«Անակնկալներ» Հայաստանի ամենահայտնի մրցավարի համար
Նա որպես գլխավոր մրցավար սպասարկել է մեծ թվով միջազգային մրցաշարեր, այդ թվում նաև՝ աշխարհի գավաթի խաղարկության: Երկու անգամ վարել է աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտեր: Այդպիսի պատվի ոչ միայն շախմատի, այլև այլ մրցաձևի Հայաստանի որևէ մրցավար չի արժանացել: Այդուհանդերձ, երկար ժամանակ նրա կատարած աշխատանքն ասես արժանի գնահատկան չէր ստանում, մի տեսակ ստվերում էր մնում: Եվ ահա, հոբելյանի առիթով Վարդապետյանին մեկ օրում երկու պարգև շնորհվեց` Հայաստանի սպորտի նախարարության ոսկե մեդալ և ՀԱՕԿ-ի Ալբերտ Ազարյանի անվան մեդալ: Շնորհավորելով անվանի մասնագետին հոբելյանի, նաև ստացած պարգևների առիթով, նրան մի քանի հարց ուղղեցինք:
- Անսպասելի՞ էր կատարվածը:
- Ինչ խոսք, մեծ անակնկալ էր: Շախմատն առայժմ օլիմպիական գրանցում չունի: Պարգևներ ստացա Հայաստանի սպորտի նախարարությունից ու ՀԱՕԿ-ից` այն կառույցներից, որոնք առավել կենտրոնացած են օլիմպիական մարզաձևերի զարգացման հարցերի վրա: Ուրախալի է, որ շախմատի ներկայացուցիչը ևս ուշադրության կենտրոնում է հայտնվում: Հաճելի է, որ աշխատանքը գնահատվում է: Ինձ համար պարգևներից առավել էական է այդ վերաբերմունքը: Ուրեմն, շնորհակալ մի բան կատարել եմ, և դա աննկատ չի մնացել մարդկանց աչքից:
- Քչերին է հայտնի, որ պատանեկան տարիքում աթլետիկայով եք զբաղվել: Իսկ ինչո՞ւ այն ժամանակ նախապատվությունը շախմատին չէր տրվել:
- Իմ կյանքում առաջին մարզաձևը եղել է շախմատը: Խաղում էի, երբ դեռ 5,5 տարեկան էի: Լավ ունակություններ էի ցուցաբերում: Երբ 7-8 տարեկան էի, մեր բակի մեծահասակ շախմատասերները հերթ էին կանգնում, որպեսզի խաղան ինձ հետ: Բայց այնպես ստացվեց, որ շախմատը սիրելով, այդ մարզաձևի բոլոր նորություններին հետևելով՝ լրջորեն շախմատով չեմ զբաղվել: Միայն հասուն տարիքում` 16-17 տարեկանում եմ խաղացել լուրջ մրցաշարերում: Կարճ ժամկետում մարզական կարգեր եմ լրացրել, հետո էլ հասել վարպետության թեկնածուի աստիճանի: Այդուհանդերձ, այդ կոչումն ինձ տրվել է այն ժամանակ, երբ արդեն երկարամյա մրցավար էի: Ի դեպ, վաղ եմ սկսել մրցավարությամբ զբաղվել` 20 տարեկանից: Ընդ որում, չէի մտածում, որ այդ աշխատանքն ինձ համար նոր հեռանկարներ կարող է բացել: Ինձ այդ գործում ներգրավեց Երևանի շախմատի ֆեդերացիայի երկարամյա նախագահ, համամիութենական կարգի մրցավար, հմուտ կազմակերպիչ Մկրտիչ Կուլօղլյանը: Եվ ահա, չորս տասնամյակից ավելի է, ինչ մրցավարությամբ եմ զբաղվում:
Երևանի «Հրազդան» մարզադաշտում 1971-ից վազքի խմբեր էին գործում: Այն տարիներին Հայաստանում էր աշխատում լատվիացի հանրածանոթ մարզական քայլորդ Գեորգի Գուտբելցը: Նա պարապում էր մարզական քայլքի և երկար տարածության վազքի խմբերի հետ: Կանոնավոր մարզվում էի, մրցաշարերի մասնակցում: Շաբաթական առնվազն երեք օր պարապում էի՝ ամեն անգամ հաղթահարելով 7-8 կմ: Կարողություններս փորձել եմ նաև մարաթոնյան վազքում, այդ մրցաձևում դարձել 2-րդ կարգային: Քանիցս մեկնարկի եմ դուրս եկել Սևան-Երևան գերմարաթոնում և, հաղթահարելով շուրջ 70 կմ` ավարտել այն: 29 տարեկանում անսպասելիորեն առողջական խնդիրներ ունեցա, որից հետո բժիշկների խորհրդով թողեցի կանոնավոր մարզումները:
- Ընտանիքում շախմատով զբաղվող եղե՞լ է:
- Հայրս` Ռաֆայելը, շախմատի մոլի երկրպագու էր: Նա ճանապարհաշինարար-ճարտարագետ էր և աշխատում էր «Հայարդնախագիծ» ինստիտուտում որպես նախագծերի գլխավոր ճարտարագետ: Կոլեկտիվի անդամների թվում էին աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի մտերիմ, շախմատի Երևանի չեմպիոն Էմիլ Թադևոսյանը, ճանաչված շախմատիստ Ալբերտ Հովհաննիսյանը: Նրանք իրենց շուրջը մեծ թվով շախմատասերների էին հավաքել: Ընդ որում, հաստատության տնօրեն, ճանաչված ճարտարապետ Մարկ Գրիգորյանը նույնպես շախմատի մեծ երկրպագու էր և հնարավորն անում էր, որ կոլետիվում այդ մարզաձևի սիրահարներն իրենց նախասիրությանը հագուրդ տալու հնարավորություն ունենան: Հաճախակի էին անվանի շախմատիստների հետ հանդիպումներ, համաժամանակյա խաղաշարեր, մրցումներ կազմակերպվում և այլն:
- Իսկ դուք ի՞նչ մասնագիտություն եք յուրացրել:
- Տնտեսագետ եմ: Ընդունվել եմ Երևանի պետհամալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Հետագայում, երբ ֆակուլտետն առանձնացավ, ստեղծվեց Երևանի ժողտնտեսության ինստիտուտը: Ստացվել է այնպես, որ մի բուհ եմ ընդունվել, ավարտել՝ մեկ ուրիշը: Հետագայում ուսանելով նաև սոցիոլոգի մասնագիտությունում եմ խորամուխ եղել: Դա անհրաժեշտ էր, քանի որ աշխատում էի ՑԻՆՕՏՈւՌ-ում (Центральный институт научной организации труда, управлении и рационализации): Նոր մասնագիտությանը տիրապետելն օգնեց, որ ավելի լավ հասկանամ մարդկանց և նրանց խնդիրները: Ի դեպ, շատ տեղերում եմ աշխատել, տիրապետել եմ նաև բանվորական մի շարք արհեստների: Հմուտ փականագործ եմ եղել, մեխանիկ, շինարար, պլաստիկ իրերի պատրաստման վարպետ և այլն: Ճարտարագիտական կրթությունը ստացել եմ աշխատանքին զուգահեռ. երկար ժամանակ ղեկավարել եմ «Հայարդնախագծի» արդյունաբերական հանգույցների բաժինը, որը վերահսկում էր Հայաստանի ամբողջ տարածքի արդյունաբերական գոտիների շինարարությունը, գործունեությունը: Այն գործում էր ոչ թե Հայաստանի որևէ կառույցի, այլ ԽՍՀՄ «Գոսստրոյի» ենթակայությամբ և մեծ իրավունքներով հետևում էր կարգուկանոնի պահպանմանը: Ի դեպ, երբ սկսեցինք աշխատել Հայաստանի կառույցների ղեկավարությամբ, գործերն անցանկալի ուղղությամբ ընթացան: Խնամի-ծանոթ-բարեկամ մեխանիզմը սկսեց աշխատել, և վերադասից ոչ թե հարցումներ էին տեղում, այլ` կարգադրություններ, թե ինչ անենք: Այդ պատճառով էլ ազատեցի զբաղեցրածս պաշտոնը: 17 տարեկանից սկսած՝ չի եղել մի օր, որ չաշխատեմ: 1989-ից հետո միայն երկու անգամ եմ արձակուրդ ստացել, այն էլ` հարաբերական, քանի որ դրանք անցկացրել եմ շախմատի մրցաշարերում` կատարելով մրցավարի պարտականություն:
- Շախմատիստներն անհատականություն են, այդ մարզաձևի աստղերը` առավել ևս: Որ լավ հարաբերությունների մեջ եք հայ առաջատար շախմատիստների հետ, զարմանալի չէ, բայց ինչպե՞ս է հաջողվում լավ հարաբերություններ պահպանել աշխարհի բոլոր բարձրակարգ խաղացողների հետ, Ձեզ են վստահում ամենասկզբունքային մրցամարտերի սպասարկումը: Կա՞ որևէ գաղտնիք:
- Չեմ կարող ասել, թե ովքեր կամ ինչի համար են գերադասում, որ ես սպասարկեմ պատասխանատու հանդիպումները: Նաև սեմինարներ եմ անցկացնում, ուսուցանում միջազգային մրցավարի կարգ ստանալ ցանկացողներին: Եվ նրանց հաճախ եմ կրկնում իմ կարևոր սկզբունքը, որ ոչ թե խաղացողներն են մրցավարի համար, այլ մրցավարը` խաղացողների: Եվ պետք է փորձել հնարավորն անել, որպեսզի շախմատիստներն իրենց անկաշկանդ, հանգիստ և հարմար զգան ու խաղի ժամանակ կարողանան կենտրոնացած գործել, լուծեն խաղատախտակի վրա ծագած խնդիրները: Շատ կարևոր է նաև, որ մրցավարն անաչառ լինի: Թեև լավ հարաբերություններ եմ պահպանում մեր երկրի բոլոր շախմատիստների հետ, բայց եթե մրցաշարի ընթացքում խնդիր է ծագում որևէ խաղացողի հետ, ապա առաջին հերթին առաջնորդվում եմ ոչ թե մեր ունեցած հարաբերություններով, այլ օրենքով: Երևի դա է գնահատվում:
- Շախմատում մրցավարական աշխատանքի համար տարիքային սահմանափակում կիրառվո՞ւմ է:
- Ինչպես շախմատ խաղացողների, այնպես էլ այդ խաղաձևի մրցավարների համար գործելու ոչ մի սահմանափակում չկա: Ի դեպ, վերջերս կարդացի, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ևս հանել է ֆուտբոլի մրցավարների համար մինչ այդ կիրառվող տարիքային (մինչև 45 տարեկան) սահմանափակումը: Շատ ճիշտ են վարվել, քանի որ այդ տարիքի փորձառու շատ մրցավարներ նաև լավ մարզավիճակում են: Քանի դեռ բարձրակարգ մասնագետը կարողանում է աշխատել, չպետք է զրկել նրան այդ հնարավորությունից, որևէ սահմանափակում կիրառել:
- Միջազգային բազմաթիվ մրցաշարեր, մրցամարտեր եք սպասարկել, դժվարին իրավիճակներում երբևէ հայտնվե՞լ եք:
- Հետաքրքիր միջադեպեր շատ են եղել: Ուշագրավ իրավիճակ առաջացավ Հնդկաստանում անցկացված աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթհան Անանդ - Մագնուս Կառլսեն մրցամարտի 7-րդ պարտիայի ժամանակ: Կառլսենը հաղթել էր նախորդ պարտիայում, և բնական էր, որ Անանդը պետք է փորձեր շտկել իրավիճակը: Նա հանդիպումը սկսելուց 15-20 րոպե առաջ էր եկել և վճռական տրամադրությամբ, քարացած նստել էր խաղասեղանի առջև: Կառլսենը մի փոքր լարված էր և քայլում էր այս ու այն կողմ: Հետո նա նստեց: Բայց խաղասկզբից վայրկյաններ առաջ նորվեգացի գրոսմայստերը հայացք գցեց հանգստի սենյակում դրված ժամացույցին, հետո կտրուկ տեղից բարձրացավ և գնաց դեպի զուգարան: Քանի որ քիչ ժամանակ էր մնում խաղի սկզբին` շուրջ 50 վայրկյան, վտանգ առաջացավ, որ Մագնուսը կարող է ուշանալ: Այդ պարագայում անմիջապես պարտություն կգրանցվեր: Ես դահլիճում նստած էի, իսկ աշխատանքը վստահել էի տեղակալիս` Իսրայելի ներկայացուցիչ Ալմուխ Բուշտեյնին: Նա գույնը գցեց, զարմացավ, այլայլվեց: Պարզապես անելանելի վիճակ էր, քանի որ Կառլսենը կարող էր ժամանակին տեղում չգտնվել, և պետք էր նրան պատժել: Ամբողջ դահլիճը հետևում էր ժամացույցի հետ հաշվարկին, և եթե մրցավարը կողմնակալություն դրսևորեր, ապա մեծ աղմուկ կառաջանար: Բարդ իրավիճակ էր սպասվում: Ինքս չէի ցանկանա Բուշտեյնի փոխարեն լինել: Բայց Կառլսենի նման տաղանդավոր շախմատիստն ամեն բան լավ հաշվարկել էր: Երբ խաղը սկսելուն 10-12 վայրկյան էր մնացել, նա վերադարձավ և նստեց խաղատախտակի առջև: Բուշտեյնի դեմքին երանության ժպիտ եկավ, ասես վիճակախաղում 1 մլն դոլար էր շահել: Այդ միջադեպի հետ կապված էսսե եմ գրել, հավանաբար այն մի օր կհրապարակեմ:
- Եղե՞լ է դեպք, որ սխալվել եք, հետո եք զգացել դա:
- Իմ մրցավարական աշխատանքի ամբողջ ընթացքում վճռորոշ սխալներ, բարեբախտաբար, չեմ հիշում: Ինչ խոսք, փոքր վրիպումներ թույլ տվել եմ, հնարավոր է, որ դրանք աննկատ են մնացել մյուսների աչքից: Դա սովորական է, աշխատանք է:
- Մրցաշարերի կազմակերպիչներն են հրավերներ ուղարկում մրցավարներին: Նոր տարին սկսվել է, ի՞նչ մրցաշարեր սպասարկելու առաջարկներ ունեք:
- Ընդհանուր ծրագրերը մեծ են և դեռ շատ բան անորոշ է, պետք է հստակեցվի: Մարտի վերջին Մոսկվայում վերստին կանցկացվի «Աերոֆլոտի» փառատոնը: Այն վերջին անգամ իր ձևաչափով 2012-ին է կայացել: Նախ, չանցկացվեց, հետո «արագ» շախմատի ձևաչափով կայացավ: Հրավեր եմ ստացել որպես գլխավոր մրցավար սպասարկելու A մրցաշարը: