Հայերեն   English   Русский  

Դժվար է հիշել, թե Հայաստանի մարմնամարզիկները վերջին անգամ երբ են պարապել Ծաղկաձորում


  
դիտումներ: 2998

Այս օրերին Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանի մարմնամարզության հավաքականը:

Վաղուց այդպիսի բան չի եղել: Այնպես որ անիմաստ են հիշողությունը թարմացնելու այն փորձերը, թե վերջին անգամ որ թվականին են մեր առաջատար մարմնամարզիկները պարապել օլիմպիական մարզաբազայում:

Հայաստանի հավաքականը, որի կազմում են` Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը, Արմեն Պետրոսյանը, թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի, մարզիչ Արտյոմ Ավետյանի գլխավորությամբ հունվարի 10-ից պարապում է Ծաղկաձորում:

Մինչև հունվարի 22-ը թիմը կմարզվի, որից հետ Երևան կժամանի:

Մարմնամարզիկները պարապում են ըմբշամարտի մարզասրահում: Հիմնական ուշադրությունն ուղղված է հավաքականի անդամների ընդհանուր ֆիզիկական պատրաստականության բարելավմանը:

Նախկինում Ծաղկաձորում մարմնամարզության կահավորված մարզասրահ կար, բայց այն վաղուց գոյություն չունի: Այդ բացը լրացնելու համար մարզաբազա են բերվել օղակներ և նժույգ:

Փետրվարի 11-ին մերոնք կուղևորվեն ԱՄՆ, որտեղ անցկացվելու է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկության ավանդական միջազգային մրցաշարը: Մասնակցելու են երեք տասնյակ երկրների ներկայացուցիչներ:

Հայաստանի պատվիրակները, մրցումներից բացի, նախատեսում են 14-օրյա ուսումնամարզական հավաք անցկացնել: Այդ հարցում մերոնց աջակցելու է վերջին տարիներին ԱՄՆ-ում աշխատող օլիմպիական խաղերի չեմպիոն Էդուարդ Ազարյանը: ԱՄՆ-ում կարողություններն են փորձելու Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը: Առաջինը հանդես է գալու բազմամարտում, իսկ երկրորդը` նժույգաթափերում:

Մարտի սկզբին կայանալու է Հայաստանի առաջնությունը, որի արդյունքով էլ կորոշվեն այն 6 մարզիկները, որոնք մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը: Այն կայանալու է ապրիլի 11-20-ը Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում:

Եվրոպայի առաջնությունից հետո պարզ կդառնան այն 3 մարմնամարզիկների անունները, որոնք մեր երկիրը ներկայացնելու են հոկտեմբերին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հայտնեց, որ ներկայիս ուսումնամարզական հավաքն անցկացվում է ՀԱՕԿ-ի աջակցությամբ և շատ օգտակար է: Ի դեպ, առաջին անգամ ուսումնամարզական հավաքներ են նախատեսվում կազմակերպել նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններից առաջ: «Դրանք դրսում կանցկացվեն, քանի որ ժամանակակից մարզագործիքներով կահավորված մարզասրահ Հայաստանում չկա: Դեռ հայտնի չէ, հավանաբար նախապատրաստվենք Քաթարում, Իրանում կամ Ռուսաստանում: Ի դեպ, մարտի վերջին Քաթարում կայանալու է աշխարհի գավաթի խաղարկության մրցաշար, որին նույնպես մասնակցելու ենք»,- ասաց Սերոբյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: