Հայերեն   English   Русский  

Ադրբեջանը խախտում է բոլոր նորմերը. Արկադի Տեր-Թադևոսյան


  
դիտումներ: 1476

«90-ականների և պատերազմի ընթացքում կատարված աշխատանքի շնորհիվ բանակը զարգացել է և այսօր ունի ժամանակակից բոլոր հնարավորությունները. և՛ զենքերը, և՛ այլ տեսակի տեխնոլոգիաներ: Ինչպես վերևում օդն է պաշտպանված, այնպես ցամաքում մենք ունենք միջոցներ, որոնք անհրաժեշտ են մեր երկրի անվտանգությունը ապահովելու համար», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Արծիվ մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Հանդիպմանը ներկա գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը իր հերթին նշեց, որ պատերազմի և բանակի ստեղծան առաջին շրջանը բավականին դժվար էր. «Մենք ունեինք մեծ հայրենիք: Սակայն աստիճանաբար այն կորցրինք: Եղավ պահ, որ մենք անընդհատ պարտվում էինք և հետագա պարտության իրավունք չունեինք: Հակառակորդը սովորել էր, որ մենք անընդհատ նահանջում ենք: Հետագա նահանջելու տեղ չունեինք», - պատմեց նա:

Միևնույն ժամանակ կային բազմաթիվ մարտիկներ, ովքեր չէին խնայում ոչինչ հայրենիքը պաշտպանելու համար. «Երբ ես ժամանեցի Հայաստան, ծանոթացա մարդկանց հետ, ովքեր կռվում էին ճակատում, սկզբում չէի հասկանում նրանց մտածելակերպը: Նրանք պատրաստ էին զոհել իրենց կյանքը: Որպես զինվորական ես երջանիկ եմ, որ զինվորին ստիպելով չէինք ուղարկում կռվելու», - ասաց Կոմանդոսը:

Անդրադառնալով վերջին շրջանում սահմանում Ադրբեջանի կողմից ակտիվացրած ագրեսիվ գործողություններին, Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, Ադրբեջանը խախտում է բոլոր նորմերը: Գոյություն ունեն պատերազմի օրենքներ, որոնք պետք է պահպանվեն. համաձայն դրանց մի կողմը իրավունք չունի կրակ բացել մյուսի վրա, կիրառել մի շարք զենքեր, որոնք այսօր կիրառվում են Ադրբեջանի կողմից. «Այդ ամենը կատարվում է լարվածություն ստեղծելու համար: Մինչև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը շփման գծում լարվածությունը պահպանվելու է», - ասաց նա:

Այնուամենայնիվ, ըստ Կոմանդոսի, Հայաստանն մեկ առավելություն ունի Ադրբեջանի նկատմամբ. «Մեր երկիրը միատարր է: Հայ զինվորը պաշտպանում է իր հողը և իր հայրենակցին: Ադրբեջանի բնակչության 60 տոկոսը ադրբեջանցիներ չեն: Այնտեղ ապրում են լեզգիներ, թալիշներ, ովքեր նույնպես պայքարում են պետականություն ստեղծելու համար»:

Նա նաև մեջբերեց մի միջազգային վերլուծական կենտրոն հետազոտությունները, որտեղ 10-15 տարվա կտրվածքով ապագայի համար կանխատեսումներ են արվում: Դրանց համաձայնˋ թեև Հայաստանն ունի մի շարք տնտեսական խնդիրներ, բայց այստեղ երկրում քաղաքականությունը նորմալ հունով կզարգանա. «Մեր պետականությունը չունի փլուզման տեսլականˋ ի տարբերություն Ադրբեջանի», - եզրափակեց Արկադի Տեր-Թադևոսյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: