ՅՈՀԱՆԵՍ ԲՐԱՄՍ` հանճարեղ և սրամիտ երգահանը
Դա շուտով նրան հյուծեց, և բժիշկների խորհրդով մեկնեց ճամփորդության` հանգստանալու և վերականգնելու առողջությունը: Ալպերում հանգստանալիս նա գտնում է իր նոր սերը` գրականությունը, որ հետագա ողջ կյանքի ընթացքում ուղեկցեց նրան: Հանգստավայրում բուժվելուց հետո նրան է մոտենում բժիշկը և հարցնում. - Դուք գո՞հ եք բուժումից: - Շնորհակալ եմ, ամեն ինչ տեղում է… Բոլոր հիվանդությունները, որ բերել էի ինձ հետ, տանում եմ հետս… Առհասարակ, Բրամսը զարգացած անհատականություն էր և քաջատեղյակ էր ժամանակի գրական անցքերին: Պատանի հասակում Բրամսը, աշխատանքից և երաժշտությունից բացի, մեծ «թուլություն» ուներ` անագե զինվորները, որոնցով նա կարող էր ժամերով խաղալ: Հետագայում` արդեն հասուն տարիքում, աշխարհահռչակ երգահանը շարունակում էր խաղալ անագե զինվորներով: Մի օր ընկերներից մեկը նրան դիտողություն է անում. - Մաե՛ստրո, ինչպե՞ս կարելի է այդքան տարվել այդ խաղալիք զինվորներով:
- Դուք ոչինչ չեք հասկանում ո՜չ արվեստից, ո՛չ անագե զինվորներից: Բավական է միայն կառուցեմ իմ հավատարիմ բանակը և հրամայեմ` առաջ, անմիջապես ոգեշնչվում եմ, և երբ իմ զինվորները սկսում են գրոհել, ես գնում եմ դեպի ռոյալ…
1852 թ. Յոհաննես Բրամսը հունգարացի ջութակահար Էդուարդ Ռեմենյիի հետ սկսում է իր առաջին համերգային շրջագայությունը Հունգարիայում: Համերգներից զատ նա ուսումնասիրում է տեղացիների երաժշտական արվեստը: Այս ուղևորությունը շատ գոհարներ պարգևեց Բրամսին, և նա իր ձեռքբերումները հետագայում մշակեց և ներկայացրեց հանրությանը:
Այդ ուղևորության ընթացքում նա ծանոթանում է վիրտուոզ ջութակահար Յոզեֆ Յոախիմի հետ, և այդ ծանոթությունը դառնում է ընկերություն ողջ կյանքի ընթացքում: Հետագայում Յոզեֆ Յոախիմը Բրամսին բնութագրել է. «Նրա նվագը լի է կրակով, մեծագույն էներգիայով և ռիթմիկ ճշգրտությամբ: Նրա ստեղծագործություններն ունեն այնպիսի հետաքրքիր և բազմապիսի տարրեր, որոնց ես երբեք չեմ հանդիպել այս տարիքի երիտասարդ կոմպոզիտորների մոտ»: Բրամսը պարտքի տակ չմնաց և իր շատ ստեղծագործություններ նվիրեց սիրելի ընկերոջը: Հենց Յոզեֆ Յոախիմին է պարտական Բրամսը Ռոբերտ Շումանի և նրա կնոջ` ոչ պակաս տաղանդավոր երաժիշտ Կլարա Շումանի հետ իր ճակատագրական ծանոթության համար: Երբ ամոթխած Բրամսը երաշխավորական նամակը ձեռքին ոտք է դնում Շումանների բնակարան, հիացնում է երգահանին իր կատարմամբ:
Այդ օրը Շումանն իր նոթատետրում գրում է. «Պարոն Բրամսի ժամանումը. հանճար»: Սակայն Շումանը սրանով չսահմանափակվեց և իր հիմնած «Նոր երաժշտական ամսագրում» հոդված գրեց երիտասարդ հանճարի մասին. «Եկավ ընտրյալը, որին օրորոցում արդեն տրվել էին տաղանդն ու հերոսական ոգին: Նրա անունը Յոհաննես Բրամս է, և նա եկել է Համբուրգից: Երբ նստում է դաշնամուրի առջև, մեզ տեղափոխում է չնաշխարհիկ վայրեր և մտցնում իր իդեալական աշխարհը: Իր հիանալի նվագի շնորհիվ նա դաշնամուրը վերափոխում է վշտալի և հաղթական նվագախմբի: Նրա մատների տակ սոնատը դառնում է սիմֆոնիա, երգը դառնում է մի ամբողջ պոեմ: Նրա սոնատները և լարային կվարտետներից յուրաքանչյուրը տարբեր են և կարծես ունեն ամբողջովին նոր և ուրիշ հիմք: Երբ նա իր կախարդական փայտիկն ուղղի նվագախմբի և երգչախմբի կողմը, և նրանք իրենց հզորությամբ կարողանան արտահայտել Բրամսի ամբողջ տաղադը, իդեալական աշխարհի գաղտնիքներից շատերը կհամարվեն բացահատված»: Շումանի հոդվածը հնարավորություն տվեց Գերմանիայի երաժշտասեր հասարակությանը բացահայտելու Բրամս երաժշտին: Նա անմիջապես համբավավոր դարձավ ողջ Գերմանիայում և Եվրոպայում: Հոդվածին հետևեցին ելույթների և համերգային շրջագայությունների բազում հրավերներ: Մի շքեղ ընդունելության ժամանակ կազմակերպիչները Բրամսին գոհացնելու ակնկալիքով նախապես տվեցին հրավիրյալների ցուցակը և առաջարկեցին ջնջել այն անձանց անունները, որոնց Բրամսը չէր ուզի տեսնել: Հոգոց հանելով Բրամսը ջնջեց իր անունը… Մեկ այլ ընդունելության ժամանակ տանտիրուհին Բրամսին թխվածք է մատուցում, որի վրա նրա մի ստեղծագործության նոտաներն էին: Կտրելով թխվածքը` երգահանը նկատում է. - Տիկի՜ն, Դուք ինձ ոչ միայն նվագում եք, այլև` թխում… Շումանի ընտանիքում էլ Բրամսը գտավ իր կյանքի միակ սիրուն` երգահանի կնոջը` Կլարային, որին նվիրված են նրա բազմաթիվ ստեղծագործություններ… Բրամսը, լինելով փայլուն երգահան, այդպես էլ կյանքում ոչ մի օպերա չգրեց` չնայած բազմաթիվ փորձերին: Նրա ճանապարհին կանգնում էր ոխերիմ թշնամին` Վագները, որ իր փառքի գագաթնակետին էր: Մի առիթով, երբ Բրամսին հարցրին, թե ինչու օպերա չի գրում, այլայլված պատասխանեց. «Օպերայի և ամուսնության մասին ինձ հետ ոչ մի խոսք…»:
Բրամսը մտերիմ էր Շտրաուս ընտանիքի հետ: Մի անգամ «Վալսերի արքայի» կինը` Յոհաննա Շտրաուսը, երգահանին խնդրեց ընտանեկան ալբոմում գրություն թողնել: Բրամսը չմերժեց և ալբոմում գրեց Շտրաուսի «Սքանչելի, երկնագույն Դանուբի վրա» վալսի առաջին տակտերը, վերջում ավելացնելով. «Ափսոս, հեղինակը ես չեմ»: Յոհաննես Բրամսը մահկանացուն կնքեց 1897 թ. ապրիլի 3-ին, Վիեննայում:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ