Հայերեն   English   Русский  

Այն ինչ տաղանդավոր է, իրավունք ունի ապրելու Տիկնիկային թատրոնի բեմում...


  
դիտումներ: 2346

Սիրելի´ ընթերցող, «Թատերական ժամանակներ և ժամանակակից թատրոն» խորագրի ներքո «Անկախը» 2019-ին ևս շարունակում է ներկայացնել Երևանում գործող թատրոնները:

Այս տարվա մեր առաջին զրուցակիցը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանն է: Նրա հետ զրույցը սկսեցինք վերջին տարիներին մեծ պահանջարկ ունեցող ամանորյա մանկական ներկայացումներից: Ըստ պարոն Բաբայանի՝ ողջունելի է նման իրավիճակը: Դա օգնում է հանդիսատեսի ուշադրությունը շահելու համար մտնել առողջ մրցակցային դաշտ: Հաջողություններից ոգևորված արդեն որոշել են ՝ հաջորդ Ամանորին կփորձեն համախմբել թատրոնի նախորդ երեք տարիների ամանորյա ներկայացումները մի ծրագրի շրջանակներում:

Այն հարցին, թե Տիկնիկային թատրոնի մանկական ներկայացումներին և´ փոքրիկների, և´ նրանց ծնողների ներկա լինելն արդյոք չի՞ բարդացնում աշխատանքը, զրուցակիցս պատասխանում է՝ ներկայացումն անպայման պետք է հետաքրքրինաև ծնողին, հակառակ դեպքում նրանք երկրորդ անգամ էլ չեն այցելի թատրոն, եթե անգամ փոքրիկը հավանած լինի: «Թատրոնը հիմնականում ազդում է մեր զգայարանների վրա: Մտքի աշխատանքը գալիս է ներկայացումից հետո: Խոսքը ճիշտ մատուցված ներկայացման մասին է՝ անկախ նրանից երեխաների՞ն է ուղղված, թե՞ մեծահասակներին: Տարիքային բաժանումը պիտի լինի զուտ բովանդակային մասով, որովհետև հաճախ ենք արհեստականորեն նեղացնում երեխայի ներաշխարհը՝ ի վերջո, կորցնելով շփումը նրա հետ: Վերջիններս, գուցե մեծահասակների նման լավ չեն կարող արտահայտել՝ ի՞նչ են ուզում այդ պահին, բայց դա չի նշանակում, որ նրանց ներքին աշխարհն ավելի պարզունակ է»,-բացատրում է Ռուբեն Բաբայանը:

Մեզ հետաքրքիր էր՝ արդյոք այս համակարգչային դարում երեխաները կանգնած չե՞ն թատրոնի ճանապարհը կորցնելու վտանգի առաջ: Զրուցակիցս բավական լավատես է այդ հարցում: Նա գտնումէ՝ շեշտը պիտի դնել նրա վրա, որ ոչ թե մարդը դառնա տեխնիկայի գերին, այլ այդ ամենը ծառայեցնի ինքն իրեն: «Արդեն դարեր շարունակ խոսում են թատրոնի մահվան մասին, բայց թատրոնը չի մահանում, որովհետև այն ունի մարդկային անմիջական շփում, կենդանի կապ, ինչը չունեն օրինակ՝ հեռուստատեսությունը կամ կինոն: Միշտ ասել եմ՝ արվեստի գործ թատրոնը դառնում է հանդիսատեսի շնորհիվ: Ունեցաք այդ կապը, ներկայացումը կկայանա: Լավ թատրոնն առաջին հերթին կենտրոնում է պահում մարդ արարածին, որն անհուն տիեզերք է: Լավ ներկայացումը մեզ հուզում է, տալիս հնարավորություն ճանաչելու աշխարհն ու ինքդ քեզ, որովհետև աշխարհը, վերջիվերջո, մարդիկ են: Այնպես որ թատրոնը միշտ կլինի, բայց թատրոնը նաև կարիք ունի մշտապես համապատասխանելու իր ժամանակին: Դրա համար մեր ներկայացումներում մենք ունենք ժամանակակից պլաստիկ լուծումներ, սյուժեներ, մուլտիպրոեկցիա: Դու անպայման պիտի առանձնանաս ինչ-որ բանով, որ գրավես հանդիսատեսի հետաքրքրությունը: Եվ դա ընդհանրապես արվեստի օրենքն է՝ սկզբից գրավում ես ուշադրությունը, հետո՝ տալիս բովանդակությունը: Եթե փորձես չոր բովանդակությամբ ազդել հանդիսատեսի վրա, նա շատ արագ կհոգնի»,-պարզաբանում է պարոն Բաբայանը:

Անդրադարձանք նաև մանկական ներկայացումների թեմաների բազմազանությանը, որոնք, ըստ Բաբայանի, պայմանավորված են վերոնշյալ այն փաստով, որ երեխաներին անհանգստացնում են նույն թեմաները, ինչ մեծահասակներին: Ուղղակի երեխաների դեպքում պիտի կարողանալ պարզ խոսել շատ կարևոր գաղափարների մասին: Եվ զրուցակիցս բերում է անգլիական «Երեք խոզուկներ» հեքիաթի օրինակը, որն առանց ավելորդ դասախոսության հասկացնում է՝ եթե ուզում ես՝ տունդ «գայլ» չմտնի, ամուր կառուցիր այն: Ըստ զրուցակցիս՝ ամենավտանգավորը թատրոնում, առավել ևս երեխաների դեպքում, դիդակտիկ մոտեցումն է՝ լավ կամ վատ առանձնացնելը:

Հաջորդիվ զրուցեցինք տիկնիկի և դերասանի «համագործակցությունից»: Թատրոնի ղեկավարը համոզված է՝ լավ դերասանը կարողանում է տարբեր կերպարներ ստեղծել: «Նա, ըստ անհրաժեշտության, պիտի տիկնիկի թեկուզ քարացած դեմքի օգնությամբ կարողանա արտահայտել տարբեր զգացմունքներ: Հիմնականում դերասանները կարողանում են լեզու գտնել իրենց տիկնիկների հետ: Լինում են, իհարկե, դեպքեր, երբ դերասանը այդպես էլ չի կարողանում սիրել իր կերպարը: Արվեստն ընդհանրապես ավելի շատ սիրելու վրա է կառուցված, այստեղ հրաման կատարել հնարավոր չէ»,-ընդգծում է զրուցակիցս ու շարունակում. «Մեր դերասանները խաղում են ոչ միայն տիկնիկային ներկայացումներում, այլև դրամատիկ, ինչպես նաև՝այլ թատրոններում:Նրանք նաև մասնակցում են տարբեր նախագծերի, նկարահանվում ֆիլմերում: Ես դա ողջունում եմ, որովհետև այդ ամենը հարստացնում է դերասանին»:

Պարոն Բաբայանը ներկայացրեց նաև, որ տիկնիկային թատրոն կոչվածն ունի բազմաթիվ ձևեր՝ դիմակների, մատների թատրոն, ձողիկավոր, ձեռնոցային տիկնիկների, խամաճիկների թատրոն և այլն: Եվ այդ բոլոր ձևերի մեջ իրենց թատրոնն ունի ներկայացումներ: Նա նաև հավելում է՝ տիկնիկային արվեստը գոյություն է ունեցել դեռ երեք հազար տարի առաջ՝ նախատեսված լինելով մեծահասակների համար: Եվ միայն վերջին 120 տարին է, որ ստեղծվել են տիկնիկային մանկական ներկայացումներ: Ուստի պատահական չէ, որ թատրոնում այսօր կան տիկնիկային ներկայացումներ նաև մեծահասակների համար՝ Գոգոլի «Ակակը», «Վհուկը», «Քիթը», Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը»,Գաբրիել Գարսի Մարկեսի «Թևավորը» և այլն: Զրուցակիցս պատմում է՝ իրենք չեն սահմանափակվում միայն տիկնիկային ներկայացումներով: Խաղացանկում կան նաև դրամատիկ ներկայացումներ՝ «Թռիչք քաղաքի վրայով», «Ձին», «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» և այլն: Բաբայանի խոսքով՝ 21-րդ դարի պահանջներից մեկը հնարավորինս բաց լինելն է, ուստի այն ինչ տաղանդավոր է, իրավունք ունի ապրելու Տիկնիկային թատրոնի բեմում: Դրանով է նաև պայմանավորված այն, որ Տիկնիկային թատրոնն այսօր կարծես դարձել է մշակութային կենտրոն, որտեղ կազմակերպվում են ցուցահանդեսներ, տարբեր ուղղվածության համերգներ, գրքերի շնորհանդեսներ և այլն: Զրուցակիցս նկատում է՝ օգտագործում են ոչ միայն թատրոնի մեծ ու փոքր բեմերը, այլև շենքի ողջ տարածքը, որովհետև թատրոնն ամեն դեպքում անպայման բեմը չէ, այլ՝ հանդիսատեսի հետ ստեղծվող հարաբերությունները: Իսկ հանդիսատեսից դժգոհել չի կարելի, որովհետև յուրաքանչյուր արվեստագետ իրավունք ունի դժգոհելու միայն ինքն իրենից: Երբ քո անհաջողությունների պատճառը փնտրում ես քո մեջ, ավելի հեշտ ես հաղթահարում խնդիրը:

Հարցին, թե ի՞նչ հիմնական սկզբունքներ կան 84-ամյա Տիկնիկային թատրոնում, որ պահպանվել են տարիների ընթացքում, պարոն Բաբայանը պատասխանում է. «Իմ դերասաններին միշտ ասում եմ՝ ծերանալու իրավունք չունեք: Ամենամեծ վտանգը հոգով ծերանալն է: Եթե սիրում ես սովորել, և չես բավարարվում ձեռք բերածովդ, շարունակում ես պահպանել երիտասարդությունդ: Սա մի սկզբունք: Երկրորդ՝ որքան էլ ցանկալի է, որ թատրոնը լինի ժամանակակից, այն պիտի կարողանա նաև պահպանել ժառանգականությունը: Մենք խաղացանկում ունենք 1975, 1976-ին բեմադրված ներկայացումներ, որ անգամ ծանոթ են մեր թատրոն հաճախող տատիկ-պապիկներին: Կարևորում եմնաև այն, որ թատրոնն ապրի ընտանիքի սկզբունքով: Լիակատար ընտանիքում կա տատիկ, պապիկ, ծնող և թոռ, և ամեն մեկը մյուսին լրացնելու, սիրելու կարևորագույն դերակատարումն ունի: Նոր տարվա ներկայացումներում բազում ուսանողներ են զբաղված, և մեր տարիքով դերասանները շատ լավ են նրանց ընդունում, օգնում են խորհուրդներով: Սա երկկողմանի ընթացք է, մեծահասակները փոխանցում են իրենց փորձը, երիտասարդներից՝ ստանում էներգիա»:

Հաջորդիվ անդրադարձանք Տիկնիկային թատրոնի առջև ծառացած հոգսերին, որոնք, ըստ զրուցակցիս, ոչ թե զուտ Տիկնիկային թատրոնի առանձնահատուկ խնդիրներն են, այլ ողջ թատերական աշխարհի: «Ցավոք մեր երկրում չկա համակարգված մշակութային քաղաքականություն: Այն օրենսդրական դաշտը, որի շրջանակներում գործում են թատրոնները, բացարձակապես չի նպաստում ազատ գործունեությանը: Այն նույնն է բոլորի համար. հաշվի չի առնվում մեր գործունեության ստեղծագործական բնույթն ու անկրկնելիությունը: Հեծանիվ պետք չէ հնարել. տարբեր երկրներում կան բազում մշակված օրենքներ, որոնց մեջ ամենակարևորը մեկենասության մասին օրենքներ են, որ նպաստում են արվեստի զարգացմանը: Մեկենասությունը միայն գումարը չէ, դա հասարակության վերաբերմունքն է մշակույթի հանդեպ: Թյուրըմբռնումը գալիս է նաև նրանից, որ մշակույթն ընկալվում է որպես ժամանց, բայց թատրոնը ժամանցի վայր չէ, այն մշակութային կրթության միջոց է, մարդուն ճանաչելու ամենակարճ ու ամենաարդյունավետ ճանապարհը: Նույնիսկ սեփական երեխայիդ ես ավելի լավ ճանաչում ներկայացումից հետո՝ ըստ նրա պատմածի ու զգացածի»:

Ռուբեն Բաբայանը պատմեց, որ այս պահին թատրոնի խաղացանկում կա մոտ 40 ներկայացում, որից 12-ը՝ մեծահասակաների համար: Այժմ պատրաստում են երկու նոր ներկայացում, մեկը «Չարաճճի ճուտիկը» երեխաների համար, մյուսն անգլիացի հեղինակի գործէ՝ նախատեսված մեծահասակների համար: Այն աուտիզմով տառապող երեխայի մասին է: Նպատակն է հասարակությանը հասկացնել՝ մարդիկ, որ մի քիչ ուրիշ են ընկալում աշխարհը, բնավ ուրիշ չեն: Ընթացքի մեջ կդրվեն ևս մի քանի ներկայացումներ՝ ոզնու մասին պատմող «Փշոտ վերարկուն», «Վիննի Փուհ արջուկի» երկրորդ մասը և այլն: Հունվարի 18-ին կլինի Շեքսպիրի ողբերգությունների ու սոնետների հիման վրա ստեղծված «The Best of Shakespeare» դրամատիկ ներկայացման առաջնախաղը:

Զրուցակիցս նաև տեղեկացրեց, որ իր ղեկավարման տարիներին թատրոնը մասնակցել է մոտ 90 միջազգային փառատոների աշխարհի տարբեր ծայրերում՝ շատ երկրներում հենց իրենց թատրոնի միջոցով առաջին անգամ ճանաչելի դարձնելով հայ մարդուն: Ու թեև կարևոր են նաև բերված մրցանակները, բայց ամենագլխավորն արվեստի ընձեռած հնարավորություններն են, երբ տեսնում ես այն ամենն, ինչ կատարվում է աշխարհում, և աշխարհն էլ քեզնից է սովորում: Պարոն Բաբայանը նաև ընդգծեց թատրոնում գործող Տիկնիկների թանգարանի դերը, քանի որ առաջին հարկի նախասրահում ցուցադրված նմուշները, որ և´ Տիկնիկային թատրոնինն են, և´ նվեր են աշխարհի տարբեր երկրներից, օգնում են տրամադրվել ներկայացմանը մինչ դրա սկսվելը:

2019-ը թատրոնի համար առանձնանում է նաև Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակով, ինչի առթիվ կկազմակերպվի ցուցահանդես՝ «Թումանյանը և թատրոնը» խորագրով, իսկ հունիսին կլինի նոր ներկայացում՝ հեղինակի մի քանի գործերի հիման վրա: Ըստ պարոն Բաբայանի՝ Թումանյանի անունը կրող թատրոն ղեկավարելն ամենօրյա պարտավորեցնող ընթացք է, որը ենթադրում է՝ մշտապես հավատարիմ մնալ Թումանյան արվեստագետի, քաղաքացու և մտավորականի էությանը:

Եվ որպես ամփոփում. «Թատրոն այցելողը կյանքից չի հիասթափվում, որովհետև հասկանում է՝ կյանքը շատ ավելի խորն է ու հետաքրքիր: Նա, ով փորձում է հաճույքներ գտնել միայն վայելքների մեջ, շատ շուտ հոգնում է կյանքից: Դրա համար թատրոն այցելելն ուղղակի անհրաժեշտություն է: Ես կոչ չեմ անում անպայման գալ մեր թատրոն, բայց այնպես արեք, որ թատրոնը ձեր կյանքում որոշակի դեր ստանձնի, և կհամոզվեք՝ կյանքը դարձել է առավել իմաստավորված»:

Արփի Խաչատրյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: