Հայերեն   English   Русский  

2014-ԻՆ ԷԼ ՆԱԽԸՆՏՐԵՑԻՆՔ ԿԻՆՈԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


  
դիտումներ: 1931

Վերջերս համաշխարհային ճանաչում ունեցող «Փրոմաունթ փիքչըրս» ընկերությունը հրապարակել էր իր կատարած հետազոտության արդյունքները, ըստ որոնց` բնակչության (17-45 տարեկան) 68%-ը նախընտրում է «թեթև» ֆիլմեր դիտել, իսկ նրանց 56%-ը՝ կատակերգություններ:

Մենք չգիտենք՝ հայկական կինոարտադրությամբ զբաղվող պրոդյուսերները նման վիճակագրություն ունեն, թե ոչ: Փաստն այն է, որ նոր արտադրվող ֆիլմերը նայելու համար մարդիկ ստիպված են տոմսարկղերի մոտ ժամերով հերթ կանգնել:

Ահա որոշեցինք ներկայացնել 2014-ին ստեղծված երեք ամենամեծ պահանջարկ ունեցած ֆիլմերը:

ԵՐԲ ԷԿՐԱՆԻՆ Է ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ

Առաջինը ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի «Մեր սրտի տնակը» կատակերգությունն էր, որը հայ հանդիսատեսին ներկայացվեց 2014-ի սեպտեմբերին:

Քեշիշյանի ֆիլմում հանդես են եկել Արմեն Ջիգարխանյանը, Խորեն Լևոնյանը, Մարիա Սյոմկինան, Եկատերինա Ստրիժենովան և այլք:

Ֆիլմի գլխավոր ասելիքը կամ, ինչպես մեր ժամանակներում ընդունված է ասել, մեսիջն այն է, որ ընտանիքը կարող է փրկել ամեն ինչ: Ֆիլմի բեմադրող ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի նպատակն է եղել ցույց տալ, որ հայը կարող է լինել հաջողակ, հարուստ և իր քրտինքով ստեղծել ընտանիքի բարեկեցությունը:

- Կարծում եմ, որ պետք է անընդհատ խոսել ընտանիքի և այն բոլոր արժեքների մասին, որոնք մարդկությունն առօրյա կյանքում կարող է ուղղակի մոռանալ: Վերադարձը ընտանիք շատ կարևոր է: Ֆիլմը ոչ միայն հայրենադարձության մասին է, այլև հայկական ընտանիքի իսկական մոդելի,- ասում է ֆիլմի բեմադրող ռեժիսորը:

Պարոն Քեշիշյանի խոսքով՝ «Մեր սրտի տնակը» ֆիլմը շատ արագ է նկարահանվել: Մեկ ամիս տևած նկարահանումներն անցկացվել են Երևանում, Դիլիջանում և Մոսկվայում:

Հետաքրքրական է, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ Քեշիշյանն առավելապես ներշնչվել է Դիլիջանի հրաշալի բնությամբ:

- Այդ բնությունը մենք՝ հայերս, երբեմն չենք նկատում. անցնում ենք այդ սարերի, գեղեցիկ տների կողքով, բայց կարծես չենք նկատում,- ժպիտով ասում է պարոն Քեշիշյանը:

«Մեր սրտի տնակը» ֆիլմի գաղափարն իսկապես լավն էր, բայց մատուցման ձևը՝ բավական թույլ: Ֆիլմի նախատեսվածից շատ դիտելիության երաշխիքը ոչ թե ռեժիսորական կամ օպերատորական յուրօրինակ աշխատանքն էր, այլ ճիշտ դերասանական կազմի ընտրությունը:

Ի դեպ, կինոքննադատներից մեկը, որ չցանկացավ խոսել այս ֆիլմի մասին, ասաց, որ «Մեր սրտի տնակը» Հրաչ Քեշիշյանի ամենահաջող ֆիլմն է:

Ինչպես ֆիլմի ստեղծագործական խումբը, այնպես էլ գործի գլուխ կանգնած Քեշիշյանը խնամքով թաքցրին ֆիլմի բյուջեն՝ հիշեցնելով կոմերցիոն գաղտնիքի մասին:

250 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ՝ «ՍՈՒՊԵՐ ՄԱՄԱՅԻ» ՀԱՄԱՐ

Մինչ հայ հանդիսատեսը հասցնում էր «մարսել» Քեշիշյանի ֆիլմը, հեռուստատեսությունը «Սուպեր մամա» կինոկատակերգության գովազդային արշավ սկսեց:

Այս ֆիլմը Հայկո-Մկոյի Հայկոյի՝ Հայկ Մարությանի նախաձեռնությունն էր: 2014 թ. հոկտեմբերին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան:

Ասենք, որ 1 ժամ 50 րոպե տևողությամբ ֆիլմում նկարահանվել են Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Անի Խաչիկյանը, Արման Մարտիրոսյանը, Լևոն Հարությունյանը, Արմինե Պողոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արփինե Գաբրիելյանը, Սամվել Սարգսյանը և այլք: Ֆիլմի ռեժիսորներն են Վահագն Խաչատրյանն ու Արման Մարությանը, սցենարի հեղինակը Վարդան Զադոյանն է, համահեղինակը` Հայկ Մարությանը:

Հայկ Մարությանն ասում է, որ կատակերգության ստեղծումը` մտահղացումից մինչև պրեմիերա, տևել է մեկ տարի, ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 250 հազար դոլար:

«Սուպեր մամա» ֆիլմի նկարահանումների մեծ մասն անցկացվել է Երևանում, որոշ մասը` Դիլիջանում:

- Ֆիլմը պարունակում է դրամայի տարրեր, կա նաև սիրո պատմություն: Սցենարն օրիգինալ է, արտերկրյա ֆիլմերի սյուժեներին չենք կրկնօրինակել,- վստահեցրեց Հայկ Մարությանը,- Ի դեպ, Մկոն ընդգրկված չէ ֆիլմում: Դերասաններն ընտրվել են ըստ կերպարների, և Մկոյին համապատասխան դեր չկար: Վաղը կարող է նկարվել ուրիշ ֆիլմ, որում Մկոյին, որպես դերասանի, առաջարկ լինի:

Ֆիլմի հեղինակների դիտարկմամբ՝ աշխատանքը բավական հաջող է ստացվել: Նկատենք, որ չնայած ֆիլմի կենցաղային ուղղվածությանը` քաղաքական չստացված հումորի հոտ էր գալիս: Ֆիլմում հիշատակվեց, օրինակ, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի անունը. «Օսիպյանին կանչենք՝ ժողովրդին կցրի»: Իսկ ֆիլմի գլխավոր հերոսը հայաստանյան իրականության մեջ մտած «շոպլիկ» Մենուան է:

ՈՒՐԻՇԻ ՓՈԽԱՐԵՆ

կինո

Կատակերգությունների շարքի «սուրբ երրորդությունը» սահմանափակեց 2014-ի վերջին ամիսներին մեծ էկրան բարձրացած «Ուրիշի փոխարեն» ֆիլմը:

Կատակերգական ֆիլմը նկարահանել է Media.CO Films ընկերությունը «Շարմ հոլդինգի» աջակցությամբ: «Ուրիշի փոխարեն» ֆիլմի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել Հովհաննես Ազոյանը, Թամարա Պետրոսյանը, Վահագն Գալստյանը, Սաթի Ջանիբեկյանը և Սոս Ջանիբեկյանը:

Ֆիլմի սյուժեն պարզ է ու մատչելի: ԱՄՆ-ում բնակվող վիրաբույժը պետք է գա Երևան և գաղտնի վիրահատություն իրականացնի: Դժբախտաբար, վիրաբույժը ոտքը կոտրում է, և նրան փոխարինում է մեկ այլ վիրաբույժ: Ֆիլմի ընթացքում կարծիքներ են հնչում, որ Երևան ժամանած վիրաբույժը մաֆիայի անդամ է: Վիրաբույժին, որին մարմնավորել է Սոս Ջանիբեկյանը, երևանյան օրերին գաղտնի հետևում են հայ երիտասարդ լրագրողին և Ամերիկայի գաղտնի գործակալությունից ժամանած հայուհին: Վերջինս ցանկանում է տպավորություն թողնել, թե իբր սիրահարվել է Ամերիկայից ժամանած վիրաբույժ երիտասարդին:

Թե՛ «Ուրիշի փոխարեն» կինոկատակերգությունը, թե՛ մյուս ֆիլմերն, այսպես ասած, երջանիկ ավարտ են ունենում:

ՀՈԳԵԲԱՆԻ ՊՐԻԶՄԱՅՈՎ

Հոգեբան Աննա Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ երիտասարդների մեծամասնությունը ոչ թե զոմբիացվել է, այլ նախընտրում է ավելի «թեթև» ձևաչափով ֆիլմերը: Նա մասնագիտական մի շարք հետազոտություններ է իրականացրել եվրոպական երկրներում: Ասում է, որ անցկացված հետազոտությունների արդյունքներով՝ եվրոպացի երիտասարդների մեծ մասը նախընտրել է դիտել զվարճալի ֆիլմեր:

Հոգեբանը նմանօրինակ հետազոտություններ իրականացրել է նաև Հայաստանում:

Աննա Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ երիտասարդները հիմնականում ձգտում են դիտել ֆիլմեր, որոնք կա՛մ զվարճալի են, կա՛մ լավ կյանքի մասին են:

- Գիտեք, բոլոր սերունդների մեջ էլ այդ միտումը կա, և այս առումով մտահոգվելու կարիք չկա: Հոգեբանական առումով երիտասարդը դեռ նոր-նոր է փորձում հասկանալ կյանքի լավն ու վատը և այդ պայմաններում կնախընտրի նայել կինոկատակերգություններ, քան, ասենք, վավերագրական, պատմական ֆիլմեր:

«Անկախի» այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ընտրությունը կապված է ցածր մակարդակի կամ սոցիալական խնդիրների հետ, հոգեբան Աննա Հովհաննիսյանն ասաց.

- Սոցիալական խնդիր կարող է լինել, բայց դա հաստատ առաջնայինը չէ: 2011-ին ես Եվրոպայում սեմինարի էի մասնակցում, երբ ֆիզիկայի գծով գիտնականներից մեկն ասաց, որ իր խմբի հետ հետազոտություն է իրականացրել և պարզել, որ ամենածանր աշխատանք կատարողները, մտավոր աշխատանք կատարողները հաճախ ծիծաղի, զվարճալի պատմությունների կարիք ունեն, ու այդ պայմաններում կինոկատակերգությունները հրաշալի դեղատոմս են: Կինոկատակերգությունների սյուժեները պրիմիտիվ են, թե ոչ, միևնույն է, դրանք մեզ ծիծաղ են պատճառում:

Արմեն ՂԱԶԱՐՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: