Հայերեն   English   Русский  

Ժամանակն ուշացողներին զեղչ չի անում


  
դիտումներ: 2252

Օրերս Օքսֆորդի բառարանը հայտարարեց, որ 2018 թվականի բառը համարում է «թունավոր» (toxic) ածականը՝ ելնելով այն հանգամանքից, որ այս տարի դրա բացատրության դիտումներն իր կայքում ավելացել են 45 տոկոսով:

Հաղորդագրության մեջ նշվում է՝ սա հիմք է տալիս եզրակացնելու, որ «թունավոր» բառն արտացոլում է ավարտվող տարվա տրամադրությունը և հավակնություն ունի դառնալու մշակութային նշանակության եզրույթ:

Ընդ որում, այս տարի «թունավորն» օգտագործվել է տարբեր՝ թե՛ բուն, թե՛ փոխաբերական իմաստով: Ըստ բառարանի տվյալների շտեմարանի՝ այդ բառն ամենից հաճախ օգտագործվել է «թունավոր քիմիկատ», «թունավոր առնականություն», «թունավոր նյութ», «թունավոր գազ», «թունավոր մթնոլորտ» և «թունավոր հարաբերություններ» բառակապակցություններում: Եվ, ի դեպ, վերջինը՝ «թունավոր հարաբերությունները», գործածվել է ոչ միայն գործընկերների ու հարազատ-բարեկամների, այլև քաղաքական գործիչների հարաբերությունները բնորոշելու համար:

Այդ բառարանի դիտողների մեջ հայերս եղե՞լ ենք, թե՞ ոչ: Դժվար է ասել և էական չէ: Կարևորն այն է, որ արդեն փաստացի ստեղծել ենք այդ թունավոր հարաբերությունների մշակույթը: Անցած մի քանի ամիսների անցուդարձը հենց միայն այդ մասին է վկայում: Եվ պարադոքսն այն է, որ այդ հարաբերությունները հաստատել ենք «սիրո և հանդուրժողականության» կոչերով:

Թվում էր, թե ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձություններն իրոք սիրո և հանդուրժողականության մթնոլորտ են ստեղծելու, չէ՞ որ խաղաղ երթերով, իշխանության դիմադրությանը չհանդիպելով, գրեթե ոստիկանության հետ գրկախառնվելով՝ իշխանափոխություն արվեց, թվում էր, թե իրեն հպարտ հռչակած հանրությունը, իր դժբախտությունների միակ աղբյուրն ու իր կյանքի միակ չարիքը համարվող նախկին իշխանություններին պատմության գիրկը նետելով, այլևս ապրելու է ստեղծարար ու համերաշխ կյանքով: Բայց դրանից հետո ատելության ու անհանդուրժողականության մի զարմանալի բռնկում տեղի ունեցավ, պայքար մի ուժի դեմ, որ այլևս որպես իշխանություն գոյություն չուներ. իսկական կռիվ հողմաղացների դեմ կամ բեմականացում «եզը որ ընկնում է, դանակավորները շատանում են» սցենարով:

Անցած վեց-յոթ ամիսներն ահա անցան այդ տապալված ուժի դեմ ամենօրյա թույնի որոշակի չափաբաժնի ապահովումով, գրեթե ամեն օր նախկինների ուրվականը թափահարելով, այն միտքը թմբկահարելով, թե հեղափոխությունն իրականում չի ավարտվել, քանի որ դեռ գործում է նախկինների օրոք ընտրված խորհրադարանը, թեպետ այդ խորհրդարանում նախկիններն այլևս փոքրամասնություն էին: Եվ թվում էր, թե արտահերթ ընտրությունները վերջ կդնեն այդ թույնի ու ատելության մթնոլորտին, բայց սկսված ընտրական գործընթացներն արդեն ցույց են տալիս, որ այդ հույսերը սին են և այս թույնի ու ատելության մթնոլորտում ենք ապրելու առնվազն հինգ տարի:

Ահավասիկ, առայժմ ծրագրեր ու կարգախոսներ չեն հրապարակվել, որ դեմ կամ կողմ լինելու, բանավիճելու, հավանություն տալու կամ մերժելու հնարավորություն ունենաս, այսինքն՝ գաղափարական ոչինչ չկա: Առայժմ միայն առաջադրված 11 քաղաքական ուժերի ցուցակների հետ գործ ունենք, և ակնհայտ է, որ բոլորի ուշադրության առարկան սոսկ ՀՀԿ-ի ցուցակն է, մի բան, որ կասկած չի թողնում՝ որպես իրական ընդդիմություն միայն այս կուսակցությանն են տեսնում:

Ապշեցուցիչ է, անուն առ անուն մանրակրկիտ քննում են այդ ցուցակը, այն դեպքում, երբ միաժամանակ հայտարարում են, որ այդ ուժն այլևս երբեք խորհրդարան չի մտնելու, ժողովուրդը մերժելով մերժելու է նրան: Չտեսնելով այնտեղ ո՛չ օլիգարխների, ո՛չ այսպես կոչված գեներալների, ինչի համար իրավացիորեն քննադատում էինք տարիներ շարունակ, այժմ էլ թիրախ են դարձնում մեկ-երկու անձնավորության, որոնք, իրենց կարծիքով, այնքան էլ հաջող քաղաքական գործիչներ չեն:

Ընդդիմությունը՝ իր սակավ աթոռներով, ընդամենը այլ կարծիք է ապահովելու, երկրի ճակատագիրը կախված է ապագա իշխող կուսակցությունից, կոճակների մեծ մասը նրա ձեռքերում է լինելու, և կարևոր է, թե ովքեր են այդ կոճակները սեղմելու: Բայց այս հարցն այսօր կարծես ամենաքիչն է հետաքրքրում հանրությանը: Գոնե ոչ ոք հարց չի տալիս, թե ինչու դուրս մղվեցին ազգային փոքրամասնությունները, չէ՞ որ նախորդ խորհրդարանը ժողովրդավարության առումով գոնե մի քայլով առաջ էր անցել՝ երեք-չորս տեղ տալով նաև նրանց ներկայացուցիչներին:

Կամ ոչ ոքի չի հետաքրքրում «Սասնա ծռերի» հանգամանքը, որի ներկայացուցիչը, դեռ ընտրությունները չկայացած, դեռ խորհրդարան չմտած՝ վստահ հայտարարում է՝ «Հանրապետական կուսակցությունը պետք է կասեցնել, դա հանցագործների կուսակցություն է»: Վերադարձ 90-ական թվականնե՞ր, սա՞ է մեր ժողովրդավարական հռչակված երկրի ապագան: Եվ սա այն դեպքում, երբ այդ կուսակցության ներկայացրած մարդկանց մի զգալի մասն առ այսօր հանցագործության մեջ մեղադրվողի կարգավիճակում է, հայտնի չէ՝ դատարանը պատի՞ժ կսահմանի, թե՞ կարդարացնի՞ նրանց:

Տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմության կամ այսպես կոչված այլընտրանքի անվան տակ փորձում են խորհրդարան մտնել ուժեր, որոնք պայքարելու են միայն ընդդիմության դեմ: Ստացվում է, որ այսուհետ երկրում իշխելու է մի կարծիք: Ճակատագիր, որ թշնամուն անգամ չես ցանկանա:

Թույնի դեմ սովորաբար հակաթույն են կիրառում: Այս դեպքում հակաթույնը կարող է լինել միայն սթափ միտքը՝ զերծ անձնական շահագրգռություններից, հակակրանքներից ու նախապաշարումներից, այսինքն՝ բոլոր կողմերի անաչառ վերլուծությունը: Բայց հակաթույնը ազդեցություն չի գործում, երբ ուշացած է լինում, մինչդեռ ընտրությունների օրվան շատ քիչ ժամանակ է մնացել: Մեզանից է կախված՝ կլինենք իրոք ժողովրդավարական ու ապագային նայող երկի՞ր, թե կարծեցյալ թշնամիների կերպարներներ ստեղծելով՝ ներսից կթունավորենք մեզ ու կանցնենք աշխարհի մի քանի արհամարհված բռնատեր երկրների շարքը: Ավաղ ժամանակն ուշացողներին զեղչ չի անում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: