Հայերեն   English   Русский  

Սուրբ Սարգիս.Այսօր Հայաստանում նշվում է սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը


  
դիտումներ: 12618

Սա շարժական տոն է և նշվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ը, Զատիկից 63 օր առաջ: Տոնի ակունքները հեթանոսական են:

Այն կապվում է գիտության հովանավոր Տիր աստծո անվան հետ: Տիրը միաժամանակ ցորենի, հացազգիների պահապան և հովանավոր աստվածությունն է եղել, ուստի այս տոնի կերակրատեսակները հիմնականում հացազգիներից են:

Հեթանոսական ժամանակներից է գալիս նաև գուշակություն անելը: Աղի բլիթ ուտելով` աղջիկները երազում տեսնում են իրենց ապագա ամուսիններին:

Սուրբ Սարգիս անունը հիշատակվում է Ներսես Շնորհալու «Հայսմավուրքում»: Սուրբ Սարգիսն ու Սուրբ Գևորգը հայերի ամենասիրած սրբերն են: Սուրբ Սարգսի մասին բազում ավանդույթներ, պատմություններ ու աղոթքներ կան: Նա քրիստոնյա հայ երիտասարդության ամենասիրելի սուրբն է:

361 թ. Հռոմեական կայսրության գահն անցնում է Հուլիանոս Ուրացողին, որ երես է թեքում քրիստոնեությունից և հալածանքներ սկսում քրիստոնյաների դեմ: Ավանդության համաձայն` Կապադովկիայում ծառայող Սարգիս զորավարը, խուսափելով կայսեր հալածանքներից, հաստատվում է Մեծ Հայքում: Ապա անցնում է Պարսկաստան և ծառայության մտնում Շապուհ Երկարակյացի մոտ: Սակայն հետագայում Շապուհն անվստահություն տածում Սարգիս զորավարի հանդեպ և նրան հրամայում է երկրպագել իր աստվածներին:

Ավանդությունը պատմում է, որ այդ ժամանակ Սարգիս զորավարն իր շղթաներով փշրում է տաճարի աստվածների քանդակները: Պարսիկները սպանում են նրա որդուն` Մարտիրոսին, իսկ զորավարին շղթայակապ բանտ են նետում և կտտանքների ենթարկում: Ի վերջո` Շապուհը հրամայում է քաղաքից դուրս տանել Սարգսին և գլխատել: Եվ երբ դահիճը կատարում է հրամանը, ձայն է լսվում, որ հրավիրում է Սարգսին երկինք:

Մի այլ գեղեցիկ ավանդազրույցի համաձայն` Սուրբ Սարգիսն իր քառասուն զինակիցների հետ հաղթական ճակատամարտից հետո խաղաղ քուն է մտնում կայսերական պալատում: Կայսրը, նախանձից դրդված, ուզում է սպանել նրան ու զինակիցներին և քառասուն գեղեցկադեմ աղջիկներ է ուղարկում քաջերի ննջարան` սպանելու համար: Աղջիկները կատարում են կայսեր պատվերը, բացի մեկից, որը, սիրահարվելով քնած առնական քաջին, համբուրելով արթնացնում է նրան: Իմանալով կատարվածը` Սարգիս զորավարը աղջկան դնում է ձիու գավակին և խորտակելով քաղաքի դարպասները` փախչում է դավաճան քաղաքից:

Բանահյուսության մեջ գրեթե միշտ նա պատկերված է սպիտակ ձիով: Եկեղեցու կողմից Սուրբ Սարգիսը սրբերի շարքն է դասվել V դարում:

Սուրբ Սարգսի տոնը սկսվում էր երկուշաբթի օրվա պասով: Եկեղեցին այն անվանում է Առաջավորաց պաս, իսկ ժողովուրդը` Խաշիլի պաս: Բանն այն է, որ այս պահքի ընթացքում արգելված է հայերի ամենասիրված կերակուրներից մեկը` խաշիլը:

Տոնին նախորդող գիշերը տանտիկինները մեծ տաշտի մեջ փոխինձ էին լցնում, հարթեցնում, վրան խաչաձև նշան գծում, և պահում տանը` հուսալով, որ Սուրբ Սարգիսը գիշերը կայցելի իրենց և իր ձիու պայտը կդրոշմի տաշտում լցրած փոխինձի վրա: Հաջորդ օրն այդ փոխինձով խաշիլ և անուշեղեն էին պատրաստում:

Տոնի ամենատարածված սովորությունը աղի բլիթն էր: Այն պատրաստում էին տոնի նախօրեին, մինչև ծոմը լուծելը: Երիտասարդներն ուտում էին աղի բլիթի կեսը, իսկ մյուս կեսը պահում բարձի տակ: Այն անձը, որը երազում ջուր կտար աղի բլիթ ուտողին, նրա ամուսինը կամ կինը կլիներ:

Գոյություն ուներ գուշակության այլ ձև ևս. առանց թթխմորի պատրաստած բաղարջի խմորի վրա շարում էին հարստություն խորհրդանշող իրեր կամ մրգեր և թխում: Առավոտյան բաղարջը կտրատում էին տան երեխաների թվին համապատասխան և բաժանում: Ում ինչ բաժին հասներ` նրան սպասվում էր նման ժառանգություն:

Երրորդ գուշակության ձևը կատարվում էր փոխինձի քաղցրեղենով. երիտասարդներն իրենց բաժին քաղցրեղենի մի մասը դնում էին կտուրին և սպասում, որ թռչունը գա, կտցահարի, և որ ուղղությամբ տաներ` այդտեղից էլ սպասվում էր նրանց բախտը:

Ներկա պատկերացումների համաձայն` Սուրբ Սարգիսը բարի կերպար է, որ միշտ պատրաստակամ իր ճերմակ նժույգով ճախրելով ամպերի մեջ` օգնության է հասնում նրանց, ովքեր ունեն իր կարիքը: Նա հիմնականում արդարության համար մարտնչող ռազմիկի կերպար է:

Սուրբ Սարգիսը նաև սիրահարների հովանավորն ու պաշտպանն է համարվում:

Նախկինում այս տոնը շատ մեծ շուքով և ուխտագնացություններով էր նշվում այն պարզ պատճառով, որ Սուրբ Սարգիսն իր բազմաբնույթ գործառույթներով առանձնանում է հայ սրբերի շարքում: Սուրբ Սարգիսն այժմ համարվում է սիրո բարեխոս կամ սիրահարների սուրբը միայն, մինչդեռ նախկինում նա եղել է ընտանիքի պաշտպան սուրբը (այս առումով նա նույնանում է Արա Գեղեցիկին և մեռնող ու հառնող աստվածներին): Ամուլ կանայք դիմել են նրա բարեխոսությանը, հղի կանայք հայցել են նրա օգնությունը՝ դյուրին ծննդաբերելու համար, ճամփորդները խնդրել են ապահովել իրենց անվտանգությունը, հատկապես փրկել քամիներից, կայծակներից և գայլերից, նույնիսկ խաղաղեցնել փոթորկոտ ծովը, հավատում էին, որ նա իր արագընթաց սպիտակ ձիով կհասնի ամենուր և կօգնի բոլորին: Սիրահար երիտասարդները, հավատալով նրա արդար դատաստանին, դիմել են նրա միջնորդությանը` բռնի ամուսնությունները խափանելու համար, կամ փախած ամուսնական զույգը նրա զորությամբ ցանկացել է մեղմացնել ծնողների զայրույթը: Տարբեր հիվանդությունների ժամանակ դիմել են սրբի օգնությանը: Պատերազմի ժամանակ նրա հովանավորությամբ գնացել են կռվի դաշտ և գերիների ազատման համար հավատացել նրա ամենազորությանը:

Պատմական Հայաստանի տարածքում Սուրբ Սարգսի անունով շատ սրբատեղիներ կան, եկեղեցիներ, մատուռներ, նույնիսկ լեռներ: Պատահական չէ, որ նրան անվանել են ցանկություններ կատարող սուրբ: Տոնի նախօրյակին պահք կամ ծոմ են պահել, ապա ուխտի գնացել սրբի ուխտավայր, մատաղ արել և տոնախմբություններ կազմակերպել:

Վերջապես, տոնի առիթով սովորություն է եղել շնորհավորել Սարգիս անունը կրողներին, իսկ սկեսուրները նվերներով և քաղցրեղեններով գնացել են հարսնացուների մոտ:

Աղիբլիթ

1 բ. ալյուր

1 ճ. գ. աղ

ջուր

Հունցել աղի խմոր, գրտնակել, կտրատել և վերածել 5 սմ շառավիղով թերթիկների և թխել փռի մեջ:

Փոխինձիգնդիկներ

1 բ. փոխինձ

1/2 բ. դոշաբ (կամ մուրաբայի հյութ)

50 գ կարագ

Փոխինձը և դոշաբը շաղախել, ավելացնել փափուկ կարագը և վերածել գնդիկների:

Բաղարջ

Առանց թթխմորի և աղի պատրաստել խմոր, բաժանել երկու մասի: Առաջին շերտի վրա դնել միրգ կամ դրամ կամ պանիր կամ կանաչի, ապա ծածկել երկրորդ շերտով և թխել:

Խաշիլ

1 բ. փոխինձ

1 ճ. գ. յուղ

1 բ. թան

աղ

Ջուրը եռացնել, ըստ ճաշակի աղ լցնել, այնուհետ կաթսան վերցնել կրակից: Խառնելով ավելացնել փոխինձը, որից հետո մարմանդ կրակի վրա եփել մինչև պնդանալը: Մատուցելիս խաշիլին ավելացնել յուղ և թան:

Խավիծ

Ջուրը եռացնել կաթսայի մեջ, ավելացնել աղ և դանդաղ խառնելով` փոխինձն աստիճանաբար լցնել ջրի մեջ այնքան, որ ստացվի թանձր զանգված: Վերջում ավելացնել յուղ, խոր պնակների մեջ մատուցել տաք վիճակում:

Կլոնդակ

Փոխինձը շաղել յուղով և դոշաբով, ձեռքով հարել, պատրաստել կլորակներ: Մատուցել սառը վիճակում:

Թթվասերովհալվա

1/2 բ. թթվասեր

1 բ. ալյուր

1/2 բ. շաքարավազ

դարչին

Սարի թարմ թթվասերը կամ կաթի սերով խառնած թթվասերը եփել, քիչ-քիչ ավելացնել ալյուրը: Երբ ալյուրն ու թթվասերը եռան, լցնել շաքարավազը, մի քիչ էլ եփել և լցնել ափսեի մեջ, հարթեցնել և կտրել: Շաղ տալ դարչին, ըստ ցանկության` մանրացված ընկույզ:

Հալվա

3 բ. ալյուր

1 բ. շաքարավազ

2 ճ.գ. յուղ

1/2 բ. տահին

1/2բ. գետնանուշ

1 թ.գ. դարչին

Ալյուրը թեթևակի բովել: Ավելացնել յուղը և տրորել: Անջատել կրակը և լցնել շաքարավազը: Ավելացնել տահինն ու դարչինը, շարունակել տրորել: Տափակացնել ափսեի մեջ, դանակով խորանարդների վերածել և զարդարել գետնանուշով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: