Հայերեն   English   Русский  

Սրբուհի Գրիգորյան.Դուք մեր ԱԺ բոլոր պատգամավորներին տապանաքար եք ասում՝ մոռանալով, որ ԱԺ պատգամավոր մեր ընտրատարածքից եղել է նաև Սիսիանի պատվավոր քաղաքացի


  
դիտումներ: 1515

Երեկ կարդացի թիվ 12 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցը..

Որով նա տեղացի թեկնածուներիս դիմելով ՛՛աղջիկ ջան՛՛, ՛՛տղա ջան՛՛-ով առաջարկում է զբաղվել անձնական բիզնեսով...

Հարգելի տիկին Զոհրաբյան, ես ավելի լավ գիտեմ՝ ինչով զբաղվեմ: Եթե Հայաստանի քաղաքական դաշտն այս օրին չլիներ, գուցե ես, իրոք, քաղաքականությամբ չզբաղվեի: Ես ու ինձ նմանները մտել են քաղաքականություն, որովհետև քաղաքական գործիչներից շատերն իրենց խնդիրն այդ ոլորտում չեն լուծել, ու մենք ունեցել ենք շատ հաճախ հաշվակով քվերակրող պատգամավորներ: Ես հորդորում եմ Ձեզ մայրաքաղաքային իրար փնովող քարոզարշավը չտեղափոխել անարատ Սիսիան:

Մենք՝ տեղացի բոլոր թեկնածուներս, հաշտ ենք իրար հետ և քարոզարշավի ողջ ընթացքում մեր անելիքների մասին ենք խոսում....Մենք Ձեզ չենք ասել՝ ինչո?ւ եք եկել, մենք դրա իրավունքը չունենք, դա Ձեր հանձնարարություն ու Ձեր որոշելիքն է: Դուք ավելի լավ է բացատրեք սիսիանցիներին, թե այդ ինչպե?ս եղավ, որ վերջին քվեարկություններից մեկից հետո անմիջապես վարչապետ Փաշինյանը հրապարակավ ազատեց Ծառուկյան դաշինքի բոլոր պաշտոնյաներին....Բացատրեք սիսիանցիներին, թե ինչո?ւ եք իրենց հիշում ընտրությունից ընտրություն...Մատնանշեք ձեր արած աշխատանքը Սիսիանում....Եվ վերջապես Ձեր ծրագրերը ներկայացրեք....

Հարգելի տիկին Զոհրաբյան, ես հրապարակային բանավեճերից երբևէ չեմ խուսափել, բայց և հաթաթայով բանավեճի չեմ գնացել: Դուք մեր ԱԺ բոլոր պատգամավորներին տապանաքար եք ասում՝ մոռանալով, որ ԱԺ պատգամավոր մեր ընտրատարածքից եղել է նաև Սիսիանի պատվավոր քաղաքացի, Սիսիանը շենացրած,բանասիրության դոկտոր Շչորս Դավթյանը...

Դուք ձեր հետագա ապրելիք կյանքում չեք հասցնի նրա կատարած աշխատանքների 0.01 տոկոսն իրականացնել Սիսիանում: Դուք ի?նչ իրավունքով եք ԱԺ պատգամավոր գնդապետ Հովիկ Ազոյանին տապանաքար կոչում: Դուք ավելի մեծ ներդրում ունե?ք Արցախյան ազատամարտում...Ասեմ, որ Ձեր այդ խոսքով Դուք չեք կարող նսեմացնել այդ մարդկանց կերպարը: Այո, ունեցել ենք պասիվ պատգամավորներ, չենք հերքում ու չենք կարող հերքել: Այ հենց դրա համար եմ ես մտել ընտրապայքարի մեջ, որովետև, շուրջ 20 տարի այստեղ աշխատելով որպես լրագրող գիտեմ Սիսիանի յուրաքանչյուր խնդիր: Որովհետև այստեղ եմ ապրում, այստեղ եմ ապրելու: Որովհետև 4 տարի եղել եմ Սիսիանի ավագանու այն անդամը, ով մշտապես պայքարել է սիսիանցու շահի համար:Որովհետև ես սրտացավ եմ իմ ծննդավայրի հանդեպ ավելի, քան շատերը:

Քիչ մնաց, շուտով կավարտվի քարոզարշավը, իմ թիմն ու ես կլինենք ԱԺ-ում, ու Դուք կտեսնեք, թե ինչպես է աշխատում սահմանամերձ Սիսիանում ծնված ու մեծացած Ձեր ասած աղջիկը...Նա, ով դժվարությամբ է ուսման վարձ վճարել, բայց այսօր օգնում է ուսանողներին՝ վճարելու իրենց ուսման վարձը, նա, ում աշխատանքից քանիցս ազատել են արդարության հետ նույն ճանապարհով գնալու համար, նա, ով դժվարին ճանապարհ է անցել, բայց հեշտացնում է այլոց ճանապարհները:

Հարգանքով՝ Սրբուհի Գրիգորյան Թիվ 12 ընտրատարածքի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: