Վերաքննիչ դատարանը մերժեց Ռուբեն Մխիթարյանի կողմից ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի միջնորդությունը
Ռուբեն Մխիթարյանը կշարունակի քննել Ռոբեր Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների թիմը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունն անցկացնող դատավորն ընտրվել է անօրինական:
«Դեռ որոշումը չենք ուսումնասիրել, քանի որ բավականին երկար որոշում է` մի քանի թերթի վրա: Կծանոթանանք ավելի մանրամասն՝ կմեկնաբանենք»,- ասաց Ալումյանը:
Նրա հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը և մեղադրող կողմը որոշումից հետո որևէ դիրքորոշում չեն հայտնել:
Ալումյանը նշեց, որ իրենք չենք կարող չշարունակել աշխատել այս դատարանի հետ, քանի որ նույնիսկ բոյկոտելու դեպքում դատարանը հարցը քննելու է ու որոշումը կայացնելու է:
Նոյեմբերի 27-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում հետաձգվեց` դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստելու նպատակով: Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները: