Հայաստանի բոցավառվող լույսը
Անցյալի վերաիմաստավորման, ներկայի գնահատման եւ ապագայի կերտման կարող են հասնել բավականին հասուն ազգեր, որոնք ունակ են օբյեկտիվորեն ընկալել իրականությունը, օժտված են բավականաչափ կամքով եւ պատրաստ են պատասխանատվություն կրել անցյալում եւ ներկայում արված եւ նրանց զարգացմանը խոչընդոտ դարձած սխալների համար:
Ազգը գենետիկական շղթա է, եւ յուրաքանչյուր սերունդ պատասխանատվություն է կրում այդ առաքելության պահպանման եւ փոխանցման հարցում: Այդ շղթայի ճեղքման դեպքում սերունդների միջեւ գոյանում է խորը անդունդ, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է էլ ավել խորացման եւ անցյալի հետ կապի կորստի: Բնության հիմնարար օրենքներից մեկի՝ էներգիայի պահպանման օրենքի համաձայն, մեկուսացված համակարգերում էներգիան անցնում է մի վիճակից մյուսին, սակայն միշտ մնում է անփոփոխ: Ազգն իրենից ներկայացնում է մեկուսացված համակարգ, որն իր ձեւավորման ընթացքում ստանում է մեծ քանակությամբ էներգիա եւ ժամանակի բերումով կամ ծախսում է այդ էներգիան իր կայուն զարգացման նպատակով, կամ էլ այդ էներգիան առաջացնում է ներքին պայթյուն:
Մեծ Հայքի անկմամբ շրջվեց հայոց պատմության կարեւորագույն էջը: Սակայն այդ կայսրության եւ ամենահզոր հայոց արքա Տիգրան Մեծի կերպարները ընդմիշտ տպավորվել են մեր ազգի պատմական հիշողության մեջ, դառնալով մեր գոյության յուրօրինակ ազգային խորհրդանիշ: Այդ խորհրդանիշը հաճախ նույնականացվում է հայկական կայսրության ֆիզիկական սահմանների՝ «ծովից-ծով Հայաստանի» հետ, որը տարածվում էր Կասպից ծովից եւ Կովկասյան լեռներից մինչեւ Միջագետք եւ Կարմիր ծով, Եկբատանից մինչեւ Միջերկրական ծով: Սակայն քչերն են փորձում հասկանալ, թե ինչ էր կատարվում այդ սահմանների ներսում, քչերն են գիտակցում, որ կայսրությունների բախման արդյունքում ծնված, կայսերական գաղափարներով սնված ժողովուրդը անցում էր կատարում դեպի ավելի բարձր՝ գերէթնոսի, քաղաքական ազգի մակարդակ: Տիգրանն արքաներից առաջինն էր, ում հաջողվեց հաղթահարել աշխարհագրական կապանքները եւ ծնունդ տալ հայկական կայսրությանը: Նա վերջ դրեց այն կարծրացած մտքին, որ գերտերությունների շահերի հատման կետում գտնվող երկրները այլընտրանք չունեն, քան կողմերի միջեւ հավասարակշռություն պահպանելը կամ նրանցից մեկի կողմն անցնելը: Այդ կայսրությունն առաջացել է Հայկական լեռնաշխարհում, որը նախքան Տիգրանի գահ բարձրանալը եւ նրա մահից հետո մշտապես շարունակել է գտնվել բոլոր ժամանակների ուժեղագույն աշխարհակալությունների բախման կետում:
Մեծ Հայքի անկման հիմքում նաեւ ընկած է մի երեւույթ, որը հետագայում հետապնդելու էր մեզ պատմության ողջ ընթացքում, դառնալով ոչ պակաս կարեւոր կորուստների պատճառ. այն է՝ ներքին համախմբվածության բացակայություն եւ սեփական երկրի հարցերը ուրիշների օգնությամբ լուծելու հիվանդություն: Դեռեւս Լուկուլլոսի արշավանքների շրջանում Տիգրանին դավաճանեցին եւ հռոմեացիների կողմն անցան նրան հպատակ արքաները: Սակայն ամենաուժեղ հարվածը նրա որդու՝ Տիգրան Կրտսերի դավաճանությունն էր, որն իր կողմն էր գրավել ազնվականության մի մասը: Պատմությունից հայտնի է, որ Տիգրանի մյուս երկու որդիները եւս փորձել են սպանել նրան եւ գրավել գահը: Տիգրանը, ստանալով որդու դավաճանության մասին լուրը, ստիպված էր դադարեցնել իր հաղթական արշավանքը դեպի Կապադովկիա եւ վերադառնալ Հայաստան: Սեփական հոր դեմ պատերազմ սկսած խռովարար որդին պարտություն կրեց եւ խռովարար ավագանու հետ փախավ Տիզբոն, որտեղ ամուսնացավ պարթեւ արքայի դստեր հետ: Տիգրան Կրտսերը կրկին փորձեց գրավել գահը, սակայն երբ իմացավ, որ իր պապը՝ Միհրդատը, պարտություն է կրել եւ լքել Պոնտոսը, իր ծառայություններն առաջարկեց Պոմպեոսին:
Հայոց պատմության խրատը պարզ է. հազարամյակներ շարունակ մեր գլխավոր թշնամիները եղել են ագահությունն ու ընչաքաղցությունը, որոնք որոշ անհատների կողմից միշտ ավելի բարձր են դասվել, քան ազգային շահերը: Պատմության ընթացքում անվերջ կորցնելով եւ կրկին ձեռք բերելով պետականությունը, 20-րդ դարի վերջին մենք հնարավորություն ստացանք ինքնուրույն ապրել եւ արարել մեր մեծ հայրենիքի մի փոքրիկ հողակտորի վրա: Սակայն նախ եւ առաջ պետք էր վերլուծել, թե ինչպիսի արժեք է ներկայացնում անկախությունը որպես այդպիսին հայկական քաղաքակրթության հետագա զարգացման տեսանկյունից եւ արդյոք անկախ պետականության գոյությունը պարտադիր պայման է հայկականության հիմնարար արժեքների պահպանման եւ թարմացման համատեքստում:
Դիտարկելով հայկական քաղաքակրթության տեսակը, հարկ է նշել, որ դարեր շարունակ չունենալով պետականություն, հայ ժողովուրդը հիմնականում համախմբվել է անկախությունը ետ նվաճելու գաղափարի շուրջ: Այնուամենայնիվ, այս գաղափարը չդարձավ ձգտում եւ ինքնանպատակ: Անկախ պետականության անհրաժեշտությունը հիմնավորվում էր տարածաշրջանում առկա էական քաղաքակրթական տարբերություններով:
20-րդ դարի ավարտին, ետ նվաճելով անկախ կյանքի իրավունքը, մենք առաջին հերթին հնարավորություն ստացանք ինքնուրույն կատարելագործել ներքին ինքնամաքրման եւ ինքնաթարմացման գործընթացը: Այս առումով իր տեսակի մրցունակության մակարդակի բարձրացման ելակետում համաշխարհային հայության շահերը համընկնում են: Այդպիսով, անկախ Հայաստանի գոյությունը հայրենիքում (կամ նրա այն փոքր հատվածում, որտեղ գոյություն ունի հայկական պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում) բնակվող հայերի համար ենթադրում է ինքնահզորացում եւ իրենց պետության տեղի եւ դերի ուժեղացում ապագայի աշխարհի այլընտրանքային զարգացման գործընթացներում: Մյուս կողմից, միջէթնոսային հարաբերություններում Սփյուռքում բնակվող հայության համար անկախ պետությունը հանդիսանում է հսկայական առավելություն՝ ինչպես առարկայական, այնպես էլ բարոյահոգեբանական:
Այդ հանգամանքը հնարավորություն է տալիս սերնդափոխության եւ գլոբալիզացիայի պայմաններում եւ արժեքային բազմաչափության տիրույթում պահպանել եւ ամրապնդել սեփական ես-ը` ազգային ինքնությունը, կործանումից եւ ձեւախեղումից: Կարելի է եզրակացնել, որ հայության միասնական շահերը պաշտպանելու տեսանկյունից անկախ պետության գոյությունը ունի առանցքային նշանակություն: Սակայն պետության կենսունակության եւ մշտական հզորացման ապահովման հիմնական առաքելությունը կրում է ռազմավարական էլիտան:
Պետության հաջողությունն առաջին հերթին կապված է պետության քաղաքացիների շահերը ներկայացնելու ընթացքում արտաքին մարտահրավերներին արձագանքելու արդյունավետության հետ: Ռազմավարական էլիտան, որը պատասխանատու է պետության ղեկավարման համար, ընտրում եւ պաշտպանում է քաղաքացիների շահերը, հավասարակշռելով եւ արձագանքելով արտաքին մարտահրավերներին: Բացի այդ, սոցիալական, քաղաքական եւ տնտեսական սահմանափակումների եւ պետության արտաքին միջավայրում ծագող մարտահրավերների հաղթահարման ընթացքում էլիտան հանդիսանում է հիմնական կատարողը:
Մինչդեռ, վստահության մթնոլորտի ձեւավորումը բխում է ինչպես ողջ հասարակության, այնպես էլ իշխանության շահերից: Կառավարման գործընթացում անհատի եւ քաղաքացիական հասարակության կառույցների մասնակցության իրական մեխանիզմները կարող են հասարակական գիտակցության մեջ առաջացնել քաղաքական ազգի զարգացման համար անհրաժեշտ հիմքեր: Դա անհրաժեշտ է պետության զարգացման գործընթացում ներքին մասնակցության համար: Նույնը կարելի է ասել նաեւ Սփյուռքի հայության մասին: Չնայած Հայաստանի քաղաքականությունը ձեւավորվում եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում, Սփյուռքը պետք է դիտարկվի որպես ոչ միայն ռեսուրս, այլեւ հայության բաղկացուցիչ մաս: Անդրազգային արդյունավետ մեխանիզմի կիրառման դեպքում հնարավոր կլինի օգտագործել Սփյուռքի ձեռքբերումները կառավարման ոլորտում: Տեղեկատվական տեխնոլոգիաների մշտական զարգացումը ընձեռում է նման հնարավորություն: Փոխադարձ շահերի առաջնահերթության վրա հիմնված փոփոխվող աշխարհակարգի պայմաններում հայկական ինքնագիտակցության եւ հայկական քաղաքակրթության թարմացման կարեւորագույն նախապայման է հանդիսանում բոլոր հատվածների համագործակցության շահավետության ամրագրումը: Հայոց ազգային գաղափարի ձեւավորման գլխավոր հարցը վերաբերում է պատմական ժառանգության վերագնահատման միջոցով գլոբալ հասարակությունում հայության տեղի եւ դերի պատկերացմանը, ինչը պետք է կապակցվի շահառու համակարգում սեփական «ես»-ի իրացման հետ՝ էթնոազգային «մենք»-ի դիապազոններում:
Արթուր Ղազինյանը ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենն է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ: