժը վստահություն ներշնչի: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ մոտ ապագայում ուժեղ ընդդիմություն ձևավորվի: Ու իսկապես մտածելու տեղիք է տալիս, եթե ԱԺ-ն ցրվի, ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացվեն ու խորհրդարանում բացարձակ՝ 80 տոկոսանոց մեծամասնություն կազմի «Քաղաքացիական պայմանագիրը», արդյոք Հայաստանում վերջ չի՞ դրվի բազմակարծությանը, ինչպես մտահոգվում էր ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Որովհետև, այո՛, Հայաստանում կուսակցությունների ռեստարտի կարիք կա, և հեղափոխական դաշինքի ստացած 81 տոկոս վստահության քվեն, անշուշտ, հեղափոխության նկատմամբ հասարակության վստահության դրսևորում է, սակայն մյուս կողմից բացահայտում է Հայաստանի քաղաքական համակարգի մրցակցային չլինելը։ Իսկ դա վտանգավոր է առաջին հերթին պետության, երկրորդ հերթին՝ հենց նույն՝ բացարձակ իշխանություն վայելող ուժի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: