Հայերեն   English   Русский  

Յուրաքանչյուրը պետք է իր սխալների վրա սովորի. Հայկ Կոնջորյանը՝ իր թույլ տված «վրիպակի» մասին


  
դիտումներ: 833

Յուրաքանչյուրը պետք է իր սխալների վրա սովորի. Ես կարող էի ամենատարբեր ձևերով լղոզել ասածս, բայց ես ասում եմ, որ սխալներից պետք է սովորել:

Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից իր ելույթին, որտեղ Իրանն անվանել էր «բնույթով ավտորիտար» երկիր, հաղորդում է news.am-ը:

«Ես ամեն բան անելու եմ, որ թե միջազգային հարթակներում, թե տեղական հարթակներում նման վրիպակ չլինի: Ամեն դեպքում, կարծում եմ, որ դա ճակատագրական հետևանք չի ունենա: Դա կունենար ավելի բարդ հետևանքներ, եթե դա լիներ խմբակցության տեսակետը: Ես ուրախ եմ, որ պարոն Միրզոյանը անմիջապես շեշտեց դրա մասին»,-ընդգծեց Կոնջորյանը՝ հավելելով. «Ես երևի պետք է ասեի Իրանն ունի աշխարհի ստանդարտ ժողովրդավարությունից տարբերվող քաղաքական համակարգ: Իրանում էլ լինում են ընտրություններ, բայց Իրանը իսլամական պետություն է, հոգևոր առաջնորդի դերակատարումը շատ մեծ է, որը այլ ժողովրդավարություններում չկա»:

Հարցին, թե չի՞ կարծում, որ պետք է սովորել ոչ թե ԱԺ-ում, այլ դրա պատերից դուրս, Կոնջորյանը չհամաձայնեց՝ ասելով. «Մենք սովորում ենք միշտ եւ ամենուր, որտեղ էլ լինենք: Կարելի է երբեք չընդունել, որ որեւէ մեկը թույլ է տվել վրիպակ, եւ կարելի է ընդունել, որ վրիպակ եղել է եւ տասնապատիկ ջերեռանդությամբ աշխատել, որ վրիպակներ չլինեն»:

Նա ասաց, որ երբ հենց տեղում Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ դա խմբակցության տեսակետը չէ, ինքը միանգամից մտածել է, որ երեւի պետք է հանդես գալ հայտարարությամբ եւ ուրախ է, որ լրագրողները իրեն այդ հարցը տվեցին եւ հնարավորություն ստեղծվեց խոսելու թույլ տված վրիպակի մասին:

Շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով. Կոնջորյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: